Բաժիններ՝

Պետպարտքի կայունության գնահատման սովորական ցուցանիշները կարող են ճիշտ չգնահատել պարտքային բեռը. փորձագետ

Վերջին տարիներին ՀՀ պետական պարտքը կտրուկ ավելացել է՝ 2008թ. վերջում 584.6 միլիարդ դրամից 2013թ. վերջում հասնելով 1861.3 միլիարդ ՀՀ դրամի: ՀՀ կառավարությունը պնդում է, որ պետական պարտքը կայուն է և մտահոգության պատճառ չի կարող հանդիսանալ: Սակայն անկախ փորձագետ Արտակ Քյուրումյանի կարծիքով, պետական պարտքի կայունության գնահատման սովորական ցուցանիշները կարող են ճիշտ չգնահատել պարտքային բեռը:

Արտակ Քյուրումյանը Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության աջակցությամբ 2013թ հոկտեմբերից 2014թ. մարտն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է ՀՀ պետական պարտքի կառավարման, պետական պարտքի ներգրավման, պետական պարտքի մեծության հետ կապված միշարք հարցեր և կուտակված տվյալներն ու տեղեկատվությունը դիտարկել է ՀՀ-ում զարգացումների, միջազգային փորձի և կատարված հետազոտություններում արձանագրված եզրակացությունների համատեքստում: Հետազոտությունը հանրությանն է ներկայացվելու ապրիլի 28-ին:

Ըստ Քյուրումյանի՝ զգալի տարբերություններ գոյություն ունեն ՀՀ կառավարության ռազմավարական և մարտավարական փաստաթղթերում նշված նպատակների և առանձին տարիներին ընդունված որոշումների միջև, կտրուկ ավելացել են պետական պարտքի դիմաց վճարվող տոկոսների (2008թ. 11 միլիարդ դրամից 2013թ. հասնելով 46.5 միլիարդ դրամի) և արտաքին պարտքի գծով մայր գումարների (2005-2008թթ. տարեկան 15-16 միլիոն ԱՄՆ դոլարից 2013թ. արդեն գերազանցել է 124 միլիոն ԱՄՆ դոլարը) մեծությունը, կառավարությունը մեծ ծավալներով պարտք է ներգրավում այն պայմաններում, երբ գանձապետական միասնական հաշվում առկա են մի քանի տասնյակ միլիարդ, իսկ որոշ տարիների նաև հարյուրդ միլիարդ և ավելի դրամ:

Փորձագետը նշում է, որ ՀՀ օրենսդրությունը հստակ չի սահմանում, թե ով իրավունք ունի ՀՀ անունից պետական պարտք ստանձնել. «Պետական պարտքի նպատակային ցուցանիշները ՀՀ Ազգային ժողովի կողմից չեն հաստատվում, ինչը կառավարությանը շատ մեծ ազատություն է տալիս: Չնայած միջազգային կառույցներից և օտարերկրյա պետություններից ներգրավված միջոցների վերաբերյալ պայմանագրերը ենթակա են վավերացման խորհրդարանի կողմից, ապա այլ պայմանագրերի վրա նման պահանջ չի տարածվում: Եթե հաշվի առնենք, որ մինչև վերջերս Հայաստանը դասվում էր ցածր եկամուտ ունեցող երկրների շարքին և հիմնականում օգտվում էր միջազգային ֆինանսական կազմակերպություններից արտոնյալ պայմաններով տրամադրվող վարկային գործիքներից, ապա որպես միջին եկամուտ ունեցող երկիր առաջիկա տարիներին ՀՀ-ն սկսելու է շուկայական պայմաններով ավելի շատ ֆինանսական միջոցներ ներգրավել: Այս հանգամանքով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում կանոնակարգել պետական պարտքի կառավարումը և զարգացած երկրների օրինակով պետական պարտք ներգրավելու բացառիկ իրավունքը վերապահել ֆինանսների նախարարին, ինչպես նաև սահմանել պետական պարտքի նպատակային ցուցանիշները»:

Ա. Քյուրումյանը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք ավելի կառավարելի կդարձնեն պետական պարտքի հետ կապված հարցերը: Փորձագետը, մասնավորապես, առաջարկում է՝ յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հետ միասին Ազգային ժողովը պետք է նաև հաստատի պետական պարտքի պայուսակի նպատակային ցուցանիշները (պարտքի առավելագույն մեծությունը, նպատակային ժամկետայնությունները, արժութային նպատակային կառուցվածքը, ֆիքսված և լողացող տոկոսադրույքով պարտքերի նպատակային կառուցվածքը, եկամտաբերության նպատակային ցուցանիշները և այլն), որը պետք է հիմնվի կարիքների գնահատման վերլուծության վրա և ֆինանսների նախարարին ազատություն տա պարտքեր ներգրավել տարվա ընթացքում, ինչպես նաև միջոցների ներգրավման յուրաքանչյուր գործարքի ժամանակ համապատասխան փաստաթղթերում նշել պետական պարտքի ներգրավման նպատակը և կոնկրետ ներդրումային ծրագրերի ֆինանսավորման համար միջոցներ ներգրավելու հնարավորության մասին, օրենսդրորեն կանոնակարգել պետական բյուջեից վարկերի տրամարդման գործընթացը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս