Կարմիր գծերի տուգանքի վճարման եղանակն անօրինական է . Փաստինֆո
Երևանի քաղաքապետարանը չի կարողանում հավաքել վճարովի ավտոկայանատեղերի վճարները: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Նման դժգոհությամբ քաղաքապետը դիմել է ՀՀ կառավարություն` առաջարկելով փոփոխություն կատարել «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքում:
Ավելի կոնկրետ` քաղաքապետարանն առաջարկում է այդ օրենքում համայնքի բյուջե վճարվող գումարների համար բացառություն սահմանել: Բանն այն է, որ կարմիր գծերով Երևանի փողոցները ներկելուց, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքն ընդունելուց ու նույնիսկ քաղաքացիներից գումարներ գանձելուց հետո են միայն քաղաքային իշխանությունները հասկացել, որ այդ 2 օրենքներում միմյանց հակասող դրույթներ կան, ու հիմա փորձում են վերացնել անհամապատասխանությունները:
Հանրային ծառայությունների համարանիշը այն 10 նիշանոց համարն է, որն ամրագրվում է ՀՀ քաղաքացու նույնականացման քարտում և օգտագործվում է պետական մարմինների, պաշտոնատար անձանց կողմից ֆիզիկական անձանց ծառայություններ մատուցելիս:
Իսկ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքով սահմանված է, որ ավտոկայանատեղի տեղական տուրք վճարողից բանկերը պետք է պահանջեն նաև հանրային ծառայությունների համարանիշ:
Սակայն, հիշեցնենք, Երևանի ավագանին, բացի բանկային վճարումից, ավտոկայանատեղերի համար վճարելու մի շարք այլ ձևեր էլ է սահմանել` էլեկտրոնային եղանակով կամ, օրինակ, «sms» վճարմամբ:
Հատկապես այս վերջին տարբերակը բավական մեծ տարածում է ստացել, սակայն, պարզվում է վճարման այս եղանակն իրականում անօրինական է: Քաղաքապետարանը կառավարություն ներկայացրած իր հիմնավորման մեջ խոստովանում է. «Օրենքը չի կարգավորում բջջային կարճ հաղորդագրության միջոցով տուրքի վճարման հետ կապված հարաբերությունները»:
Մինչդեռ, հենց օրենքն է այս դեպքում գերակա, քանի որ «sms» վճարման տարբերակն ընդամենը ավագանու որոշմամբ է ներդրվել:
Բացի այդ, ըստ օրենքի՝ ավտոկայանատեղում կայանված ավտոմեքենայի համար պետք է վճարի ավտոմեքենայի սեփականատերը:
Սակայն, ինչպես դա եղավ ապահովագրության դեպքում, այստեղ էլ պարզվեց, որ նույն մեքենան կարող է մի քանի անգամ վերավաճառված լինել լիազորագրի հիման վրա, և գործարքները հաշվառված չլինեն պետական մարմնում, ուստի՝ մեքենան մնացած լինի մի անձի անունով, ով վաղուց արդեն դրա հետ ոչ մի կապ չունի:
Մանրամասներն՝ այստեղ