Հովիկ Աբրահամյանը կգնա՞ Ռոբերտ Քոչարյանի ճանապարհով. «Առավոտ»

«Առավոտը» գրում է. «ԲՀԿ-ի՝ կառավարությանը մաս չկազմելու որոշումը մարտավարական տեսանկյունից միանգամայն հասկանալի «խաղ» է։ Ինչո՞ւ պատասխանատվություն կիսել Սերժ Սարգսյանի իշխանության հետ, եթե կարելի է մի կողմ քաշված մնալ, երկրի ու ժողովրդի խնդիրների մասին բարձրաձայնել ու պատասխանատվություն ու պատասխանատվություն չստանձնել այդ խնդիրները լուծելու հարցում։

Բայց այստեղ նաև մեկ այլ հարց է ծագում ՝ իսկ Հովիկ Աբրահամյանի ղեկավարման նկատմամբ չեզոքություն դրսևորելու դեպքում ԲՀԿ-ն կամ ՀԱԿ-ը, և ոչ միայն նրանք, արդյոք մասնակցություն չե՞ն ունենում, ընդհանուր առմամբ, գործող քաղաքական համակարգի գոյատևմանն ու պահպանմանը, որը ղեկավարում է Սերժ Սարգսյանը, իշխող Հանրապետականն ու նոր ձևավորվելիք կառավարությունը, որն էլ մոտ ապագայում պատասխանատվություն է ստանձնելու։

ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ կարդում ենք. «Մենք ոչ թե մերժում ենք վարչապետի կամ որևէ նախարարի անձը կամ նրանց ներկայացրած ծրագիրը, այլ մենք մերժում ենք Հայաստանում կառավարություն ձևավորելու հանրապետականների կեղծված մեծամասնության իրավունքն ընդհանրապես։ Ուստի մեր կարծիքով՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի քառյակի հիմնական խնդիրը պետք է դառնա Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումը»։

Ինչո՞ւ, կարելի էր Տիգրան Աարգսյանի ղեկավարած կառավարության հրաժարականը պահանջել իսկ Հովիկ Աբրահամյանինը՝ ո՞չ։ Իսկ գուցե Հովիկ Աբրահամյանից ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը այլ ակնկալիքներ ունեն… Որ որոշակի ակնկալիքներ կունենան, օրինակ, պարզ դարձավ ապրիլի 8- ին «Ա1 +»-ի եթերում՝ «P.S.» հաղորդաշարի ընթացում։

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը խոսում էր Սերժ Սարգսյանի կողմից ազգային համաձայնության կառավարության ձևավորելու, Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու թեմայի շրջանակներում, դրա պատճառների մասին, թե ինչու այդպես կցանկանար վարվել Սերժ Սարգսյանը, և երբ հաղորդման հեղինակ Արամ Աբրահամյանը հիշեցրեց, ռր 1996-ի ընտրություններից քիչ անց Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետ նշանակեց Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի երկարաձգի իր իշխանությունը, բայց Քոչարյանը եկավ ու «փորեց Լևոն Տեր-Պետրոսյանի տակը», դարձավ երկրի նախագահ, Լյուդմիլա Սարգսյանը բավական խոսուն պատասխան տվեց, «Ես Ձեր ակնարկը հասկացա, Աստված ձեր ձայնը լսի…»։

Այսինքն՝ հիմա էլ ՀԱԿ-ը պետք է սպասի, որ Հովիկ Աբրահամյա՞նը ներսից «կազմաքանդի» Սերժ Սարգսյանի իշխանությունը ու «բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն» իրականացնի…

Եթե այդպես է, ուրեմն, ինչպես 1998 թվականի փետրվարյան իշխանափոխությունը, Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալն էր համարվում «պալատական հեղաշրջում», ապա այդպես էլ այսօրվա «ոչ իշխանական» ուժերը քաղաքական պայքարում իրենց նպատակի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու ճանապարհին ամենաիրագործելի տարբերակը, փաստորեն, մոտավորապես, 1998-ի նման «լուծմամբ» են հնարավոր համարում՝ նորանշանակ վարչապետի ակտիվ մասնակցությամբ»։

Մանրամասները՝ «Առավոտի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս