Հանձնում երգով

Երբ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անակնկալ հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին, իշխանական քարոզիչների նույնիսկ այն տեսակը, որը մինչև այդ պահը եվրաինտեգրացիան համարում էր իրենց ու երկրի համար թթվածնի նման անհրաժեշտ քայլ, սկսեց նույն կերպ ներկայացնել, թե Մաքսային միության անդամ դառնալը հայ ժողովրդի դարավոր երազանքն է եղել: Երբ անցած տարվա դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գյումրիում հայտարարեց, թե Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հարավային Կովկասից (այսինքն՝ առաջին հերթին՝ Հայաստանից, քանի որ տարածաշրջանում միայն այստեղ ռազմական ներկայություն ունի), նույն քարոզիչները հայտարարեցին, թե սա Ադրբեջանին արդեն իսկ վաճառված 4 մլրդ դոլար արժողությամբ զենքի պատասխանն էր:

Ասել է թե՝ Ռուսաստանը մեզ կպաշտպանի հար և հավիտյան: Ու երբ նույն օրը երեկոյան Գյումրիում Հայաստանի նկատմամբ իր արհամարհանքն արտահայտելուց հետո Վլադիմիր Պուտինն արդեն Երևանում իր զարմանքն արտահայտեց Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու արագության, տեմպերի առթիվ, նույն իշխանականները, շարժելով ոչ իշխանականների նախանձը, սկսեցին հայտարարել, թե Մաքսային միության անդամ դառնալուն խանգարում են միայն Ամանորյա տոները, դրանք կանցնեն, ու Հայաստանը կդառնա Մաքսայինի անդամ: Անցան ոչ միայն տոները, այլև ձմեռը, վաղը կանցնի նաև գարունը:

Բայց այս ընթացքում իշխանական խոսնակները նոր հնարք էին գտել, ասում էին, որ ոչ թե մեզ չանդամագրեցին, այլ Հայաստանն ինքը երկարաձգեց Մաքսային միությանն անդամ դառնալու գործընթացը, որպեսզի միանգամից դառնա Եվրասիական տնտեսական տարածքի կամ միության հիմնադիր անդամ: Ասում էին՝ չնայած ռուս պաշտոնյաների ու փորձագետների հայտարարություններին, որ առանց Մաքսային միությանն անդամ դառնալու երկիրը չի կարող դառնալ Եվրասիական միության հիմնադիր անդամ: Այսօր Աստանայում կայանալու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որի ընթացքում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները, ամենայն հավանականությամբ, ստորագրելու են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտնելու 2015 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է այդ նիստին, բայց տակավին անհայտ է՝ ստորագրելո՞ւ է նա այդ միության հիմնադրման մասին փաստաթուղթը՝ դառնալով դրա հիմնադիր անդամ, թե՞ ոչ: Բայց այնպես չէ, որ իշխանությունը գիտի, ուղղակի տակտիկական նպատակներով չի հայտնում: Իշխանությունը ևս չգիտի. Կասեն՝ կստորագրի, չեն ասի՝ չի ստորագրի: Եվ այս մասին երեկ ուղիղ, առանց ձևականությունների՝ հայտնել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Պատասխանելով հարցին՝ մայիսի 29-ին Հայաստանը ստորագրելո՞ւ է Մաքսային միությանն անդամակցելու պայմանագիրը, թե՞ ոչ, Նալբանդյանն ասել է. «Աստանան կկայանա՝ կտեսնենք»:

Սա Նալբանդյանի եզակի անկեղծ հայտարարություններից է. կարելի է ցանկացած բուքմեյքերական գրասենյակում խաղադրույք կատարել այն բանի վրա, որ Նալբանդյանն ինքն իրականում չգիտի ու լրագրողների նման սպասում է «տեսնելու», թե ինչ կասեն:

Պուտինը, կամ Լավրովը, կամ վերջիններիս անունից՝ Կրեմլի որևէ վարչության պետ: Կասեն՝ կստորագրեն ու կժպտան, չեն ասի՝ չեն ստորագրի ու կրկին կժպտան: Այն, որ Եվրասիական միությանն անդամակցության փաստաթղթի ստորագրումը ձգձգվում է, ու հուսանք՝ կարող է նաև տեղի չունենալ, միմիայն դրական է Հայաստանի համար:

Քանի որ, որքան ավելի ուշ Հայաստանը նաև դե յուրե դառնա քաղաքակրթական հետամնացության ու քաղաքական ամբողջատիրության համակարգի անդամ, ստորադաս անդամ, այնքան ավելի լավ:

Բայց այս օրինակը հերթական անգամ ցույց է տալիս Հայաստանի իշխանությունների՝ քաղաքականություն, արտաքին քաղաքականություն, պետական քաղաքականություն վարելու սկզբունքը, եթե, իհարկե, դա կարելի է սկզբունք համարել: «Կապրենք՝ կտեսնենք»: Ի դեպ, պատահական չէ, որ այս հայտարարությունը Է. Նալբանդյանն արել է Սարդարապատի հուշահամալիրում, որտեղ երեկ մեծ շուքով նշվում էր Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրը կամ Հանրապետության տոնը: Իրականում, այն, կարևոր պատմական իրադարձություն լինելով, ըստ էության, ցավալի, ամոթալի ամսաթիվ է. դա կորսված պետության ստեղծման ամսաթիվն է:

Այսօր Հայաստանը կանգնած է կրկին նույն վտանգի առաջ՝ պետությունը կորցնելու, կրկին այն ռուսներին հանձնելու վտանգի առաջ: Ու որքան այդ վտանգն իրական է դառնում, տոնակատարություններն ավելի ճոխ են կազմակերպվում: Պետք չէ զարմանալ, որ առաջիկա սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, Հայաստանն աշխարհացունց տոնախմբություն կազմակերպի: Քանի որ որևէ այլ «սեպտեմբերի 21» չի նշվել՝ պետության կորստի վտանգի, երկու ամիս անց՝ գուցե պետության կորստի՝ հանձնման պայմաններում:

Տեսանյութեր

Լրահոս