Հովիկ Աբրահամյանը չի՞ մտնում ՀՀԿ-ականների մեջ

ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններն ապրիլի 28-ի քառօրյա նիստում կառավարությանն անվստահություն կհայտնեն և, ինչպես ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն է հայտարարել` կհասնեն նրան, որ վարչապետի հաջորդ թեկնածուն ՀՀԿ-ական չլինի: «Մեզ համար անընդունելի է ՀՀԿ-ական վարչապետի այլ թեկնածուն, պետք է հաջորդ վարչապետը ՀՀԿ-ական չլինի»,- ԱԺ բրիֆինգների ժամին հայտարարել էր Վահան Բաբայանը: Պարզվում է, սակայն, որ ոչ իշխանական չորս խմբակցություններն այս հարցը չեն քննարկել:

Համենայնդեպս, մեզ հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրենց համար սկզբունքայի՞ն է, որ վարչապետի նոր թեկնածուն ՀՀԿ-ական չլինի, թե՞ իրենք պատրաստ են գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին փոխարինել ՀՀԿ մեկ այլ ներկայացուցչով, զրուցակիցներից և ոչ մեկը դրական կամ բացասական պատասխան չտվեց` ասելով, որ այդ հարցը չի քննարկվել:

Երբ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք իրենց համար սկզբունքայի՞ն է, որ գործող վարչապետ Տիգրան Սարգսյանը չփոխարինվի ՀՀԿ-ական թեկնածուով, որ նոր վարչապետը ՀՀԿ-ական չլինի, նա պատասխանեց. «Մենք այդ մասին կխոսենք կառավարության հրաժարականից հետո:

Այդ մասին դեռ չենք խոսում: Համարում ենք, որ ամենակարևորը հրաժարականն է, իսկ մնացած բոլոր հարցերի մասին կխոսենք դրանից հետո»:

Կարդացեք նաև

Նա շեշտեց, որ իրենց կառավարությունը տապալել է հսկայական նախաձեռնություններ և շարունակում է տապալել, ուստի իրենք պահանջում են կառավարության հրաժարականը:

Մեր հարցին, որ, եթե, օրինակ` Տիգրան Սարգսյանը փոխարինվի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանով, ում անունը վաղուց է շրջանառվում` որպես վարչապետի հաջորդ թեկնածու, արդյո՞ք իրենց համար դա ընդունելի կլինի, Ս. Մարգարյանը պատասխանեց, թե այդ հարցի պատասխանը բխում է նախորդ հարցի պատասխանից:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն էլ ասաց, թե իրենց համար գերխնդիրը վարչապետի փոփոխությունը չէ, այլ` ամբողջ կառավարության փոփոխությունը, իսկ վերջնական նպատակը` ամբողջական իշխանափոխությունը:

Մեր հարցին, որ, եթե, օրինակ` Տիգրան Սարգսյանին փոխարինելու գա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, արդյո՞ք իրենց համար դա ընդունելի տարբերակ կլինի, թե՞ իրենք սկզբունքային հարց են դարձրել, որ հաջորդ վարչապետը պետք է ՀՀԿ-ից չլինի, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց.

«Երբ ամբողջ կառավարությունն ու վարչապետը հրաժարական կտան, մենք համատեղ կորոշենք, թե ի՞նչ կերպ պիտի ձևավորվի կառավարությունը: Դեռ գնում են բանակցություններ, վերջնական որոշում չկա` ինչ կերպ է ձևավորվելու կառավարությունը, բայց պիտի ծրագրի շուրջ ձևավորվող կառավարություն լինի, պետք է տրամաբանությունը փոխվի:

Այստեղ անձերի փոփոխության հարց չէ միայն, չնայած ես անձամբ կարծում եմ, որ կառավարության ղեկավարի անձը շատ կարևոր է, որովհետև նրանով է պայմանավորված, թե կառավարությունն ինչ կերպ կաշխատի: Իսկ խոսել մի բանի մասին, որի շուրջ մենք վերջնական որոշում չունենք… Մենք այդ հարցը չենք քննարկել, դրա համար չեմ ուզում որևէ անունի շուրջ որևէ մեկնաբանություն տալ»:

Տեսանյութեր

Լրահոս