
Հյուրասենյակի դռան հետևը գրել եմ՝ ժամը 10։41, այդ ժամանակ է Արմենը դուրս եկել տանից. նույնիսկ ասել եմ, մի «սնարյադ» գցեն որդուս շիրիմին, միայն թե թշնամու ձեռքին չհայտնվի. Էլիզա Բաղդասարյան

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված Արմեն Սարմենի Բաղդասարյանի հիշատակի օրն է. 5 տարի առաջ այս օրն Արմենը հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ նահատակվեց՝ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղի մոտակայքում։
21-ամյա Արմենը պատերազմի հենց առաջին օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, կամավորագրվել ու մեկնել է դիրքեր. այլ կերպ չէր կարող, քանի որ ընտանիքը զինվորական էր, հայրն էլ 90-ականներին էր կռվել, մանկուց տանը տեսել էր, թե ինչպես պետք է տղամարդը պաշտպանի իր հայրենիքը։
Արմենի մայրը՝ Էլիզա Բաղդասարյանը, պատմում է, որ որդին ուսանող էր Շուշիի համալսարանում՝ ավարտել էր մենեջմենթի բաժինը, սովորում էր սննդարդյունաբերության 2-րդ կուրսում։
«Մենք Կիչան համայնքի Նոր Կիլիկիա թաղամասում էինք բնակվում, երբ սեպտեմբերի 27-ին առաջին «սնարյադը» հարվածեց, դուրս եկանք տնից, ամբողջ գյուղը ծխի մեջ էր, մեր գյուղը անտառի մեջ է։ Հենց առաջին հարվածից հետո Արմենս զանգահարել է ինձ Շուշիից, այնպիսի օր էր, որ երբեք չեմ մոռանա։ Արմենս ասաց. «Մամ, գիտեմ, դու ուժեղ կինս ես, պատերազմ է սկսվել, շորերս պատրաստի, գալիս եմ, հագնվեմ ու գնամ դիրքեր»։ Այդպես որ ասաց, ես արդեն գիտեի, որ իրեն հետ չեմ կարող պահել, ասել է՝ պիտի գնա։
Ամբողջ Արցախը ռմբակոծվում էր, մարդիկ տարբեր ճանապարհներով փորձում էին անվտանգ տեղ գտնել, Արմենս, չգիտեմ՝ ինչ ճանապարհներով, ափալ-թափալ հասել է մեր գյուղ։ Տուն մտավ ու սկսեց հագնել իր զինվորական համազգեստը, որն իր ժամկետային ծառայությունից հետո պահում էի, իրեն շատ էր սազում, դրա հետ պահում էի նաև իր մեդալները, 3 մեդալ էր ստացել լավ ծառայության համար։ Համազգեստը հագավ, իրեն նայեց ու ասաց՝ «շոկոլադնի» է, այսինքն՝ լավ է։ Շատ ոգևորված էր, նույնիսկ չէր էլ լսում մեզ, համազգեստը հագնելուց հետո մենք սկսեցինք ծիծաղել, ասացինք՝ «Արմեն ջան, մեր փողոցի «Տիկուշ պապիկը» դարձար, որ ամեն տարի հաղթանակի օրն իր համազգեստը հագնում էր, մեդալներն էլ՝ կախում»։
Մենք որ ծիծաղեցինք, Արմենը համազգեստը հանեց, ուրիշ շոր հագավ ու գնաց… վերջին անգամ Արմենիս այս ժամանակ եմ տեսել ու մեր հյուրասենյակի դռան հետևը գրել եմ՝ ժամը 10։41, հենց այդ ժամանակ է Արմենը դուրս եկել տանից։ Երևի պետք է չգրեի այդպես…»,- 168.am-ի հետ ասաց Էլիզա Բաղդասարյանը։
