Ինչո՞ւ է ՌԴ ԱԳ փոխնախարարն ակտիվ շփումների մեջ Հայաստանի ու Ռուսաստանի դեսպանների հետ
Մինչ փորձագիտական հանրությունը տարբեր ինտենսիվությամբ քննարկում է ՌԴ քաղաքական պասիվությունը Հարավային Կովկասում, ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ժամանակ առ ժամանակ հանդիպումներ է ունենում ՌԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանների հետ։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետ Գալուզինն ապրիլ ամսվա ընթացքում ունեցել է երկու հանդիպում։
Առաջինը՝ ապրիլի 10-ին, Փաշինյանի մոսկովյան այցից հետո քննարկելու բարձրաստիճան պայմանավորվածությունները, իսկ երկրորդը՝ ապրիլի 20-ին։ ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության համաձայն, Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հրատապ հարցեր՝ բարձր մակարդակով տեղի ունեցած վերջին շփումների համատեքստում։
«Քննարկվել են երկկողմ հարաբերությունների մի շարք արդիական հարցեր՝ Մոսկվայում կայացած ռուս-հայկական բարձր մակարդակի վերջին բանակցությունների արդյունքների լույսի ներքո»,- նշել էին ռուսական դիվանագիտական գերատեսչությունում։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ ապրիլի 1-ին կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի շփումը եղել է «օգտակար, անկեղծ և անհրաժեշտ». կողմերը միմյանց են փոխանցել իրենց դիրքորոշումները երկկողմ օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Այնինչ, փորձագիտական հանրության գնահատմամբ՝ այն Փաշինյան-Պուտին ամենալարված հանդիպումներից մեկն է եղել, որի ընթացքում ՌԴ նախագահն անդրադարձավ երկկողմ օրակարգի ամենազգայուն հարցերի՝ ՀՀ ԵՄ ինտեգրացիայի ու ԵԱՏՄ անհամատեղելիություն, գազի գին, տնտեսական արտոնություններ՝ պայմանավորված ՀՀ ԵԱՏՄ անդամակցությամբ, և ներքաղաքական լարվածություն՝ պայմանավորված ՌԴ գործոնով։
Երեկ էլ հայտնի դարձավ, որ Գալուզինը հանդիպել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին։ Ըստ հաղորդագրությունների, կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են ադրբեջանա-ռուսական հարաբերությունները։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների մի շարք հրատապ հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Օրերս էլ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Արցախում հայկական եկեղեցիների ու մշակութային ժառանգության ավերմանը, ասաց, որ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները նախատեսում էին նաև հաշտեցման հումանիտար ուղղություն։
«Այն ներառում է բոլոր պահվող անձանց վերադարձի և փոխանակման, ճարտարապետական հուշարձանների ու հուշահամալիրների նկատմամբ հոգատար վերաբերմունքի, պրոֆիլային կառույցների և հասարակական կազմակերպությունների գծով տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև՝ անհետ կորածների որոնման թեմաները։
Ինչպես երևում է, հասարակության պահանջը՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ՝ Հայաստանում, նմանատիպ հարցերի լուծման վերաբերյալ արդիական է նաև այսօր, և Ձեր հարցը հաստատում է դա։ Ուստի, դիմելու դեպքում, մենք պատրաստ ենք գործընկերներին ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- ասել էր Զախարովան՝ վերահաստատելով միջնորդական ջանքերի ՌԴ առաջարկը։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ Ռուսաստանը շարունակում է իր քաղաքական ներգրավվածությունը Հարավային Կովկասում այնքան, որքան դա հնարավոր է և հարկավոր է նաև ՌԴ-ի գործըկեր երկրներին։ Բնականաբար, նրա խոսքով, փոփոխությունների ժամանակաշրջանում փոխվում են նաև հարաբերությունները մի շարք ուղղություններով, փոխվում է դրանց ձևաչափն ու ընկալումը։

«Ինչպես տեսնում ենք, այսօր ՌԴ-Հայաստան հարաբերություններում առաջին պլանում է տնտեսական համագործակցությունը, որը կենտրոնանում է ԵԱՏՄ-ի շուրջ։ ԵԱՏՄ անդամակցության և այդ համագործակցության շնորհիվ թե առևտրատնտեսական կապերն են խորացել այս տարիների ընթացքում, թե Հայաստանի տնտեսական ցուցանիշներն են փոխվել, ինչպես նաև գազի գինն է էապես տարբերվում միջազգային գներից։
ԵՄ ինտեգրացիան, բնականաբար, խաթարելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի ընթացքին, դա լա՞վ է, թե՞ վատ, կգնահատեն հենց Հայաստանում, սակայն համատեղել երկու տնտեսական գոտիները հնարավոր չէ, դա բոլորը գիտեն։ Հայաստանում ցանկանում են տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ պահպանել, իսկ քաղաքականը՝ խորացնել Արևմուտքի հետ։ Թե որքանով հնարավոր կլինի շարունակել այս մոդելը, ցույց կտա ժամանակն ու աշխարհաքաղաքական հետագա զարգացումները»,- նկատեց Լուկիանովը։
Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ փոխնախարարի խորհրդակցություններին դեսպանների հետ, վերլուծաբանը գտնում է, որ հարաբերություններում փոփոխությունների հետևանքով փոխվում են նաև շփումները պաշտոնյաների՝ ԱԳ նախարարների միջև։ Ուստի շփումները ծավալվում են այլ՝ ավելի ցածր մակարդակներում պայմանավորվածություններն իրագործելու, օրակարգը քննարկելու և այլ հարցերի նպատակով»,- ասաց վերլուծաբանը։



