Հայ ռեժիսորների ֆիլմը Վիսբադենի goEast փառատոնում արժանացել է հեղինակավոր մրցանակների
Ռեժիսոր Իննա Սահակյանի և համառեժիսոր Ռուբեն Ղազարյանի «Վերապրել Շեքսպիրին» վավերագրական ֆիլմը Վիսբադենի (Գերմանիա) goEast միջազգային կինոփառատոնում արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» և FIPRESCI հեղինակավոր մրցանակների։ Այս մասին հայտնում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը։
«Ավելին, քան պարզապես հետխորհրդային շրջանի հայկական ծերանոցում բնակվող տարեցների սովորական դիմանկար, որը նուրբ հումորով և զգայունությամբ պատկերում է, թե ինչպես է արտթերապիան փոխակերպում նրանց կյանքի մենությունն ու կորուստները, մինչդեռ ֆիլմի հերոսները շարունակում են դիմադրել դաժան քաղաքական հակամարտություններով ու լարվածություններով լի այս անորոշ աշխարհին»,- գրել է Ավետիսյանը ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ «Վերապրել Շեքսպիրին» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 18-ին Ամստերդամի միջազգային վավերագրական ֆիլմերի հեղինակավոր փառատոնում (IDFA – International Documentary Film Festival Amsterdam)։
Ֆիլմը ներկայացնում է Նորքի շուրջօրյա խնամքի կենտրոնում ապրող տարեցների կյանքի պատմությունները, որոնք, ինչքան էլ տարբեր են, միևնույնն է` խաչվում են այդ պատերի ներսում։
Կինոնկարը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։ Արտադրող երկրներ՝ Հայաստան (Bars Media), Նիդեռլանդներ (Bind)։



