Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Թուրքմենստանում ԱՊՀ երկրների առաջնորդների համար կազմակերպված ընդունելության ժամանակ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրուցել են Թուրքմենստանում ԱՊՀ պետությունների ղեկավարների համար կազմակերպված պաշտոնական ընդունելության ընթացքում, հայտնում է РИА Новости-ն: Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերում երևում է, որ Փաշինյանն ու Ալիևը նստած են կողք կողքի և զրուցում են։ Նրանց խոսակցության բովանդակության մասին չի հաղորդվում։
Ավելի վաղ Փաշինյանը ԱՊՀ երկրների առաջնորդների հետ միասին այցելել էր Ավազա ազգային զբոսաշրջային գոտի։ Պետությունների ղեկավարները դիտել են տաղավարները, որոնք բացվել էին Համագործակցության երկրների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնի շրջանակում, ծանոթացել մասնակից պետությունների ավանդական խոհանոցին և մշակույթին։
Փառատոնում առանձին տաղավարով ներկայացված էր Հայաստանը։ Տաղավարների այցելությունից հետո ԱՊՀ պետությունների ղեկավարների պատվին տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն։

