Հովիկ Աբրահամյանը ցանկանում է վարչապետերի ակումբ ստեղծել
Այսօր Ազգային ժողովի նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ողջունեց համահայկական հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունը և նշեց, որ դա պետք է շուտ արվեր: Նա նշեց, որ գյուղի մասով պետք է արտադրանքը սուբսիդավորվի, ոչ թե պարարտանյութի կամ վառելիքի մատակարարը:
«Կառավարությունն ինչպե՞ս է նպաստելու ծնելիության խթանմանը, շաբաթօրյա՞կ է լինելու, ի՞նչ է լինելու, աջակցության կարիք ունե՞ք»,- ասաց Հ.Բագրատյանը` դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով անմիջապես արձագանքեց, թե այդ մասին այլևս չի խոսվում, այդ կետը հանվել է ծրագրից:
Նա նշեց, որ նախկինում համահայկական բանկի ստեղծման գաղափարը չաշխատեց, և որոշվել է ներդրումային հիմնադրամ ստեղծել, որտեղ սփյուռքից կարելի է մեծ միջոցներ ներգրավել: Աբրահամյանը համաձայնեց, որ գյուղմթերքի սուբսիդավորման և ոլորտի ապահովագրության ծրագրերը պետք է սկսել իրականացնել:
Հ.Աբրահամյանը տեղեկացրեց, որ գաղափար ունի ստեղծել վարչապետերի ակումբ, որտեղ կներգրավվեն նախկին բոլոր վարչապետները, կքննարկեն ծրագրերը, և կօգտագործվի նրանց գիտելիքներն ու փորձը:
«Մենք ժլատ չենք և միշտ էլ կկիսվենք մեր իմացածով»,- ասաց Հ.Բագրատյանը` հավելելով, որ ինքը միայն չի քննադատել, այլև լուծումներ է առաջարկել:
Նա ուշադրություն հրավիրեց, որ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը դահլիճում նստած է ու նախազգուշացրեց, որ հետո չհրաժարվի, որ խոսքը գնում է գյուղ.մթերքի սուբսիդավորման մասին: