Երկրի տնտեսությանը խիստ անհրաժեշտ է հանքարդյունաբերությունը
Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական զարգացումները մեծամասամբ կապված են հանքարդյունաբերության հետ, որը հատկապես անցած 5 տարիներին արտահանման ծավալների շուրջ կրկնակի աճ է արձանագրել: Հայտնի է, սակայն, որ ՀՀ կրթական համակարգը շատ առումներով չի հասցնում այդ ոլորտի զարգացումների ետևից, և կրթություն-արդյունաբերություն կապը խզված է, գործատուները շատ հաճախ են բողոքում, որ բուհի շրջանավարտ լինելը դեռ չի նշանակում` մասնագետ լինել:
Ի՞նչ իրավիճակ է այս առումով հանքարդյունաբերության ոլորտում: Պարզվում է` ներկայումս, խորհրդային տարիների համեմատ, ուսանողների քանակի նվազում ընդհանուր առմամբ չի եղել, և Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը շարունակում է տարեկան 50-60 շրջանավարտ թողարկել:
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի ամբիոնի դոցենտ Հովհաննես Գույումջյանը նշում է, որ չնայած ուսանողների թվաքանակի մեծ փոփոխություն նկատելի չէ, սակայն որակական առումով շատ բան է փոխվել:
«Այն տարիներին երկրաբանները բոլորը բարձր որակով էին: Համալսարանում սովորելու ժամանակ արդեն դառնում էին մասնագետ: 5 տարի էին սովորում ու ամեն տարի ամիսներով աշխատանքային պրակտիկա էին գնում ԽՍՀՄ-ի բոլոր ծայրերը:
Ուսումնական պրակտիկայից գալիս էին նոր փորձով լավ զինված և դասախոսությունները շատ լավ էին ընկալում: Իսկ հիմա կարծում են, թե իրենց հետ չինարեն եմ խոսում, շատ քիչ են դաշտում լինում, ծախսերը մեծ են: Մեր երկրաբանները 15 օրով են գնում պրակտիկայի, որոշ բան տեսնում են, բայց դա քիչ է»,- ասում է Հ. Գույումջյանը:
Ըստ նրա, ուսանողների` լավ կրթվելու մոտիվացմանը խոչընդոտում են նաև աշխատանք գտնելու դժվարությունները, եթե նախկինում ավարտելու հաջորդ օրն արդեն նորաթուխ մասնագետները նշանակում էին ստանում, այսօր իրավիճակը փոխվել է, հանքերը հիմնականում օտարերկրյա մասնավոր կազմակերպություններ են շահագործում, և հնարավորությունները նախկինը չեն. «Նրանք իրենց մասնագետներն ունեն, իրենք բոլորովին այլ մեթոդներով են աշխատում, մերոնք էլ այլ մեթոդների են տիրապետում:
Մեր ուսանողները գնում, աշխատում են, բայց իրենց մտածելակերպն ուրիշ է: Իրենք միայն անալիզների ու թվերի հաշվարկների վրա են հիմնվում երկրաբանական հետազոտությունների ժամանակ, իսկ մերոնք ուսումնասիրում են ընդհանուր միջավայրը, ապարները: Ամեն դեպքում, ուսանողների մոտ կրակ կա, հուսահատական վիճակ չի»:
ՀՀ-ում ընդհանրապես քիչ ընկերություններ են իրենց համար մասնագետներ պատրաստում դեռ ուսանողական նստարանից: Այդ քչերից է «Գեոթիմ» ընկերությունը, որն Ամուլսարի ազդակիր համայնքներից` Գորայքից, Սարավանից և Գնդեվազից, 12 ուսանողի աջակցում է, որպեսզի երկրաբանի և լեռնային ինժեների մասնագիտություն ձեռք բերեն: Նրանց մեծ մասը նաև աշխատում է ընկերությունում` այդպիսով նաև անցնելով մասնագիտական պրակտիկա: «Երկրաբանության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող եմ: Արդեն 3-4 տարի է, աշխատում եմ ընկերությունում` բանվորից մինչև երկրաբանի օգնական: Ավարտեմ, ես էլ եմ երկրաբան դառնալու»,- պատմում է Գորայքի բնակիչ Մկրտիչ Կարապետյանը:
Նրա խոսքով` աշխատանքի տեղը հարմար է, մոտ է գյուղին և, եթե հանքը շահագործվի, կմնա ու կաշխատի այնտեղ. «Ընտանիքս չեմ թողնելու` գյուղից, դուրս գամ: Պարզ է, որ պետք է մնամ, աշխատեմ: Եթե շահագործման հանձնվի` ես մեծ սիրով կաշխատեմ: Գյուղի տղա եմ, սիրում եմ սարերում աշխատանքը»:
Հ. Գույումջյանի կարծիքով` ՀՀ-ն փոքր է, հանքավայրերը շատ են, բայց երկիրը պետք է արտադրի. «Հայաստանն աշխարհի հնագույն լեռնահանքային երկիրն է, առաջին մետաղը, առաջին պղինձը 10 հազար տարի առաջ այստեղ են ստացել: Սովետի ժամանակ էլ առաջատար լեռնահանքային երկիր էր, այժմ էլ երկրի տնտեսությանը շատ խիստ անհրաժեշտ է հանքարդյունաբերությունը: Հանքերը պետք է շահագործվեն, բայց ճիշտ շահագործվեն»:
Սարավանի բնակիչ Ռոման Հովհաննիսյանը մասնագիտությամբ ատամնատեխնիկ է, բայց ֆինանսական խնդիրների պատճառով որոշել է փոխել մասնագիտացումը: Այժմ նա ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է, նաև սեզոնային «Գեոթիմում» է աշխատում. «Այս մասնագիտությունն ընտրելով` հույս ունեմ, որ հետագայում նորմալ աշխատանք կունենամ: Լավ ակնկալիքներ ունեմ, տեսնենք, մեծ աշխարհ է»:
Գնդեվազի բնակիչ Էդուարդ Արշակյանը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի օգտակար հանածոների հետախուզում և մշակում բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող է: Դառնալու է լեռնային ինժեներ: «Սիրում եմ այս գործը, դրա համար էլ սկսեցի այս ուղղությամբ մտածել ու հույս ունեմ ապագայում Ամուլսարի հանքում աշխատել:
Մասնագիտությունս հեռանկարային է, այսօրվա դրությամբ` ամենապահանջված մասնագիտություններից մեկն է, և եթե ընկերության աջակցությունը չլիներ, մեկ է, կսովորեի այստեղ»,- ասում է Էդուարդը:
«Գեոթիմի» սոցիալական զարգացման ծրագրերի ղեկավար Նառա Ղազարյանը նշում է, որ համայնքային զարգացման ծրագրերում ընկերությունը կարևորում է տեղական ներուժի լավագույն կիրառումը, և այդ առումով երկրաբանության և մետալուրգիայի գծով բարձրագույն կրթության խթանումը համայնքներում երկարաժամկետ ռազմավարական նշանակություն ունի: «Գեոթիմի» ֆինանսավորմամբ Ամուլսարի շրջակա համայնքներից Երևանի բուհերում ուսանող 12 երիտասարդները ոչ միայն բարձրագույն կրթություն և մասնագիտացում են ստանում, այլև ընկերությունում ժամանակակից բարձրակարգ հանքարդյունաբերական և երկրաբանահետախուզական ծրագրում` Ամուլսարում աշխատելու և մասնագիտանալու հնարավորություն:
«Երբ հանքը սկսի գործել, մենք նպատակ ունենք հնարավորինս շատ աշխատատեղեր ապահովել Ամուլսարի շրջակա համայնքների բնակչության համար: Կրթական ծրագրերն այդ առումով «Լիդիանի» և «Գեոթիմի» համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի կարևորագույն բաղկացուցիչ են»,- վստահեցնում է Ն.Ղազարյանը:
ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրաբանության բաժնի ուսանող, գորայքցի Գարիկ Կարապետյանը միաժամանակ աշխատում է ընկերությունում: Նա շեշտում է, որ եթե չլիներ այդ աշխատանքը, ստիպված էր լինելու իրերը հավաքել ու գնալ Ռուսաստան: Մեր հարցին՝ այլ աշխատանքի հնարավորություն չկա՞, Գարիկը տարակուսած պատասխանեց. «Դու այս երկրից չե՞ս: Ես ուրիշ բարձրագույն կրթություն էլ ունեմ, տնտեսագետ եմ, բայց 50-60 հազար աշխատավարձով ի՞նչ աշխատեի: 2 երեխա ունեմ, ո՞նց պիտի պահեմ նրանց»: