Ամեն դար ունի իր միջնադարը. խալիֆայություն՝ 21-րդ դարում
«Արաբական խալիֆայությունը շարիաթով ղեկավարվող միջնադարյան պետության օրինակ է, որտեղ ոչ մուսուլմաններն իրենց անձի ու գույքի ապահովության համար ստիպված էին հարկեր վճարել: Հետևաբար, այնքան էլ զարմանալի չէ այն հիացմունքն ու ոգևորվածությունը, որ ունեն սալաֆիականության և սրբազան պատերազմի՝ ջիհադի նվիրյալները, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց արմատներին»:
(Սալաֆիականությունը սուննի իսլամի ամենապահպանողական ուղղությունն է, որի ներկայացուցիչները հետևում են իրենց բարեպաշտ նախնիների օրինակելի վարքին՝ մերժելով ամեն տեսակի վտանգավոր նորարարություն, ինչը համարվում է անհավատություն և ենթակա է մահապատժի): Նշենք, որ խալիֆայությունը, որպես ինստիտուտ, վերացել է 1924 թ.-ին, երբ փլուզվեց Օսմանյան կայսրությունը, որն իսլամական աշխարհի կենտրոնն էր, իսկ օսմանյան սուլթանը՝ համայն մուսուլմանների խալիֆան: Օսմանյան կայսրության փլուզումից և Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո իրադրությունը փոխվեց: Եվրոպական պետությունները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, իրենց տիրապետությունը հաստատեցին տարածաշրջանում՝ այն մասնատելով և նոր քարտեզներ ձևավորելով: Արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում սկիզբ առած ազգային շարժումների արդյունքում 1940-70-ականներին ստեղծվեցին անկախ պետություններ, այդ թվում՝ ազգ-պետություններ, որոնք իրենց զարգացման հիմքում դրեցին ոչ այնքան կրոնական, որքան՝ աշխարհիկ գաղափարներ»,- արաբագետ Արաքս Փաշայանն այսպես արձագանքեց Մերձավոր Արևելքում նոր Իսլամական պետության հռչակմանը:
Հիշենք, որ արդեն իրաքյան օկուպացիայից հետո գործող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը (որը վերջերս վերանվանվեց Իսլամական պետության) կարողացել է օկուպացնել Սիրիայի Ռաքքա նահանգը, Իդլիբի, Հալեպի մի շարք շրջաններ (ներառյալ՝ ամենախոշոր նավթագազային հանքավայրերը): Գրավված են նաև Իրաքի մի շարք նահանգներ (Ալ-Անբար, Նինավա, Քիրքուք, Սալահ ադ-Դինի մեծ մասը, և այլն) և վերահսկողություն է հաստատված Մոսուլի շրջակա նավթի ու գազի խոշորագույն հանքավայրերի վրա: Իսլամական պետությունը 2014թ. հունիսի 9-ին հռչակել է «խալիֆայության» ստեղծման մասին: Հետաքրքիր է, որ նրանց հրապարակված քարտեզում նաև Հայաստանի Հանրապետությունն է: Արաբագետի կարծիքով ՝ դա պատահական չէ: Նրանք ցանկանում են վերականգնել արաբաիսլամական միջնադարյան պետության՝ խալիֆայության փառքն ու սահմանները, իսկ Հայաստանը Խալիֆայության Արմինիա կուսակալության մի մասն էր, որի մեջ ընդգրկված էին նաև Վիրքն ու Աղվանքը»:
– Հռչակված «խալիֆայությունը», որպես իր առաջնային նպատակ, ծրագրել է առաջիկայում իշխանություն հաստատել Սիրիայի և Իրաքի ողջ տարածքում, ապա Թուրքիայում և Ադրբեջանում: Ավելի ուշ նախատեսվում է իր կազմում ներառել նաև իսլամական այլ երկրներ: Որքանո՞վ է այս սցենարը հավանական:
– Այս նոր պետության հռչակումն ուղղակի հակասության մեջ է միջազգային ներկա իրավունքի հետ, քանի որ խոսքը վերազգային բնույթ ունեցող աստվածապետության մասին է, որը ստեղծվում է ինքնիշխան պետությունների նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի կիրառմամբ: Չնայած Իրաքում նախկին իշխանական «Բաաս»-ական սուննիները, ովքեր դժգոհ են երկրում շիաների քաղաքական գերակայությունից և Իրաքում Իրանի ազդեցությունից, գրկաբաց ընդունեցին Իսլամական պետության զինյալներին: Մարտնչող իսլամիզմի գաղափարներով տոգորվածների համար խալիֆայության վերականգնումն ինքնին երազ է: Բայց դա, միևնույն ժամանակ, լուրջ նահանջ է արդիականությունից: Սալաֆիական ջիհադականները ցանկանում են վերարտադրել այն պետությունը, որը ստեղծվեց նվաճողական արշավանքների (ղազավաթ) և իսլամականացման արդյունքում, և որի հիմքերը դրել էր իսլամի մարգարեն՝ Մուհամմեդը՝ 7-րդ դարում: Բնականաբար, «խալիֆայությունը» չէր ստեղծվի, եթե դրան չաջակցեին, չֆինանսավորեին, չզինեին թե՛ տարածաշրջանային տարբեր ուժային կենտրոններ, թե՛ տարածաշրջանից դուրս գտնվող գերտերություններ: Պետք է փորձել հասկանալ, թե ովքեր են հետաքրքրված արաբական աշխարհի ազգային անվտանգության համակարգի թուլացմամբ ու մասնատմամբ: Դրանք կարող են լինել Իսրայելը, Թուրքիան, Իրանը, և այլն: «Խալիֆայության» ստեղծումը նաև իսլամական աշխարհում առկա հակասությունների արդյունք է, սուննիական և շիայական աշխարհաքաղաքական ուժերի միջև գոյություն ունեցող մրցակցության և անտագոնիզմի հերթական դրսևորում: Թե որքան առաջ կգնա ջիհադական այս շարժումը, մեծ իմաստով՝ կախված է արտաքին դերակատարների քաղաքական որոշումից, բայց թե՛ «խալիֆայությունը», թե՛ «խալիֆան»՝ Աբու Բաքր Ալ-Բաղդադին, հռչակված են, ինչը լուրջ ու վտանգավոր նախադեպ է:
– Ամերիկյան WorldNetDaily լրատվական ծառայության տվյալներով՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները զինվորական պատրաստվածություն են անցել ԱՄՆ-ի գաղտնի ռազմաբազաներից մեկում:
– Շարունակեմ. նոր «խալիֆան» մի քանի տարի ազատազրկման մեջ է եղել ամերիկյան բանտում, որտեղ, չի բացառվում, հավաքագրվել է: Ամեն պարագայում, Մերձավոր Արևելքում ստեղծված քաղաքական նոր իրավիճակը հասկանալու համար պետք է հետ գնալ դեպի տասնամյակներ, հասկանալ տարածաշրջանում ԱՄՆ-ի ծրագրերը, Մեծ Մերձավոր Արևելք ստեղծելու ամերիկյան ռազմավարությունը, որը մշակվեց արդեն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, հասկանալ Սառը պատերազմի իրողությունները: Հիշենք աֆղանական պատերազմը (1979-1988թթ.), երբ հակամարտության մեջ էին ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը՝ իրենց դաշնակիցներով: Հենց այստեղ էր, որ ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ի դեմ ներդրեց արաբական իսլամական տարբեր երկրներից հավաքագրված մոջահիդներին, որոնք ուղարկվում էին ջիհադի: Աֆղանական պատերազմից հետո ջիհադական ռեսուրսը մասնատվեց տարբեր խմբավորումների, որոնք մասնակցեցին հետագայի ռազմական տարբեր գործողությունների, այդ թվում՝ Բալկաններում, Կենտրոնական Ասիայում, Լեռնային Ղարաբաղում, Հյուսիսային Կովկասում և այլուր: Սալաֆիական-վահաբական գաղափարներով թրծված մարտնչող իսլամիստների ռեսուրսն այլևս ստեղծված էր: Հենց դրա հենքի վրա ձևավորվեց «Ալ-Կաիդան», որն, ըստ ամենայնի, երբեք դուրս չի եկել ամերիկյան հատուկ ծառայությունների վերահսկողությունից: Այդ ռեսուրսը նորացվելով՝ լավագույնս օգտագործվեց արդեն 2003 թվականից հետո, երբ ԱՄՆ-ը օկուպացրեց Իրաքը: Հետագայում, «արաբական գարնանը» հաջորդած փուլերում իսլամիստական ջիհադական ներուժը ներդրվեց այնտեղ, որտեղ պետք էր: Այնպես որ, առանց հզոր հովանավորների՝ «Իսլամական պետությունը» գործող ուժ չէր դառնա:
– ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն իր մտահոգությունն էր հայտնել, թե իսլամական քողի ներքո այսպիսով կարող է ստեղծվել պատմության մեջ առաջին ահաբեկչական պետությունը: Եթե այս մտավախությունը հաստատվի, ապա հարվածի տակ կհայտնվեն Մերձավոր Արևելքի քրիստոնյաները, այդ թվում՝ հայկական համայնքները:
– Նրանք աչքի են ընկել կոշտ դաժանությամբ, մասնավորապես՝ «անհավատների», այդ թվում՝ ոչ սալաֆիական-վահաբական կողմնորոշմամբ մուսուլմանների, նաև՝ շիաների, քրիստոնյաների նկատմամբ բռնություններով, և այլն: Դա նրանց արտոնում է իրենց իսկ դավանած գաղափարախոսությունը: Ամեն պարագայում, «խալիֆայության» ստեղծմամբ ի հայտ եկան իսլամական ազգի՝ Ումմայի վերակառուցման նոր ծրագրեր՝ անկախ այն հանգամանքից՝ դա ինչ ճանապարհով է իրականացվում: Իսկ քրիստոնյաները, որոնք ապրում են կամ ստիպված կլինեն ապրել նորաստեղծ «խալիֆայության» շրջանակներում, պետք է վճարեն շարիաթով ամրագրված հարկերը (մասնավորապես՝ ջիզյա), կանայք պետք է ծածկեն գլուխը, փակ հագուստներ հագնեն, և այլն: Այդ դեպքում նրանց ոչ մի վտանգ չի սպառնա, նրանք կարող են աշխատել, զբաղվել գործարարությամբ, և այլն, իսկ հակառակ դեպքում նրանք կարող են սպանվել: Մերձավոր Արևելքի քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի համար, տևական ժամանակ է՝ նոր մարտահրավերներ են ստեղծվել:
– Ասացիք, որ քրիստոնյաների անվտանգությունը, ստացվում է, երաշխավորված է: Սակայն, երբ համադրում ենք սոցցանցում հայտնված սոսկալի կադրերը, երբ հարյուրավոր զինյալների գնդակահարում են կամ գլխատում «Իսլամական պետության» զինյալները, արդեն այդ պետության հանդեպ հիմնավորված անվստահություն է առաջանում:
– «Արաբական գարնանը» հաջորդած զարգացումները և, մասնավորապես, սիրիական ճգնաժամն աչքի ընկան սոսկալի ու անմարդկային դաժանություններով ու բռնություններով, որի հետևում միայն «Իսլամական պետությունը» չէր, այլ մոլեկրոն ու ծայրահեղական անդրազգային սալաֆիական-վահաբական բազմաթիվ ռազմաքաղաքական խմբավորումներ (բացառություն է «Սիրիայի ազատ բանակը»), որոնց Ալ-Ասադի հակառակորդներն ուղարկել էին կռվելու վարչակարգի դեմ, իսկ հետո նրանք սկսեցին մարտնչել միմյանց հետ ամենադաժան ձևերով:
– «Իսլամական պետության» առաջնորդները հայտարարել են, որ չեն հավակնում ՄԱԿ-ի կողմից ճանաչվելուն, ըստ հրապարակված տվյալների՝ նորաստեղծ պետությունն ունի 15 000 բնակչություն (այս թիվն, ի դեպ, արագ աճում է), բյուջեում՝ 2 միլիարդ դոլար:
– Նրանք ունեն արտաքին ֆինանսավորման լայն աղբյուրներ, արդեն ձևավորել են իրենց կառույցները, ունեն սպառազինություններ, այսինքն՝ արտաքին ծավալումների համար անհրաժեշտ ռեսուրսներ: Այսօր շատ դժվար է վերահսկողության տակ պահել տարածքներ իրենց բնակչությամբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանց ֆինանսավորման աղբյուրներից մեկը Քաթարն է: Բնականաբար, կան սաուդական, իրանական, թուրքական և այլևայլ հովանավորություններ ու դրամաշնորհներ ունեցող ուժեր: Փաստորեն, միջազգային հարաբերություններում ստեղծվել է մի նոր վիճակ, երբ միմյանց հետ հակամարտում են ոչ թե պետությունները, այլ ռազմաքաղաքական ուժերը, որոնք, ի վերջո, ծառայում են պետությունների շահերին:
– Իրավիճակին սրություն են հաղորդում նաև Իրաքի հյուսիսում ապրող քրդերը, որոնք հայտնել են անկախանալու և Քուրդիստան ստեղծելու մասին:
– Ներկա զարգացումների համատեքստում առանձնանում է ևս մեկ խաղացող՝ իրաքյան Քրդստանի ինքնավարությունը: «Իսլամական պետության» կողմից Մոսուլի և հարակից շրջանների գրավումից հետո ինքնավարության ղեկավարությունը՝ ի դեմս Բարզանիի, պարբերաբար հայտարարել են, որ Իրաքի իշխանությունները չեն արդարացնում իրենց սպասելիքները, մասնավորապես՝ անվտանգության հարցերում, և իրենք պատրաստ են հռչակել անկախություն: ԱՄՆ-ը լուրջ չի ընդունել այդ հայտարարությունները և կողմ է արտահայտվել Իրաքի միասնականությանը, սակայն անկախ Քուրդիստանը մի օր, ի վերջո, հռչակվելու է: «Խալիֆայության» ստեղծումը նորից օրակարգ է բերել Իրաքի, հընթացս՝ Սիրիայի մասնատման վաղուց ի վեր գոյություն ունեցող ծրագրերը, ինչը լուրջ մարտահրավեր է Մերձավոր Արևելքի ինքնիշխան այլ պետությունների համար ևս: Նեոգաղութատիրությունը պետք է փորձի նորից ու նորից մասնատել Մերձավոր Արևելքի ներկա քարտեզը: Մասնավորապես, անկախ Քրդստանի ստեղծումն առաջին հերթին՝ ձեռնտու է Իսրայելին, որի համար քրդերը լուրջ դաշնակից են արաբական աշխարհի հետ առճակատման համատեքստում:
– Նորաստեղծ «խալիֆայությունն» արդեն հակասությունների մեջ է տարածաշրջանի այլ իսլամական պետությունների հետ: «Իսլամական պետությունն» արդեն հասցրել է հայտարարել, թե Թուրքիայի վարած քաղաքականությունն իր շահերին չի համընկնում: Օրեր առաջ Իրանի բանակը հարվածներ է հասցրել նորաստեղծ պետության զինյալների ուղղությամբ: Սաուդյան Արաբիան նույնպես քննադատել է ստեղծված իրավիճակը:
– Իսլամական աշխարհը բազմաբևեռ է, իսլամական ինստիտուտները, կրոնական հեղինակությունները տարբեր են: Հնարավոր չէ խոսել, պայմանավորվել մի կենտրոնի հետ: Իսլամական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները բախվում են տարբեր, այդ թվում՝ իսլամական պետությունների հետաքրքրություններին, որոնք, միևնույն ժամանակ, փորձում են գտնել իրենց համար շահեկան եզրեր: Թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի և թե՛ Իսրայելի համար այս գործընթացները թե՛ վնասակար են, թե՛ շահեկան: Ի վերջո, արաբական աշխարհի անվտանգության համակարգի խարխլումը ձեռնտու է նրանց համար, քանի որ ասպարեզից դուրս կգա խոշոր ուժային կենտրոն: Կան նաև Ծոցի արաբական սուննիական միապետությունները, որոնք գործուն դեր ունեցան ջիհադական շարժումներին նոր ընթացք տալու համար: Նրանք ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցներն են, որոնք, բնական ռեսուրսների շնորհիվ ունենալով վիթխարածավալ ֆինանսական միջոցներ, իրենց հերթին ամեն ինչ անում են՝ պահպանելու սեփական իշխանությունը և հակազդելու տարածաշրջանում շիայական Իրանի հարաճուն ազդեցությանը:
– Իսլամական պետությունը կարո՞ղ է երկար կյանք ունենալ, զարգանալ…
– Ամեն ինչ կախված է մեծ պետությունների քաղաքական որոշումներից: Եվրամիության հանգուցային երկրները, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, նույնպես պետք է մտահոգված լինեն ջիհադական շարժումների ընդլայնումից, որը երկու սայր ունի և ուղղված է նաև իրենց դեմ. իրենց մուսուլման քաղաքացիներից շատերն այսօր ներգրավված են ջիհադական շարժումների մեջ: Եթե հաշվի առնենք Եվրոպայում իսլամական դեմոգրաֆիայի և իսլամական ինստիտուտների հարաճուն չափերը, ապա պարզ կդառնան մարտնչող իսլամիզմից եկող ռիսկերը: Ամեն դեպքում, դեռ երկար ժամանակ լարվածությունն ու անկայունությունը Մերձավոր Արևելքում կշարունակվեն՝ թույլ չտալով տարածաշրջանին զարգանալ: Արտաքին ուժերին, ըստ ամենայնի, գոհացնում է այն, որ «մարտնչող իսլամը» հետ է տանում արաբական իսլամական աշխարհը դեպի միջնադար:
– Վրաստանն արագ արձագանքեց այս նորաստեղծ խալիֆայության ստեղծմանը՝ նկատելով, թե իրենք որդեգրել են զարգացման եվրոպական ուղին, և այս նորաստեղծ պետությունն առայժմ Վրաստանի համար սպառնալիք չէ: Պաշտոնական Երևանը վարվեց այնպես, ինչպես միշտ՝ լռեց: Այն դեպքում, երբ Մերձավոր Արևելքում կամ իսլամական աշխարհում տեղի են ունենում լուրջ խմորումներ:
– Դարեր շարունակ Հայաստանն ապրել է իսլամական աշխարհի հետ սերտ համագործակցությամբ: Առհասարակ, այն, ինչ տարածաշրջանում տեղի է ունենում, պետք է ընդունենք օրինաչափության շրջանակներում: Շատ գիտնականներ պնդում են, որ մեր պատմագիտությունը սխալ մոտեցումներ ունի. մենք չպետք է Հայաստանն օտարենք Մերձավոր Արևելքից: Մենք այդ խճանկարի մի բաղադրիչն ենք: Մենք Մերձավոր Արևելքում ունենք համայնքներ, որոնք պետք է փորձեն համագործակցել տարբեր ուժային կենտրոնների հետ՝ գոյատևելու համար: Մենք պետք է փորձենք հնարավորինս հասկանալ տեղի ունեցող գործընթացների տրամաբանությունը և անհրաժեշտության դեպքում կարողանանք համարժեքորեն արձագանքել: