Արամ Ա-ն Վատիկանից շտապ կապվել է Սիրիայի ղեկավարության հետ` Հալեպի Նոր գյուղ թաղամասի հրթիռակոծման հետ կապված (լուսանկարներ)

Պաշտոնական այցով Վատիկանում գտնվող Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն հունիսի 4-ին Վատիկանից հեռախոսային շտապ խոսակցություն է ունեցել Սիրիայի ղեկավարության հետ, ինչպես նաև կապ է հաստատել միջազգային կազմակերպությունների հետ՝ խնդրելով բոլոր լծակներն օգտագործել և հայկական թաղամասերի վրա կատարվող հրթիռակոծության դեմն առնել:

Ինչպես հայտնի է՝ հունիսի 1-ից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվում Հալեպ քաղաքը, ինչի հետևանքով մեծ վնասներ է կրում նաև Հալեպի ամենահայաշատ թաղամասը՝ Նոր գյուղը: Հալեպում մինչև այժմ անվտանգ համարվող հայկական թաղամասերում հիմնահատակ քանդվել են բազմաթիվ հայերի տներ, վնասվել են գործատեղիներ, հայկական եկեղեցիները, դպրոցները, կան տասնյակ հայ զոհեր և վիրավորներ:

Հունիսի 4-ին հայտարարություն է տարածել Բերիո թեմի լրատվական կենտրոնը՝ Նոր գյուղը կոչելով աղետի գոտի և համայն հայությունից հայցելով ձեռք մեկնել Հալեպում անօթևան և առանց ապրուստի միջոցի մնացած հազարավոր հայերի. «Ինչ որ տեղի է ունենում Հալեպում, շրջանցում է բոլոր պատկերացումներն ու ենթադրությունները: Վիճակն այլեւս անտանելի է: Այս բոլորի մեջ վատագույնն այն է, որ հալեպահայությունը միայնակ է կանգնած այս վտանգների առաջ: Հալեպահայության կրած փորձանքները արձագանք անգամ չեն ունեցել: Անհասկանալի եւ անընդունելի ձեւով լուռ են թե՛ պաշտոնական, թէ՛ հասարակական կողմերը: Նոր Գյուղն ու հալեպահայությունը կործանման վտանգի դիմաց են: Այս լրատվությունն ընդունեք ինչպես ցանկանում եք` որպես կոչ, ազդագիր, լրատվագիր, թե այլ ձևով»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարությամբ հանդես է եկել նաև ՀՅԴ Բյուրոն՝ Հալեպում այս օրերին կատարվող իրադարձությունները համարելով ընդդիմության ուժերի ծրագրած հակահայ գործողություններ: Ըստ տեղեկությունների, Հալեպում մնացած հայ ընտանիքները լքել են իրենց բնակավայրերը՝ տեղափոխվելով կամ Լաթաքիա, կամ մերձակա շրջաններ, իսկ մի մասն էլ ապաստան է գտել հայկական «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցում:

 

nor gyux

nor gyux2

nor gyux3

 

 

Տեսանյութեր

Լրահոս