Կառավարությունը դեմ է ԲՀԿ-ի նախաձեռնությանը
Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են նախորդ տարվա արդյունքներով մինչև 100 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ազատել նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու սահմանված պարտավորությունից: Սակայն գործադիր իշխանության ներկայացուցիչները համամիտ չեն պատգամավորների հետ և կառավարության առաջիկա՝ հունիսի 26-ի նիստում, պատրաստվում են ԲՀԿ-ականների օրենսդրական առաջարկությանը բացասական եզրակացություն տալ:
Ինչպես նշված է որոշման նախագծում, օրինագծի ընդունումը նպատակահարմար չէ, քանի որ 2013 թ. դեկտեմբերի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ներ են ներդրվել 2013 թվականի ընթացքում ավելացված արժեքի հարկ վճարող համարվողների, ինչպես նաև այն հարկ վճարողների կողմից (անկախ ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու հանգամանքից), որոնց 2012 թվականի ընթացքում կամ 2013 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծած ապրանքների մաքսային արժեքը հանրագումարով կազմել է 10 մլն դրամ և ավելի:
Փաստորեն, նախորդ տարվա արդյունքներով մինչև 100 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողների մի մասը, որոնք բավարարում են վերը նշված պայմաններին, 2013 թվականի դեկտեմբերի 1-ից արդեն իսկ ներդրել են նոր սերնդի ՀԴՄ-ներ:
Բոլոր հարկ վճարողների կողմից նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառումը գործադիրները կարևորում են՝ ելնելով մի շարք հանգամանքներից՝ նախ, նոր սերնդի ՀԴՄ-ները բազմաֆունկցիոնալ են, հնարավորություն են տալիս դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր, այդ թվում՝ հարկային հաշիվներ, ստորագրել դրանք էլեկտրոնային ստորագրությամբ, կատարել վճարումներ բանկային պլաստիկ քարտերով: Կարգավորում են տնտեսության մեջ փաստաթղթաշրջանառության արմատավորման հետ կապված հարցերն, ինչպես խոշոր, այնպես էլ փոքր և միջին կազմակերպությունների կողմից:
Այն հնարավորություն է տալու դրամարկղային կտրոնների վրա արտացոլել ոչ միայն վաճառվող ապրանքի արժեքն, այլ նաև ապրանքի (ծառայության) անվանումը, քանակը, դրանով իսկ լիարժեք դարձնելով փաստաթղթային տվյալները: Նոր սերնդի ՀԴՄ-ներն ապահովում են համապատասխան պարբերականությամբ՝ առնվազն յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ կապի հաստատումը հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ` տվյալների փոխանակման նպատակով:
Բացի այդ, նոր սերնդի ՀԴՄ-ները հնարավորություն են տալիս անհրաժեշտ փոփոխություններ կատարել աշխատանքային ծրագրում, ներբեռնել և աշխատացնել լրացուցիչ ծրագրեր, կազմակերպել կտրոններով վիճակահանություն իրական ժամանակում: Միաժամանակ, նոր սերնդի ՀԴՄ-ներն ապահովում են ֆիսկալային տվյալների պահպանության առավել բարձր մակարդակ:
Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՓՄՁ-ների համար լրացուցիչ ծախսային բեռ է նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերումը: Հաշվի առնելով նշվածը, ներկայումս, քննարկվում և գնահատվում են ՓՄՁ ոլորտում առավել խոցելի հարկ վճարողների համար նոր սերնդի ՀԴՄ-ների արտոնյալ պայմաններով ձեռքբերման հնարավորությունները: