Կոնսենսուս պլյուս մեկ. իշխանափոխության մոռացված ռեսուրսը  

Չնայած Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է նախնտրական քարոզարշավը, սակայն դրա նպատակն իրականում ընտրություններում քաղաքացիների քվեները ստանալը չէ:

Իշխանության վարկանիշն անդառնալիորեն ցածր է, և որևէ քարոզարշավ, եթե անգամ դա կազմակերպեն պրոպագանդիզմի համաշխարհային գուրուները, ի զորու չէ ընտրություններում ապահովել ՔՊ-ի հաղթանակը:

Փաշինյանը շատ լավ հասկացել է դա, հասկացել է շատ վաղուց: Եվ նա իր նախընտրական հայեցակարգը կառուցել է ոչ թե ներքին՝ էլեկտորալ, այլ արտաքին հովանավորչության հաշվարկով: Դրա իմաստն այն է, որ Հայաստանում իշխանությունը ձևավորվելու է ոչ թե ընտրությունների, այլ աշխարհաքաղաքական կոնսենսուսի արդյունքում, կամ ֆորմալ քաղաքացիական պայմանագիրը չէ, որ որոշելու է Հայաստանի ղեկավարի անունը, այլ ստվերային գեոպոլիտիկ պայմանավորվածությունը:

Հենց դա է «Խաղաղության պայմանագրի» իրական իմաստը, որի նախաստորագրումից հետո իշխանությունն իրեն զգում է գրեթե հաղթածի դերում:

Կարդացեք նաև

Սա որքան զարհուրելի, նույնքան էլ օրինաչափ իրականություն է, քանի որ հենց այդպես է ձևավորվում իշխանությունն արտաքին կառավարման հանձնված պետություններում:

Առաջիկա ընտրություններում Փաշինյանը գոնե մինչ այս պահն ունի արտաքին դաշնակիցներ, որոնք բովանդակային իմաստով ոչ թե դաշնակիցներ են, այլ նրա իշխանության վերարտադրության շահառուներ՝ սեփական շահերի բավարարումը շարունակելու նպատակադրմամբ:

Այս պայմաններում նախընտրական քարոզչությունը, որ մակերեսային տպավորությամբ՝ ամեն օրվա հետ բուռն ընթացք է ստանում, իրականում ավելի շատ արտաքին էֆեկտ ապահովելու, մարդկանց զբաղեցնելու նպատակ ունի, քանի որ և քանի դեռ ներհայաստանյան հարցերը որոշվում են արտաքին խաղացողների կողմից՝ շրջանցելով ընտրությունների հիմնական սուբյեկտին՝ հասարակությանը, որն առայժմ սեփական սուբյեկտայնությունն իրացնում է լավագույն դեպքում օջախային աղմուկի նշաններ արտահայտող անտարբերությամբ:

Պետության համար գոյաբանական սպառնալիք է, երբ երկրի իշխանության ձևավորման հարցում առնվազն որոշիչ դերակատարում են ստանում արտաքին դերակատարները: Բայց դա միևնույն ժամանակ հրաշալի հնարավորություն է ընդդիմադիր ուժերի համար՝ բեկելու արդեն իսկ վերջնական թվացող որոշումները և երկրում ձևավորելու ներքնապես հայկական, իրապես ժողովրդին պատկանող իշխանություն՝ առնվազն էլեկտորալ առումով:

Դրա համար, սակայն, բոլոր ընդդիմադիր ուժերը՝ առանձին-առանձին և հավաքականորեն, պետք է կարողանան գտնել իշխանության իրական սուբյեկտի՝ ժողովրդի հետ հաղորդակցության, ոչ թե կենացային ու պաթոսային կոմունիկացիայի, այլ հենց հաղորդակցության, երկխոսության ճանապարհները՝ հասարակությանը մասնակից դարձնելով առաջիկա ընտրական գործընթացին, որից բոլոր որոշումներ կայացնողները՝ փաշինյանական իշխանության գլխավորությամբ, դուրս են դրել քաղաքացիներին:

Սա ամենևին չի նշանակում, թե ընդդիմադիր ուժերը պետք է գրողի ծոցն ուղարկեն աշխարհին, միջազգային հանրությանը: Ոչ, արտաքին հարաբերություններն ու հաղորդակցությունն անխուսափելիորեն անհրաժեշտ և կարևոր են, այդ թվում՝ ներքաղաքական գործընթացների մոդելավորման տեսանկյունից: Բայց մի բան է՝ քաղաքացիների հետ արդյունավետ հաղորդակցությամբ ու քաղաքացիների ընտրական սուբյեկտայնությունը թիկունքում աշխարհի հետ հարաբերությունը, բոլորվին այլ պարագա է՝ տարբեր կենտրոններից «դաբրոների» ապավինելով՝ իշխանության ձգտումը, որն արդեն իսկ լավագույնս  անում է Նիկոլ Փաշինյանը:

Իրադարձությունների ընթացքն առնվազն մինչև այս պահը ցույց է տալիս, որ Հայաստանում իբրև թե իշխանության հայտ ներկայացնող ուժերի զգալի մասը գնում է և շարունակելու է գնալ փաշինյանական ճանապարհով՝ ի սկզբանե դատապարտված լինելով ձախողման: Որովհետև եթե Նիկոլ Փաշինյանը, իշխանություն ունենալու բերումով, կարողանում է իր վերարտադրության հարցում ապահովել բազմակողմ աշխարհաքաղաքական կոնսենսուս, նրա դեմ պայքարողները լավագույն դեպքում ապավինում են կողմերից մեկի հեռավոր հավանությանը, այն դեպքում, երբ հավանությունը Երևան ուղարկելուց շատ առաջ ուղարկողն արդեն իսկ այն տվել է փաշինյանական նախագծի շարունակությանը՝ ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ բազմակողմ կոնսենսուսի մասնակիցների հետ առևտրում:

Հայաստանն արտաքին կառավարման հանձնելու մասին ահազանգեր հնչեցնող ընդդիմադիրների մեծ մասը գործնականում անում է ամեն ինչ՝ այդ արտաքին կառավարումը կատարյալ դարձնելու համար: Իսկ կատարելությունը հաստատվում է այն ժամանակ, երբ արտաքին կառավարիչներին հաջողվում է վերահսկողություն հաստատել ոչ միայն նոմինալ իշխանության, այլ ընդդիմության նկատմամբ:

Առաջիկա ընտրությունները՝ հերթական կամ արտահերթ, այդ՝ արդեն իսկ անդառնալիության հասնող ընթացքը կասեցնելու եզակի, տեսականին ձգող հնարավորություն են, որը կարող է իրացնել հասարակությունը:

Բայց միայն այն դեպքում, երբ նրա սուբյեկտայնությանն ապավինողներն այն չեն փորձի վաճառել գնորդներին, որոնք արդեն իսկ այն գնել են Նիկոլ Փաշինյանի քաղաքական վաճառասեղանից:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս