Առաջիկայում մենք ՓՄՁ-ների ծրագրերին ընդառաջ շատ լավ քայլեր ենք անելու. Հովիկ Աբրահամյան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր պաշտոնն ստանձնելուց հետո այսօր առաջին անգամ վարել է ՀՀ կառավարության հերթական նիստը:
Հաստատվել է նիստի օրակարգը, որտեղ ընդգրկված է եղել երեք տասնյակ հարց:
Նիստում քննարկվել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ՀԴՄ-ների կիրառման և դրանց միջոցով հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքերի համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության մոտեցումները, ինչպես նաև շեշտակի նվազեցնել սահմանված պատասխանատվության չափերը, ինչին դեմ է կառավարությունը:
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի համաձայն ներդրումային ծրագրերով ներմուծվող ապրանքների 300 մլն դրամ արժեքային սահմանաչափը, որը կիրառվում է ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետի հետաձգման նպատակով, 2014թ. հունվարի 1-ից փոխարինվել է 200 մլն դրամով: Գործադրի որոշմամբ համապատասխան փոփոխություններ են կատարվել վերը նշված օրենքի կիրարկումն ապահովող կառավարության նախկին որոշման մեջ:
Որոշման նախագծերի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է երկրում փոքր և միջին բիզնեսի զարգացման հարցին. «Հարգելի գործընկերներ, մենք սկսելու ենք մի գործընթաց և մեր ապագա կառավարության, երկրի նախագահի և բոլորիս ցանկությունն է, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար ստեղծենք շատ բարենպաստ պայմաններ և բարենպաստ հարկային դաշտ, – ասել է կառավարության ղեկավարը: – Առաջիկայում մենք ՓՄՁ-ների ծրագրերին ընդառաջ շատ լավ քայլեր ենք անելու: Մեծ հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի ՓՄՁ-ն մեր երկրում զարգանա: Լինելու ենք յուրաքանչյուր ներդրողի կողքին, և այդ հարցը կառավարության կազմը ձևավորելուց հետո մանրամասն կքննարկենք: Շատ մեծ քայլեր ենք կատարելու, որպեսզի բիզնես դաշտում ապահովենք մեծ ներդրումների հնարավորություն յուրաքանչյուր գործարարի համար: Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի, որպեսզի այն գործարարը, որն իր բիզնեսն իրականացնելու է օրենքի շրջանակում, որևէ կառույցից որևէ խոչընդոտ չստանա: Դա սկզբունքային որոշում է լինելու նաև իմ կողմից»:
Կառավարությունը քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նա առաջարկել է մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական ստաժում հաշվառել նաև մինչև 2003թ. օգոստոսի 1-ը նախկին ԽՍՀՄ հանրապետություններում աշխատած ժամանակահատվածները: Նախագծի մշակման նպատակը 2003 թվականից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած Վրաստանի Սամցխե-Ջավախք և Քվեմո-Քարթլի նահանգների հայազգի քաղաքացիներին մասնակի կենսաթոշակի իրավունք տալն է: Կառավարության եզրակացության մեջ մատնանշված են օրինագծի ընդունումը խոչընդոտող ինչպես իրավական, այնպես էլ ֆինանսական պատճառները: Նախագծի հեղինակին առաջարկվում է ՀՀ կառավարության հետ լրացուցիչ քննարկել խնդիրը՝ երկուստեք ընդունելի լուծում գտնելու նպատակով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: