ՔԿԱԳ համակարգը արդիականացվում է
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծին: Այժմ գործում է ՔԿԱԳ թղթային համակարգ, կիրառվում թղթային գրանցամատյան, փաստաթղթերը և դիմումները պատրաստվում են ձեռագիր: Եվրամիության աջակցությամբ մշակվել և փորձարկվել է ծրագրային ապահովում և էլեկտրոնային գրանցման նոր համակարգ, որն արդեն գործում է Երևան քաղաքի ՔԿԱԳ մարմիններում և Գյումրիում: Նշված համակարգը ՀՀ ամբողջ տարածքում նախատեսվում է ավարտել 2014թ. մայիս-հունիսին: Սակայն գործող օրենսդրության մեջ չկա որևէ դրույթ, որը նախատեսի էլեկտրոնային գրանցամատյանների ստեղծում և համակարգի կիրառման պարտավորություն: Այս հասկացություններն օրենսդրություն ներմուծելու նպատակ ունեն առաջարկվող լրացումները, որոնք հնարավորություն կտան հստակեցնել ՔԿԱԳ համակարգը և ներդնել էլեկտրոնային գրանցման համակարգ: Այս ամենի արդյունքում ծառայությունները կլինեն ավելի որակյալ, ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանն ու հավելել. «Ես խնդրում եմ լրագրողների հետ հանդիպման ժամանակ սա էլ ներկայացնեք, որովհետև մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տեղեկատվական այս նոր հնարավորությունների օգտագործումը, ինչի շնորհիվ մենք ծառայությունների որակը բարելավում ենք, անարձագանք չի մնում: Մեր քաղաքացիները գոհ են այդ ծառայություններից, որովհետև շատ կարճ ժամանակահատվածում, եթե դիմում են պետական մարմիններին, նրանք ստանում են բոլոր հարցերի պատասխանները, ստիպված չեն լինում տարբեր մարմիններով վազվզել, տեղեկանքներ հավաքել: Որքան տեղեկացված լինեն մեր քաղաքացիները, այնքան դրական վերաբերմունք կլինի այս ռեֆորմին: Ուզում եմ ուղղակի հավաստիացնել, որ մենք շատ հետևողական ենք լինելու: Դրա վկայություններից մեկը նաև հեռախոսահամարների տեղափոխելիության խնդիրն էր: Այսօր քչերն են հիշում, որ կառավարությունը սկզբունքային դիրքորոշումը պաշտպանեց, չնայած որ կար մեծ դիմադրություն: Հիշում եք, որ կային սուբյեկտներ, որոնք դեմ էին, որ մենք այդ հնարավորությունը ստեղծենք մեր քաղաքացիների համար, որպեսզի հեռախոսահամարների տեղափոխելիությունը լինի ազատ քաղաքացու ցանկությամբ: Մենք այս հարցում եղանք վճռական և ունենք դրական արդյունք՝ քաղաքացիներին մատուցում ենք որակյալ ծառայություն: Եթե քաղաքացին մի հեռախոսային ընկերությունից անցնում է մյուսին, ստիպված չի լինում գնալ տարբեր օղակներից թույլտվություն ստանալ: Դա արվում է շատ հեշտ և ավտոմատ ձևով: Մենք միասին պարտավոր ենք այս ամբողջական տեղեկատվությունը մշտապես տալ մեր քաղաքացիներին, որպեսզի այս ծառայություններից օգտվողների քանակը ավելանա»:
«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը բովանդակում է անցումային և եզրափակիչ դրույթներ: Առաջարկվում է ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ մտցնել 2014թ. օգոստոսի 3-ին: Մինչև 2018թ. հունվարի 1-ը էլեկտրոնային համակարգով փաստաթղթեր պատրաստելու տեխնիկական անհնարինության դեպքում ՔԿԱԳ մարմինը կատարում է թղթային գրանցում՝ այն էլեկտրոնային կառավարման համակարգ մուտքագրելով ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում:
Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով: