Գառնիկ Իսագուլյանը՝ ԲՀԿ-ի, «վերևների» ու «ներքևների» մասին
«Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ որպես գործոն, որը անպայման ասում է իր խոսքը և դրան նշանակություն են տալիս, կարծես թե` չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը
Նա նշեց, որ մի քիչ բարդ է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական ուղղությունների կամ ուղղվածությունների մասին խոսելը, որովհետև պարզվում է՝ Հայաստանում թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականությունները վարվում են անկախ մեզանից. «Ներքաղաքական կյանքում աշխուժություն մտավ, երբ 4 ոչ իշխանական ուժերը խորհրդարանում միավորվեցին և որոշակի քաղաքական օրակարգ սկսեցին թելադրել իշխանություններին, որի արդյունքում, բնականաբար, ունեցանք որոշակի փոփոխություններ, սակայն, հույս տածել, թե դրանց հետևանքները, կարող են բերել ընդհանուր սոցիալական, տնտեսական վիճակի փոփոխության` դրական առումով, կարծում եմ` առայժմ վաղ է»:
Գ.Իսագուլյանի համար Մի բան հստակ է. «Հայկական քաղաքական միտքը Հայաստանի իշխանությունները, Հայաստանի արտաքին գերատեսչությունը, ցավոք սրտի, Հայաստանում վարվող արտաքին քաղաքականության մեջ գործոն չեն: Եթե նայում ես հիերարխիային`նախագահից-արտգործնախարարություն և դեպի ներքև, ամեն մեկը փորձում է տպավորություն ստեղծել, որ վերևը ամեն ինչ գիտի, իսկ այ մենք ինչ-որ բաներ չգիտենք: Բայց հավատացեք, որ ոչ վերևը գիտի, ոչ էլ ներքևը:
Վերևը կատարում է պահի թելադրանքը:
Օրինակ, մինչև վերջերս չգիտեին՝ Մինսկ գնալո՞ւ են, փաստաթուղթ ստորագրելո՞ւ են, թե՞ ոչ, որովհետև ստացվում է, որ այդ հանգամանքը Հայաստանից կախված չէ:
Հայաստանին պետք է ասվի, որ ինքը գնալո՞ւ է ստորագրի, թե՞ չի գնալու: Այսինքն, Հայաստանը, որպես այդպիսին արտաքին քաղաքական դաշտում ակտիվ գործոն չէ: Սա ամենամեծ ողբերգությունն է, որ այսօր առկա է, բայց բոլորը փորձում են տպավորություն ստեղծել, որ այ նախագահն ամեն ինչ գիտի, մենք ոչինչ չգիտենք: Բայց հավատացնում եմ ձեզ, որ որևէ մեկը ոչինչ այդ առումով չգիտի: Վաղը ինչ կասեն` այն էլ կանեն»:
Նա նկատեց, որ վերջերս բոլոր 4 ոչ իշխանական քաղաքական ուժերը իրենց ղեկավարների միջոցով ոչ թե արդեն ներքին քաղաքկան կյանքի մասին, այլ նաև արտաքին քաղաքական երևույթների մասին իրենց տեսակետներն արտահայտում են. «Ըստ էության, պարտադրելով իշխանություններին, որ նրանք անպայման այդ թեմայով իրենց խոսքն ասեն»:
Խոսելով շրջանառվող կարծիքների մասին, թե հնարավոր է՝ ԲՀԿ-ն դուրս գա ոչ իշխանական քառյակի կազմից, Գ.Իսագուլյանն ասաց. «Առիթ ունեցել եմ հանդիպելու պարոն Ծառուկյանի հետ, և կարող եմ միանշնակ ասել հետևյալը` բոլոր այն հայտարությունները և կոչերը, որ պարոն Ծառուկյանն արեց ԲՀԿ 7-րդ համագումարում, մնում են ուժի մեջ: Ես վստահ եմ դա ասում, որովհետև ինքը դրա մասին շատ հստակ ասաց: Մնացած բոլորը ասեկոսեներ են, քանի որ պետք է ազնիվ լինել է հարգելով` և´ ՀԱԿ-ին և´ ՀՅԴ-ի, և´ «Ժառանգությանը»:
ԲՀԿ-ի գործոնն այսօր բավականին մեծ ազդեցությու ունի, և բոլոր այդ լուրերը տարածվում են այն ԶԼՄ-ների կողմից, որոնց համար գուցե երազանք է, որ ԲՀԿ-ն անջատվի քառյակից: Բայց հավատացեք, որ եթե նույնիսկ ինչ-որ ուժեր այնտեղից պոկվեն, ապա ԲՀԿ-ն իր խոստմանը հավատարիմ գործելու է մինչև իրականցնի այն կետերը, որոնք ասվել են համագումարի ժամանակ: Ես դրանում ուղղակի վստահ եմ»:
Իսկ այն, որ ԲՀԿ-ի պատգամավորները երեկ քվեարկեցին Գալուստ Սահակյանի օգտին Գ. Իսագուլյանի համար նորմալ երևույթ է, քանի որ, ըստ նրա՝ պարզ էր, որ այսպես, թե այնպես ՀՀԿ-ականների թիվը գերակշիռ էր: