Պարգև Օհանյանը՝ ակամա վկայից՝ համարյա մեղադրյալ
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի ամիս առաջ Երևանի գետափում, «Չռիկ» կոչվող հատվածում վազելիս՝ տեսա մի երիտասարդի՝ արնաշաղախ, անգիտակից ընկած. ներքնաշապիկի տակ հայտնաբերեցի դանակահարվածին բնորոշ (կտրող ծակող գործիքի) հետք: Զանգահարեցի 1-02, 911, 1-03 ու… կրակն ընկա: Ստիպված եղա պատասխանել մի 15 (տարբեր համարներից) հեռախոսազանգերի, որպեսզի բացատրեմ «դեպքի վայրը», դիմավորեմ: Ի դեպ՝ ներկայացա և բջջային հեռախոսիս համարը՝ իրենց պահաջով տվեցի, թե չէ՝ չէին գա և տղան, հավանաբար, կմեռներ: Վաղը (ծանուցագիր եմ ստացել) պետք է ներկայանամ կենտրոնականի քննչական բաժին (հետաքննիչին հրաժարվել եմ ներկայանալ)՝ որպես վկա հարցաքննության, հակառակ դեպքում՝ բերման կենթարկվեմ: Եվ դեռ հայտնի չէ, թե քանի անգամ «կհրավիրվեմ» քննչական, դատարան, վերաքննիչ և այլն: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ (նախնադարյան) իրավական համակարգ է մեր (պրակտիկայում) գործող համակարգը: ՀՀ քրօր-ի 86-րդ հոդվածի համաձայն՝ «Վկան ցուցմունքներ տալու նպատակով… կանչված անձն է, ում կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզելու ենթակա որևէ հանգամանք»: Ի՞նչ եք կարծում՝պարզելու ենթակա ի՞նչ նոր հանգամանք կարող է հայտնի լինել դեպքին ոչ ականատես, ընդամենը իր քաղաքացիական պարտքը կատարած՝ կոմպետենտ մարմիններին հայտնած անձին: Հետևությունները թողնում եմ հատկապես իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց, նոր օրենսգրքի հեղինակներին, օրենսդիրին: Հստակեցնել վկայի կարգավիճակը, ցուցմունք տալը դարձնել իրավունք, ոչ թե պարտականություն (ինչպես առաջադեմ երկրներում է): Վկան մեղադրյալ չէ. նրան չի կարելի ստիպել ցուցմունք տալ. ընդհակառակը՝ համոզել, խրախուսել է պետք…»: