Ալեքսանդր Իսկանդարյան. Վրաց-աբխազական երկաթուղու բացման համար որևէ հեռանկար չկա

Այսօրվա դրությամբ չկա որևէ հեռանկար, որ վրաց-աբխազական երկաթուղին կարող է բացվել: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Անդրադառնալով Աբխազիայի չճանաչված հանրապետությունում մայիսի վերջին տեղի ունեցած իշխանափոխությանը և հեղափոխական գործընթացներին` քաղաքագետն ասաց, որ դրանք կապ չունեն ուկրաինական ճգնաժամի հետ: Սակայն ուկրաինական ճգնաժամը, ըստ նրա, վերջ է դրել հետխորհրդային դարաշրջանին, և սկսվել է նոր շրջան:

«Ռուսաստանը ժամանակին կարող էր աջակցել Մերձդնեստրի անջատմանը Մոլդովայից, աջակցել այն զարգացումներին, որոնք տեղի էին ունենում Աբխազիայում և Հարավային Օսիայում, ճնշել ապստամբությունը Չեչնիայում, իրեն այսպես կամ այնպես դրսևորել ղարաբաղյան հակամարտությունում, բայց հետխորհրդային սահմանները նրա համար սրբություն էին: Դա փոխվեց 2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Աբխազիան և Հարավային Օսիան, և երկրորդ վերջնական զանգը հնչեց այն ժամանակ, երբ Ռուսաստանն իր կազմի մեջ ընդգրկեց Ղրիմը:

Ռուսաստանի քաղաքականություն դարձել է ռեվիզիոնիստական: Նա այժմ ասում է, որ այդ սահմաններն այլևս ինձ համար սրբություն չեն, և եթե ինչ-որ հանգամանքներ ի հայտ գան, ինքը կարող եմ խախտել այդ իրականությունը: Իսկ այդպիսի հանգամանքներ հետխորհրդային տարածքում բազմաթիվ են»,- ասաց Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է Աբխազիային, քաղաքագետը նշեց, որ չնայած այնտեղ տեղի ունեցածի մասին Հայաստանում շատ քիչ են գրում, բայց այդ իրադարձությունները չափազանց հետաքրքիր են և ունեն «ներքին տրամաբանություն».

Կարդացեք նաև

«Աբխազները բավական փոքրաթիվ ժողովուրդ են և շատ համախմբված, այդ պատճառով էլ այնտեղ գործում են ուղղակի ժողովրդավարության տարրերը: Ուղղակի ժողովրդավարություննն այն է, երբ մարդիկ հավաքների միջոցով իրական ազդեցություն են ունենում քաղաքական իրավիճակի վրա: Սրա նման մի բան Հայաստանում եղել է մինչև 2008 թ. մարտի մեկը` 2007 թ. սեպտեմբերի և 2008 թ. մարտի միջև ընկած ժամանակահատվածում, երբ փողոցն ուղղակիորեն ազդում էր քաղաքականության վրա»:

Հիշեցնենք, որ 2014թ. ապրիլի վերջից Աբխազիայում սկսվել էին բողոքի մասսայական ակցիաներ` երկրի նախագահ Ալեքսանդր Անկվաբի հրաժարականի պահանջով: Անկվաբի իշխանությունն ի վերջո տապալվեց այն ուժերի կողմից, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ ավելի սերտ կապերի հաստատման օգտին:

Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ` Անկվաբի դեմ բողոքի ալիքի բարձրացման գլխավոր պատճառն այն էր, որ Անկվաբը պատրաստվում էր գալիք ընտրություններին ընդառաջ վրացական անձնագրեր է բաժանել Աբխազիայի տարածքում բնակվող վրացիներին, և քանի որ աբխազական ինքնության կարևորագույն տարրերից մեկը հակավրացականությունն է, դա մեծ դժգոհություն առաջացրեց ժողովրդի շրջանում:
«Դա ընկալվեց որպես մեծ վտանգ, քանի որ վրացիների թիվն Աբխազիայում 35-50 հազար է, իսկ աբխազների թիվը տարբեր տվյալներով 70 հազար է: Սրանից առաջացան այդ դժգոհությունները»,- նշեց Ա. Իսկանդարյանը:

Տեսանյութեր

Լրահոս