
Էրդողանը սպառնացել է բոյկոտել Եգիպտոսի գագաթնաժողովը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պատճառով վերջին պահին ցանկացել է հրաժարվել Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխում կայանալիք Գազայի խաղաղության գագաթնաժողովին մասնակցելուց:
Այս մասին գրում է թուրքական «Milat» պարբերականը՝ նշելով, որ Եգիպտոսի նախագահի՝ գագաթաժողովին Նեթանյահուի մասնակցության մասին հայտարարությունից հետո ուշագրավ դիվանագիտական իրադարձություն է տեղի ունեցել. Թուրքիայի նախագահի ինքնաթիռը Շարմ Էլ Շեյխի օդանավակայանում վայրէջքի նախապատրաստվելիս բաց է թողել թռիչքուղին:
Աղբյուրների տվյալներով՝ Էրդողանը եգիպտական կողմին տեղեկացրել է Իսրայելի վարչապետի ներկայության դեպքում համաժողովին մասնակցելուց հրաժարվելու մասին, ինչից հետո Նեթանյահուի անունը հեռացվել է գագաթնաժողովի ծրագրից: Դրանից հետո է միայն Թուրքիայի նախագահի ինքնաթիռը վայրէջք կատարել։
Հատկանշական է, որ Իսրայելի վարչապետի գրասենյակն այսօր առավոտյան իսկապես հայտնել էր գագաթնաժողովին նրա ծրագրվող մասնակցության մասին, թեև դեռ նախօրեին հայտարարվել էր, որ իսրայելական կողմը չի մեկնի գագաթնաժողով:
Մինչդեռ ժամեր անց տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Նեթանյահուն ներկա չի լինելու։ Պաշտոնական բացատրությունն այն էր, որ Իսրայելում նշվում է «Սիմհաթ–Տորա» կրոնական տոնը: