
Չարությունը ելել մեզ ուտում է, որովհետև մարդիկ չեն կարողանում զսպել իրենց կրքերը. Արմեն Հարեյան

«Սրբազան Հայաստան» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի օր առաջ եկեղեցում մարդ սպանեցին։ Այսօր գյուղերից մեկի հանդում դաժանորեն ամուսիններ սպանեցին։
Ազգը կորցրել է իր հայրենիքի մի մեծ մասը ու գոռում է «քեֆ ենք անում, հորս արև լավ ենք անում», որովհետև ամբիոնից մի հոգի այդպես է ասում։ Ի՞նչ քեֆ, ի՞նչ հորս արև, ի՞նչ լավ անել այս ամենի մեջ։ Ինչու՞ մենք հասանք այս վիճակին։ Ինչու՞ ենք մենք այսպես հեշտությամբ մոլորվում ու սխալ սխալի հետևից անում։
Գիտե՞ք, այս մասին հստակ գրված է Աստվածաշնչում, այն էլ ՝մի քանի տեղեր։ Գրված է, որ եթե դու ուրանաս քո Տեր Աստծուն ու իր պատվիրանները թողնելով գնաս քո սեփական ցանկությունների հետևից, ապա «Տերը քեզ կհիվանդացնի մտագարությամբ, կուրությամբ ու ցնորամտությամբ» (Բ Օրինաց 28․28)։ Կամ էլ առաքյալը գրում է՝ «Դրա համար էլ Աստված նրանց մոլորության ներգործությանն է ենթարկում, որ հավատան ստին․․․»: Իսկ թե ինչու՝ կարդացեք Թեսաղոնիկեցիներին առաքյալի գրած 2րդ նամակի 2րդ գլխի 11րդ համարը։ Այնտեղ ավելի խիստ խոսքեր են գրված։
Շատերը մտահոգված են, բայց ոչ մի տեղ լուծում չեն տեսնում, իսկ ինչ որ տեսնում են՝ չի ստացվում ու չի աշխատում։ Որովեհտև լուծումը միայն ու միայն Քրիստոսի մեջ է։ Ուրիշ Փրկիչ չկա։ Բայց դե մարդիկ իրենց «լավ ենք անում» դրայվով տարված սա չեն հասկանում, որովհետև իրենց սրտերը կարծրացած են։ Սակայն եթե դուք մտածում էք որ մեր հինավուրց քաղաքի տարեդարձը նշելու լավագույն ձևը սա էր, բան չունեմ ասելու։ Միայն նորից կասեմ սա։ «Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատվիրում մարդկանց, որ ամեն ոք ամենուրեք ապաշխարի»:
Չարությունը ելել մեզ ուտում է, որովհետև մարդիկ չեն կարողանում զսպել իրենց կրքերը։ Մեկը իրեն չի զսպում եկեղեցում, մյուսը իրեն չի զսպում հանդում, մնացածներն էլ չունեն պաշտպանիչ արգելակներ։ Սխալի հանդեպ տոռմուզ չկա։ Ինչու՞, որովհետև Աստուծո Խոսքը չեն կարդում, չեն ճանաչում ու չեն հնազանդվում։ Ամեն մեկն իր համար մի աստված է հորինել ու գուրգուրում է իր կուռքին։ Սրա վերջը հեչ լավ չի լինի եթե մարդ անմիջապես դարձի չգա ու չհնազանդվի Քրիստոսին։
Իսկ «հորս արևի» մասին․ – «Բայց ես ձեզ ասում եմ. ընդհանրապես մի՛ երդվիր, ո՛չ երկնքի վրա, որովհետև Աստծու գահն է, ո՛չ երկրի վրա, որովհետև Նրա ոտքի պատվանդանն է, ո՛չ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Արքայի քաղաքն է։ Ոչ էլ քո գլխով երդվիր, որովհետև չես կարող մի մազ անգամ սպիտակ կամ սև դարձնել։ Ձեր խոսքը պարզապես թող լինի՝ այոն՝ այո՛, և ոչը՝ ո՛չ, որովհետև դրանից ավելին չարից է». Ավետարան ըստ Մաթևոսի, գլուխ 5, համարներ 34-37։
Եթե այս ամենը ձեզ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դո՛ւք էլ կիսեք ձեր էջերին, թող լիքը հայ մարդիկ կարդան, միգուցե մի մասը մտածեն ու դարձի գան առ Քրիստոս Աստված։ Մեր բոլոր ցավերի պատճառները հոգևոր են։ Միացե՛ք «Աստվածաշունչն Ամեն Օր» Տելեգրամ ալիքին՝ հազարավոր հայ մարդկանց հետ ամեն օր Աստվածաշունչը միասին կարդալու և սովորելու համար»։