Արմենն ընտանիքի անդամներին՝ ծնողներին, երկու եղբորը և քրոջը, զանգահարել է հոկտեմբերի 6-ին, ոգևորված ասել է, որ ամեն ինչ շատ լավ է, չմտածեն։ Երկրորդ անգամ զանգահարել է հոկտեմբերի 11-ին, ու սա եղել է նրա վերջին զանգը։
«Հոկտեմբերի 11-ի առավոտյան Արմենս որ զանգահարեց եղբորը՝ Արամազդին, տրամադրություն չուներ, շատ հուզված էր, հազիվ էր խոսում։ Ասում էր՝ այնպես արա, որ մաման ու Կարինկան՝ քույրը, չիմանան՝ ինչ վիճակ է դիրքերում։ Ասում էր, որ շուրջբոլորը դիեր են, հրետակոծում է թշնամին, չեն կարողանում նույնիսկ դիերը հավաքեն, դիերի կույտ է, այնքան «սնարյադներ» են թափել, որ չգիտեն՝ որ կողմ գնան։
Հետո, երբ ինձ հետ խոսեց, իրեն հանգիստ էր պահում, ասում էր՝ շատ չմտածեք, լավ է լինելու։ Հետո հարցրեց՝ ի՞նչ եմ անելու, ասացի՝ պիտի Էջմիածին գնամ ու իր համար մոմ վառեմ։ Արմենս աստվածավախ էր, մեծ հավատք ուներ, երբեմն մենք ծիծաղում էինք, ասում էինք՝ «Արմեն ջան, կարո՞ղ է քահանա դառնաս»…
Հետո նույն օրը Արմենը զանգահարեց նաև երեկոյան 18։00-ի կողմերը, թե՝ «մամ ջան, աղոթքդ տեղ է հասել, սկսել եմ «մատս շարժել», 4-րդ երկաթս են տվել, կհասնենք Կադայենց տուն և ուտուշ-խմուշ կանենք։ Մամ, պանիկա չանես, չանհանգստանաս, հեռախոսս անջատում եմ, երբ հարմար լինի, ես կզանգահարեմ»։
Իր սիրած բառը «շակալն» էր, թշնամուն էր ասում, ասում էր, որ այս «շակալները» շատ են, դե, մի քիչ այլաբանորեն էր խոսում հեռախոսով, բայց մենք հասկանում էինք։
Հիմա Արմենիս ասած այդ ամեն մի բառը, շարժումը մտքիցս դուրս չի գալիս, ամեն վայրկյան գլխիս մեջ է։
Արմենս 48 վայրկյանում «սնարյադով» կարողանում է 3 տեխնիկա ոչնչացնել»,- նշեց Էլիզա Բաղդասարյանը։
Տիկին Էլիզայի խոսքով՝ հոկտեմբերի 13-ին դիրքերում գտնվող ամուսնու հեռախոսահամարից զանգ է ստացել, հեռախոսը միացնելուց հետո ամուսնու ձայնն է լսել՝ «խոխաս, խոխաս»։ Սկզբում մտածել է՝ ամուսինը գերի է ընկել, հեռախոսը հայտնվել է թշնամու մոտ, հետո ամուսինը խոսել է, տեղեկացրել, որ Արմենը վիրավորվել է՝ հիվանդանոցում է։
«Հոկտեմբերի 8-ից սիրտս մի տեսակ լացում էր, թեպետ Արմենս զանգահարել էր, բայց իմ սիրտը լավ չէր։
Հենց ամուսինս ասաց, որ իրեն ուղարկում են Ստեփանակերտ, ասել են, որ Արմենը վիրավոր է, սիրտս վատ բան զգաց։ Ամուսնուս հանել էին առաջնագծից, որ որդուս դին կարողանան ռմբակոծությունների տակից հանեն։ Արմենս զոհվել է ժամը 18։00-ի կողմերը, բայց դին հանել են լուսադեմին։
Ես ասում էի, որ եթե որդիս զոհվել է, մարմինը ցանկացած գնով հանեք, հանկարծ չթողնենք թշնամուն»,- շեշտեց մեր զրուցակիցը։
2023 թվականի Արցախի հայաթափումից հետո Արմենի շիրիմը մնացել է օկուպացված Արցախում՝ Վանք գյուղում, ընտանիքն է որոշել, որ որդուն այնտեղ պետք է հուղարկավորի։
«Արմենն իր պապիկի անունն էր կրում, ով Վանք գյուղից էր, զոհվելուց հետո, մենք ասացինք՝ թող իր պապիկի կողքին լինի։ Ամուսինս Գանձասարից է, ասացի՝ թող իր պատմությունը չաղավաղվի, իր պապերի գյուղում մնա։
2023 թվականի սեպտեմբերի 27-ին ենք Արցախից դուրս եկել, մինչ այդ՝ Սամվել Շահրամանյանին ասացի, որ ուզում եմ տղայիս շիրիմը հանեմ, ասաց, եթե 2020 թվականին է զոհվել, չենք կարող, վիրավորների հետ հանում են նոր զոհերին։ Ես այդ մարդուն հասկանում եմ, հազարավոր զոհ ունեինք հուղարկավորված, ո՞ր մեկին հանեինք։
Ես նույնիսկ ասել եմ՝ մի «սնարյադ» գցեն որդուս շիրիմին, միայն թե թշնամու ձեռքին չհայտնվի, այդքան ճարահատյալ էի տեղահանության ժամանակ։ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ասաց՝ մի՛ ասեք նման բան, ոչ ոք շիրիմին չի կպնի։
Հիմա այդքան էլ վստահ չեմ, որ շուտ կգնանք Արցախ, հատկապես, որ նման ղեկավար կա Հայաստանում։ Եթե ճանապարհը բացվի, անպայման կգնամ Արցախ, որդուս զոհվելուց հետո 5 տարի է՝ ես չեմ ապրում, այդ օրը ձեռքերս կբարձրացնեմ ու կպարեմ, պարելով կգնամ։
Մինչև հիմա, որ մի միրգ է լինում, ես կորիզը ցանում եմ, ասում եմ՝ Արցախ գնալուց կտանեմ հետս, հիմա իմ այգին թշնամին ոչնչացրել է, 3 տուն եմ Արցախում թողել՝ 3 որդիներիս անուններով»,- նշեց Էլիզա Բաղդասարյանը։
Տիկին Էլիզան մինչև «Եռաբլուրում» «Արցախի կանչը» հուշակաթողի բացումը, «Եռաբլուր» գնալիս սկզբում եկեղեցի է մտել ու թարմ ծաղիկներ դրել եկեղեցում, այնուհետև այցելել է Մոնթեի շիրմին։ Ասում է՝ հերթով անցել է բոլորի տղաների շիրիմիների մոտով ու մեկական ծաղիկ դրել, «Եռաբլուրից» դուրս է եկել այն ժամանակ, երբ ձեռքի ծաղիկները վերջացել են։
«Իմ սփոփանքը Մոնթե Մելքոնյանի շիրիմն է եղել, առաջինն իր շիրմին եմ այցելում։ Նայում եմ բոլոր շիրիմներին, փորձում եմ գտնել որդուս շիրիմը, բայց չկա…
Հիմա էլ ասում են, որ արցախցին չի կռվել, նայեք՝ քանի՞ զոհ ենք ունեցել, նման բան ասողն ընդամենն իրեն է փրկում։ Մենք ամեն ինչ արել ենք, թեկուզ շրջափակման պայմաններում, թեկուզ սոված։ Կանայք հաց էին սարքում, որ հասցնեն դիրքեր, ինչպե՞ս չեն կռվել»,- ընդգծեց Էլիզա Բաղդասարյանը։
2021 թվականին Նոր Կիլիկիա թաղամասում ընտանիքն Արմենի անունով խաչքար է տեղադրել, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից էլ Արմենը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով։
Նշենք, որ Արմենի զոհվելուց հետո, երբ ծնողներին վերադարձրել են Արմենի իրերը, դրանց մեջ եղել է նաև մեծ, կլոր ժամացույց, այրված։
Տիկին Էլիզայի խոսքով՝ հավանաբար դա պատկանում է զոհված տղաներից մեկին. այն մինչև հիմա պահում է իր մոտ։