Մեղավոր են ճանաչվել սննդի օբյեկտը 6000 դրամով մարմնավաճառների տրամադրելու մեջ
Վերաքննիչ դատարանը որոշել է մերժել դատախազի բողոքը՝ երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելու մեջ մեղադրվող կնոջ և տղամարդու վերաբերյալ կայացված վճռի դեմ:
56-ամյա տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել, որ նա, հանդիսանալով ՍՊԸ-ի տնօրեն, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ Երևանում գործող հասարակական սննդի օբյեկտը պահել և դրա գործունեությունը ղեկավարել է պոռնկությամբ զբաղվելու համար: Ըստ մեղադրանքի՝ սննդի օբյեկտին կից երկու առանձնասենյակները մահճակալներով և այլ անհրաժեշտ պարագաներով կահավորելուց հետո, տղամարդը նույն ՍՊԸ-ի մենեջերի հետ նախնական համաձայնությամբ, հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար 6000-ական դրամով դրանք պարբերաբար տրամադրել է մարմնավաճառների:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, սննդի օբյեկտի հաճախորդների ցանկության դեպքում, գումարի դիմաց, նույն առանձնասենյակներում կազմակերպելով վերջիններիս ինտիմ հանդիպումները հացատան մատուցողուհիների հետ, այդ կերպ գույքային օգուտ ստանալով, նպաստել են երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն:
Քրեական գործի շրջանակներում 46-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, նա աշխատելով ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, ՍՊԸ-ի տնօրենի հետ նախնական համաձայնությամբ, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ, ընկերությանը պատկանող հասարակական սննդի օբյեկտին կից մահճակալներով և այլ անհրաժեշտ պարագաներով կահավորված երկու առանձնասենյակները հաճախորդների հետ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալու համար 6000-ական դրամով պարբերաբար տրամադրել է մարմնավաճառներ: Ըստ մեղադրանքի՝ սննդի օբյեկտի հաճախորդների ցանկության դեպքում գումարի դիմաց նույն առանձնասենյակներում կազմակերպել են վերջիններիս ինտիմ հանդիպումները հացատան մատուցողուհիների հետ, այդ կերպ գույքային օգուտ ստանալով նպաստել են երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն:
Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ ամբաստանյալները մինչ դատաքննությունը սկսվելը միջնորդել են դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել են կամավոր, խորհրդակցել են պաշտպանի հետ, գիտակցում են արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրենց պարզ է, համաձայն են մեղադրանքի հետ:
Դատարանը որոշել է արագացված կարգով դատական քննություն անցկացնել:
Հաշվի առնելով ամբաստանյալների պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները՝ առաջին ատյանի դատարանը տղամարդուն և կնոջը դատապարտել է 2 տարի 11ամիս 27 օր ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ նշանակելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազն առաջին ատյանի դատարանի այս վճիռը բողոքարկել է քրեական վերաքննիչ դատարան: Բողոքի հեղինակը գտել է, որ առաջին ատյանի դատարանի վճռով՝ խախտվել են ՀՀ քրեական օրենսգրքով ամրագրված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժն ակնհայտ մեղմ է, որը չի համապատասխանում հանցագործության ծանրությանն ու հանրային վտանգավորության աստիճանին և չի կարող նպաստել պատժի նպատակների իրականացմանը:
Դատախազն իր բողոքում նշել է, որ ամբաստանյալների պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է դիտվել այն, որ նրանք իրենց մեղավոր են ճանաչել, տվել են խոստովանական ցուցմունքներ և զղջացել են կատարած հանցանքի համար, սակայն նրա կարծիքով՝ դա չի բխում գործի տվյալներից. ըստ նրա՝ նախաքննության ընթացքում ամբաստանյալները ոչ միայն հանդես չեն եկել խոստովանական ցուցմունքներով ու չեն զղջացել, այլև չճանաչելով իրենց մեղավորությունը կատարված արարքում` տվել են ակնհայտ սուտ ցուցմունքներ, որի մասին վկայում են ինչպես՝ նրանց նախաքննության ընթացքում որպես կասկածյալ և մեղադրյալ հարցաքննվելու ընթացքում տված ցուցմունքները, այնպես էլ՝ նրանց և վկաների միջև կատարված առերես հարցաքննության ընթացքում տված ցուցմունքները։
Դատախազը նշել է, որ դատաքննության ընթացքում ամբաստանյալների կողմից իրենց ձևականորեն մեղավոր ճանաչելը նպատակ էր հետապնդում դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, որպեսզի ստանան ավելի մեղմ պատիժ, քանի որ նման դեպքում պատիժը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը:
Ըստ դատախազի՝ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալների կողմից կատարված արարքը կրել է պարբերական բնույթ, այսինքն, շուրջ երկու տարի ամբաստանյալները նպաստել են բազմաթիվ կանանց պոռնկությամբ զբաղվելուն և այդ կերպ ստացել են նյութական օգուտներ: Դատախազը վերաքննիչ դատարանից խնդրել է ամբաստանյալների նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով պատիժ՝ առանց պատիժը պայմանականորեն չկիրառելու:
Վերաքննիչ քրեական դատարանը եկել է համոզման, որ ազատազրկման ձևով նշանակված պատիժները ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու մասով առաջին ատյանի դատարանի վճիռն օրինական է ու հիմնավորված, համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորների անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է նրանց ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: Վերաքննիչ դատարանը որոշել է մերժել դատախազի բողոքը, առաջին ատյանի դատարանի որոշումը թողնել օրինական ուժի մեջ: