ՔՊ-ական պատգամավորի նախագահությամբ՝ ԱԺ-ում հավասար վերաբերմունքի և հնարավորությունների խորհրդակցական մարմին է ստեղծվել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, ըստ որի՝ մինչև 8-րդ գումարման ԱԺ աշխատանքների ավարտը, պետք է ստեղծվի հավասար վերաբերմունքի և հավասար հնարավորությունների խորհրդակցական մարմին։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետով՝ կարգադրում եմ.
Միջկուսակցական և միջհանձնաժողովային համագործակցությունն ապահովելու նպատակով մինչև 8-րդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ավարտը ստեղծել հավասար վերաբերմունքի և հավասար հնարավորությունների խորհրդակցական մարմինը»,- նշված է Ալեն Սիմոնյանի ստորագրած կարգադրության մեջ։
Կարգադրությունում ներկայացված է նաև խորհրդակցական մարմնի կազմը՝ 3 պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, 2-ը՝ «Հայաստան» խմբակցությունից։ ՔՊ-ից Հերիքնազ Տիգրանյանն է, ով նաև խորհրդական մարմնի ղեկավարն է, Ռուստամ Բաքոյանն է և Հասմիկ Հակոբյանը։
Իսկ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանն է և Արմենուհի Կյուրեղյանը։



