«Եթե Սպիտակ տունը, Կրեմլը և Բրյուսելը համաձայնության չգան, ապա Ուկրաինան կշարունակի տառապել». ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան խորհրդական
«Ղրիմում տեղի ունեցածը ոչ թե հանրաքվե էր, այլ ֆարս, ոչ մի կամարտահայտում այնտեղ չի եղել»,- այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) «Ճգնաժամ Ուկրաինայում. ի՞նչ ազդեցություն կարող է այն գործել միջազգային հարաբերությունների վրա» թեմայով կազմակերպված քննարկմանն ասաց Հայաստանում Ուկրաինայի դեսպանության խորհրդական Իգոր Սվյատոսլավովիչ Ռոմանը:
Վերջինս ներկայացրեց իր զեկույցը` «Քաղաքական իրավիճակը Ուկրաինայում` ղրիմյան հանրաքվեից հետո», և առաջին հերթին`խոսեց «Մայդանի» հեղափոխական գործընթացների մասին: Նա հիշեցրեց, որ «Մայդանի» սկզբնավորման համար ազդակ է ծառայել Յանուկովիչի իշխանության կողմից ԵՄ-ի հետ Ասոցիացման պայմանագրի ստորագրման գործընթացի կասեցումը, որի արդյունքում բողոքի դուրս եկան ուսանողները, առաջացավ «ուսանողական Մայդանը», որը դաժանորեն ճնշեց Բերկուտը: Սրա հետևանքով «Մայդանին» միացան ավելի լայն շերտեր, և «Մայդանը» դարձավ ավելի արմատական:
Ի. Ռոմանը նշեց մի քանի վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն` 2011 թ. Ուկրաինայի բնակչության 51 տոկոսն է կողմ եղել եվրաինտեգրմանը, իսկ «Մայդանի» ժամանակ այդ թիվն արդեն հասել էր 78 տոկոսի:
«Ես ունեմ որդի, ով իրեն նույնականացնում է միայն Եվրամիության հետ, սովորում է գերմաներեն … Մենք շատ լավ ենք տեսնում, թե ինչ վիճակ է Ռուսաստանում, հասկանում ենք, թե որտեղ են ավելի լավ ապրում, որտեղ է ժամանակակից մոդելը: Եվ հենց ուսանողներն էին այդ 51 տոկոսի ակտիվ հատվածը: Բայց եթե անգամ բնակչության ընդամենը 30 տոկոսն է կողմնորոշվում դեպի Արևմուտք, դա պետք էր հաշվի առնել, իսկ եթե նրանք կեսից ավելին են, այդ դեպքում հասկանալի է, թե ինչ մարտահրավերների ենք մենք բախվում: Այսինքն, պետությունը սկզբում ժողովրդին ասում է` գնում ենք Եվրոպա, և մինչև վերջին պահը բոլորը սպասում են դրան, հետո փոխում է որոշումը, և բնականաբար, առաջանում է բողոք և ընդվզում: Սակայն դա դեռ թույլ, ուսանողական ընդվզում էր, երիտասարդությունն ուզում էր գնալ Եվրոպա, սակայն նրանց դաժանորեն ցրեցին, և Մայդանին միացավ սոցիալ-տնտեսական բաղադրիչը»,- ասաց նա:
Ըստ Իգոր Ռոմանի` «Մայդանի» իրադարձություններն անդառնալի դարձրեց առաջին մահը, երբ սպանվեց հայկական ծագումով Ուկրաինայի քաղաքացի Սերգեյ Նիգոյանը: Միևնույն ժամանակ ուկրաինացին ընգծեց, որ առանց կիևցիների օգնության` «Մայդանը» կմարեր:
«Իսկ ովքե՞ր են կիևցիները, նեոֆաշիսնտե՞ր, երբեք, նման բան չկա, կիևցիները մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն են, պետական ծառայողներ, ովքեր առավոտյան գնում էին աշխատանքի, իսկ երեկոյան` «Մայդան»»,- բացատրեց ուկրաինացի փորձագետը:
Նա նաև ավելացրեց, թե իր համար վիրավորական է, երբ որոշ փորձագետներ, և վերլուծաբաններ` հատկապես Ռուսաստանից, ովքեր երբեք չեն եղել «Մայդանում», հիմնվելով ինտերնետային տեղեկատվության վրա, «Մայդանը» նույնականացնում են բանդերականների կամ ֆաշիստների հետ:
Անդրադառնալով երկրի ներկայիս իրադրությանը` Ռոմանը նշեց, թե Ուկրաինայի ներքաղաքական գլխավոր խնդիրը շարունակելու է մնալ իշխանության լեգիտիմության հարցը, որը պայմանավորելու է ոչ միայն ներքին, այլև արտաքին ուժերի պայքարը: Նա ավելացրեց, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը չէր նպաստի Ուկրաինայի խնդիրների լուծմանը, և Ուկրաինան կպահպանի դաշինքներից դուրս կարգավիճակը:
Միաժամանակ Ռոմանը շեշտեց, որ որևէ հիմք չկա հուսալու, թե Ուկրաինան տեսանելի հեռանկարում կարող է դառնալ Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերը: Իգոր Ռոմանը հարկ համարեց նշել մի քանի քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք, իր խոսքերով, Ուկրաինայի տարածքումիրականացվել են աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից:
Ըստ նրա` Ռուսաստանի ձգտում է թուլացնել Ուկրաինայի քաղաքական և պետական համակարգը և խորացնել երկրի ներքին խնդիրները, այդ նպատակով` նա ամեն կերպ փորձում է ձախողել նախատեսված նախագահական խորհրդարանական ընտրությունները: Տեխնոլոգիաներ է կիրառում նաև հակադիր բևեռը:
«Ուկրաինան դարձավ ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև պատերազմի գերին. Սպիտակ տունը ծրագրում էր Լեհաստանի հետ դաշինքի ամրապնդման միջոցով սեպ խրել Մոսկվայի և Բեռլինի միջև: Սա էլ մյուս բևեռի տեխնոլոգիան է և իրացվում է Ուկրաինայի տարածքում: Այս իրավիճակում Ռուսաստանը ստիպված էր գործարկել «Բ» պլանը, որովհետև «Մայդանը» Ուկրաինան տարավ այլ ուղղությամբ, իսկ այն իշխանությունը, որի հետ Ռուսաստանն արդեն պայմանավորվել էր, լքեց Ուկրաինայի տարածքը,- նշեց Իգոր Ռոմանը:- Ուկրաինան հրաժարվում է սպառազինությունից: Շատերն ասում են` «ի՞նչ եք անում, գոնե կարելի էր թողնել տակտիկական զինատեսակները», բայց մենք գնացինք այդ քայլին` որպես բարի կամքի դրսևորում, ինչի համար էլ մեր պետությունը հատուցեց: Եվ եթե մեկ-երկու տարվա ընթացքում պայմանավորվածություն ձեռք չբերվի Սպիտակ տան, Կրեմլի և Բրյուսելի միջև, ապա Ուկրաինան կշարունակի տառապել: Այս կապակցությամբ ուզում եմ մեջբերել Ուկրաինայի նախկին արտգործնախարար Օգրիզկոյի խոսքերը:
Նա, իր մանիֆեստում դիմելով Արևմուտքին, ասել է` « եթե արդեն պայմանավորվել եք Կրեմլի հետ, ուրեմն հերիք է տանջեք և ծաղրեք Ուկրաինայի ժողովրդին»: Ես լրիվ համաձայն եմ նրա հետ»: