«Պուտինը մորթեց «սրբազան կովին»…»
Քաղաքագետ, «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) ուկրաինական ճգնաժամի թեմայով հրավիրված քննարկմանը ներկայացնելով իր զեկույցը` «Ուկրաինայի շուրջ իրադարձությունների կապակցությամբ միջազգային կայունության և անվտանգության մարտահրավերները», կարծիք հայտնեց, թե Ուկրաինայի իրադարձություններին նվիրված հսկայական քանակով մեկնաբանություններում և վերլուծություններում շատ քիչ անդրադարձ կա այն հարցին, թե որն էր ճգնաժամի առաջացման պատճառը` ավելի գլոբալ, աշխարհաքաղաքական գործընթացի տեսանկյունից:
«Ինչպե՞ս ստացվեց, որ խոշոր աշխարհաքաղաքական խաղացողները շատ խաղաղ ձևով խաղում էին իրենց աշխարհաքաղաքական շախմատը, և հանկարծ խաղացողներից մեկը զայրացավ, վերցրեց խաղատախտակը և տվեց մյուս խաղացողների գլխին: Եվ այժմ բոլորը մտածում են` արդյոք նա կմարսի իր արածը, թե ոչ:
Դրա բացատրությունը շատ պարզ է. այսօր մենք տեսնում ենք խախտումն այն միջազգային և քաղաքական կարգի, որին սովոր էինք` Սառը պատերազմի ավարտից ի վեր, մենք սովոր էինք այն աշխարհակարգին, որը շատ առումներով ձևավորվել էր Սառը պատերազմի տարիներին և առանձնակի չէր մոդեռնիզացվել 1990-2000-ական թթ., թեև աշխարհն արդեն փոխվել էր:
Գիտնականները, միջազգայնագետները տարբեր եզրույթներ են օգտագործում, ինչպես «յալթա-պոտսդամյան» համակարգ, որն այսօրվա իրավիճակում մի փոքր ծիծաղելի է հնչում, «վեստվալյան» և այլն: Ո՞րն էր տարբերությունը: Կար երկբևեռ համակարգ, որտեղ կային խաղացողներ` Խորհրդային միությունը և Միացյալ Նահանգները, որոնք առաջին հերթին չէին կարողանում լուծել իրենց խնդիրները զենքով, քանի որ այն միջուկային էր, և մյուս կողմից` կարիք էլ չունեին որոշ խնդիրների լուծման: Այն ժամանակ մեծ հեղինակություն ուներ ՄԱԿ-ը…
Բայց այժմ աշխարհը փոխվել է, խաղացողներից յուրաքանչյուրը միակողմանի գործողություններ է իրականացնում, չեմ ուզում խոսել Կոսովոյի, Իրաքի և այլ հարցերի մասին, երկակի չափանիշները քաղաքականության մեջ միշտ էլ եղել են, կան ու կլինեն: Բայց այս վերջին 20 տարիներին չի փոխվել այն, որ համաշխարհային ուժի բևեռներից մեկը փորձում էր իրացնել իր ծրագրերը և հաջողում էր այդ գործում, սակայն անսպասելիորեն 2000-ական թթ. Ռուսաստանը սկսեց փորձել խաղալ երկրորդ ուժային բևեռի դերը: Իհարկե, Ռուսաստանն այլևս ԽՍՀՄ չէր, բայց նաև այն Ռուսաստանը չէր, որ կար 90-ականներին»,- նշեց քաղաքագետը:
Ըստ Ս. Մինասյանի` իհարկե կարելի է անվերջ վիճել, թե դա լա՞վ է արդյոք, որ Ռուսաստանը դարձավ երկրորդ բևեռը, թե վատ է, բայց փաստն այն է, որ մոտավորապես 2008 թ. ռուս-վրացական պատերազմից սկսած` Ռուսաստանը հետխորհրդային տարածքում փորձում է դիմակայել Արևմուտքին: Նրա խոսքերով` դա ունենում է և´ քաղաքական, և´ իրավական հետևանքներ:
«Փաստորեն, մենք տեսանք միջազգային իրավունքի լրջագույն ճգնաժամ, որի պատճառն այն էր, որ սկսեցին ճանաչվել նոր պետություններ, և այդ իմաստով`գագաթնակետը դարձավ Ղրիմի կամպանիան կամ անշլյուսը (անվանեք այնպես, ինչպես կուզեք), որի ժամանակ Վլադիմիր Պուտինը, պատկերավոր ասած, մորթեց այն «սրբազան կովին», որը հանդիսանում էր նախկին խորհրդային պետությունների սահմանների անձեռնմխելիությունը: Համապատասխանում է սա ժամանակակից միջազգային իրավունքին, թե ոչ, արդեն քաղաքական նախասիրությունների հարց է: Պարզապես բացատրեմ, որ իրականում միջազգային իրավունքը խաղի այն կանոններն են, որոնք ընդունում են այդ աշխարհաքաղաքական խաղի մյուս բոլոր մասնակիցները»,- նշեց նա:
Քաղաքագետն հիշեցրեց` այն, ինչ այժմ անվանում են միջազգային իրավունքի սկզբունքներ, ձևավորվել են 1974-75 թթ.` Հելսինկյան գագաթաժողովի ժամանակ, և այս ընթացքում լուրջ փոփոխություններ են եղել, քանի որ մի շարք պետություններ, որոնք ստորագրել են Հելսինկյան համաձայնագիրը այսօր գոյություն չունեն:
«Որքան հասկանում եմ` «ռեալ պոլիտիկը» վերադառնում է համաշխարհային քաղաքականություն, ես չգիտեմ` դա պատճառ կդառնա նոր Սառը պատերազմի, թե ոչ, թեև նոր Սառը պատերազմի համար առնվազն պետք է այնպիսի հզոր պետություն, ինչպիսին ԽՍՀՄ-ն էր, և երկու բևեռների միջև ինչ-որ գաղափարական հակասություններ, ինչպես Սառը պատերազմի ժամանակ, բայց այն, ինչ կտեսնենք, լուրջ առճակատում է լինելու ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների և Ռուսաստանի միջև»,- ավելացրեց Սերգեյ Մինասյանը:
Իսկ ՌԱՀՀԿ գիտական տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը իր հերթին նշեց, որ Սառը պատերազմն ավարտվել է 1989-ին, և այն, ինչ հիմա տեղի է ունենում, հենց Սառը պատերազմի ավարտի արդյունքն է:
«Սա պատերազմ է, որը զարգանում է ժամանակակից մեթոդներով, և այդ պատերազմում ես չեմ տեսնում դիմակայող կողմերի, սա պատերազմ է, որը չի թույլատրում դիմակայող կողմեր… Երբ մենք նայում ենք, թե ինչ էր տեղի ունենում Հաագայում, ինչպես էին տարբեր երկրներն արձագանքում տեղի ունեցողին, շատ տարօրինակ բաներ են տեսնում: Դրանք տարօրինակ են թվում, եթե նայում ենք դիմակայության և Սառը պատերազմի տրամաբանության մեջ, իսկ փոփոխությունների գործընթացի տրամաբանության մեջ, որտեղ դերակատարություն ունեն գերտերությունները, շատ բան պարզ է դառնում»,- նշեց Մանվել Սարգսյանը: