Չինաստանում բնակչության կրճատումը 10 տարում կհասնի 60 միլիոնի․ SCMP
Առաջիկա 10 տարիների ընթացքում Չինաստանի բնակչության թիվը կարող է կրճատվել շուրջ 60 միլիոնով, ինչը համադրելի է ամբողջ Ֆրանսիայի բնակչության հետ (68,5 միլիոն մարդ)։ Այս մասին հայտնում է South China Morning Post (SCMP) պարբերականը՝ հղում անելով Rhodium Group հետազոտական խմբի զեկույցին։
Հիմնական պատճառներից մեկը ծնելիության կտրուկ անկումն է. 2025 թվականին ծնվել է 7,92 մլն երեխա, ինչը 17%-ով պակաս է 2024 թվականի ցուցանիշից։ Ընդ որում, Չինաստանի բնակչությունը նվազում է արդեն չորրորդ տարին անընդմեջ։ Որպես այլ կարևոր գործոններ նշվում են կյանքի թանկացումը և հասարակական տրամադրությունների փոփոխությունը։
Հետազոտության մեջ նշվում է, որ Չինաստանի ժողովրդագրական անկումն արդեն սկսում է բացասաբար անդրադառնալ երկրի տնտեսության վրա։ Այսպես, 2025 թվականին սոցիալական ապահովության հիմնադրամներին հատկացվող պետական սուբսիդիաները հասել են ռեկորդային 2,5 տրիլիոն յուանի (425 միլիարդ դոլար), ինչը կազմում է երկրի բյուջետային բոլոր ծախսերի 10,1%-ը։ Ժողովրդագրական ներկայիս միտումների պահպանման դեպքում այս գումարը կշարունակի աճել։



