Էրդողանը Բան Կի Մունի հետ քննարկել է Գազայի հատվածի հարցը
Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ, որի ժամանակ քննարկել է Գազայի հատվածի հարցը:
Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը պահանջել է ձեռնարկել միջազգային նախաձեռնություններ, որպեսզի վերջ տրվեն Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի հարձակումներին:
Էրդողանն անհրաժեշտ է համարել, որ կողմերը վերադարձ կատարեն 2012 թվականի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի պայմաններին: Էրդողանի խոսքերով` Իսրայելի կառավարությունը պետք է հասկանա, որ իր ազգային անվտանգությունը հնարավոր է միայն արդար ու համապարփակ խաղաղության պայմաններում:
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կտրականապես դատապարտում է Գազայի հատվածի դեմ վրդովմունք առաջացնող Իսրայելի գործողությունները, որոնց հետևանքով ցայժմ զոհվել է մոտ 100 անմեղ պաղեստինցի, իսկ հարյուրավորներն էլ վիրավորվել են: