
Թուրքիայի հյուրանոցները ՌԴ-ից զբոսաշրջիկների թվի նվազման պատճառով իջեցրել են գները

Թուրքիայի հյուրանոցները տարեսկզբին գները 20-25%-ով բարձրացնելուց հետո այժմ իջեցնում են ռուսաստանցի զբոսաշրջիկների պահանջարկի նվազման պատճառով։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերական միության մամուլի ծառայությունից։
«Մեր գնահատականներով, տարեսկզբին Թուրքիայում հյուրանոցատերերը բարձրացրել էին գները 20-25%-ով, իսկ այժմ առաջիկա ամսվա համար իջեցրել են` հասցնելով անցյալ տարվա մակարդակին»,- հայտնել է միությունը՝ հղում անելով Ռուսաստանի զբոսաշրջային արդյունաբերական միության տուրիզմի գծով ղեկավար Սերգեյ Ագաֆոնովին։
Վերջինս նշել է, որ Թուրքիան կայուն պահանջարկ է վայելում, սակայն զբոսաշրջիկները շատ զգայուն են տեղական հանգստավայրերի գնային քաղաքականության նկատմամբ։
«Երբ Թուրքիայի հյուրանոցատերերը բարձրացրին գները, մենք նկատեցինք, որ մեր զբոսաշրջիկների թիվը նվազում է. նրանք այլ երկրներ են ընտրում։ Թուրքական հյուրանոցները հասկացան իրենց սխալը և թեժ սեզոնից առաջ իջեցրին գները, անգամ տրամադրում են տարբեր զեղչեր։ Այժմ նաև բազմաթիվ փոխադրումներ կան դեպի Թուրքիայի տարբեր հանգստավայրեր, տարբեր ափեր։ Օգոստոսի համար պահանջարկը լավն է»,- պարզաբանել է Ագաֆոնովը։