Տիգրան Սարգսյանը սարսափում է «Նաիրիտի» թեմայից
Այսօր «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում կազմակերպվել էր քննարկում՝ նվիրված «Նաիրիտ» գործարանի շուրջ ստեղծված իրադրությանն ու դրանից ելք գտնելու ուղիներին: ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ պետական մարմիններից՝ ՀՀ ֆինանսների, էներգետիկայի և բնական պաշարների ու էկոնոմիկայի նախարարությունից հրավիրել են ներկայացուցիչներ, բայց չեն եկել, Արմեն Մովսիսյանը հրաժարվել է մասնակցել, Էկոնոմիկայի նախարարությունից ներկա էր Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը, ինչպես նաև մասնակցում էին գործարանի արտադրության պետեր, գիտնականներ, Հանրային խորհրդի ներկայացուցիչներ և այլք:
«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ներկայացրեց իրենց բացահայտումները «Նաիրիտ» գործարանի օֆշորային «դեգերումների» վերաբերյալ: Ըստ նրա՝ քրեական գործի կարճման համար Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պետք է մի օր պատասխանատվության ենթարկվի, իսկ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, գործարանի նախկին գլխավոր տնօրեն Վահան Մելքոնյանը և «Ռայնովիլի» տնօրեն ֆրանսահայ Էրիկ Նարսիսյանը «հաստատ պետք է հայտնվեն ազատազրկման մեջ»:
«Ակհայտ էր, որ քաղաքական որոշում կայացվեց, և գործը կարճվեց, բայց ժամանակը կգա և ոչ շատ ուշ, մարդիկ պատասխանատվության կենթարկվեն»,- ասաց Է.Բաղդասարյանը՝ նշելով, որ «Նաիրիտի» բոլոր պարտավորությունները դառնալու են ՀՀ արտաքին պարտք.
«Իրականում տեղի է ունեցել տնտեսական հանցագործություն՝ կառավարության անդամները վաճառել են «Նաիրիտի» շուկան»,- հայտարարեց Է.Բաղդասարյանը՝ նշելով, որ գործարանը հանկարծ դադարեց աշխատել, և գերմանական ընկերությունը զբաղեցրեց շուկան: Ըստ նրա՝ Տիգրան Սարգսյանի օֆշորային պատմությունն ավելի մեղմ է, քան «Նաիրիտի» մութ պատմությունը: Բաղդասարյանի խոսքով՝ Տ.Սարգսյանը սարսափում է «Նաիրիտի» թեմայից և ամեն ջանք ներդնում է՝ այն լռեցնելու համար:
Գործարանի արհկոմիտեի նախագահ Հրաչ Թադևոսյանը հայտարարեց, թե «ամեն թվաբանությունը բոլորը գիտեն», այսօր ավելի կարևոր է աշխատողների աշխատավարձի հարցը. «Չդնենք միլիցու, դատավորի դեր անենք, կան փաստեր, պետք է պատժվեն»:
Գործարանի արտադրության պետ Մարտիկ Սահակյանը հավաստեց, որ այսօր «Նաիրիտն» ի վիճակի է աշխատել ացետիլենային եղանակով, հետագայում՝ նաև բութադիենային եղանակով: Ըստ նրա՝ 108 մլն դոլարով կարելի է կառուցել նոր գործարան. «Մենք այսօր ի վիճակի ենք 10-12 հազար տոնա քլորոպրենային կաուչուկի արտադրություն ունենալ: Գործարանի սարքավորումը տեղին է, ոչինչ չի խանգարում գործարանի վերագործարկման համար»:
Հ.Թադևոսյանը հայտարարեց, թե «Նաիրիտի» արտադրած քլորոպրենային կաուչուկի ինքնարժեքն ավելի բարձր է ստացվում՝ մոտ 8000 դոլար, քան այն վաճառվում է միջազգային շուկայում՝ 4500-5000 դոլար, իսկ բութադիենային եղանակով 1 տոննան կարժենա 4031 դոլար, վաճառքի գինը կրկին նույնն է՝ 4500-5000 դոլար՝ 1 տոննան:
2005-2007թթ. «Նաիրիտի» տնօրեն Կարեն Իսրայելյանի խոսքով՝ 2010-ին աշխատող գործարանը կանգնեց էլեկտրաէներգիայի պարտքի պատճառով՝ հոսանքն անջատվեց, որից հետո բոլոր սարքավորումները կոնսերվացվել են, և 2-3 ամսում կարելի է վերագործարկել, բայց այսօր կադրերի խնդիր կա, երիտասարդները հեռանում են: Նա նկատեց, որ Թադևոսյանի տեղեկություններն ու հաշվարկները սխալ են՝ կաուչուկի շուկայական գինը 6000 դոլար է, ինքնարժեքը տարիներ առաջ 2600-2700 դոլար էր, այս ընթացքում գազի գինն աճել է ընդամենը 2 անգամ: Նրա կարծիքով՝ եթե 2 ամիսը մեկ կառավարությունը հնարավորություն ունի ամսական 1 մլն դոլար տալ աշխատավարձ, ուրեմն կարելի է աջակցել ու գործարանը ոտքի կանգնեցնել. «Աղբյուրները կան, սարքավորումները կան, մասնագետները դեռ կան, չնչին ներդրումներով ամսական 700-1000 տոննա կարելի է արտադրել և վաճառել Ռուսաստանին: Դրա համար 15-18 մլն դոլարը լիովին բավարար է»:
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին՝ ի՞նչն է խանգարում «Նաիրիտի» վերագործարկմանը, մասնակիցների պատասխանը մեկն էր՝ հարցը քաղաքական է:
Հ. Միրզոյանը նշեց, թե լուրջ ուսումնասիրություն է անհրաժեշտ «Նաիրիտի» վերագործարկման համար: Սակայն Կ.Իսրայելյանը հակադարձեց, որ լուրջ ուսումնասիրություն անհրաժեշտ կլիներ, եթե նոր կառուցվող գործարանի հարց լիներ, բայց «Նաիրիտի» դեպքում ամեն ինչ այլ է, հարցերը պարզ են:
Ա.Մինասյանը հայտնեց, որ հնչած առաջարկությունները կամփոփվեն, գործողությունների հաջորդականություն կմշակվի և կներկայացվի կառավարությանը, նաև պետք է քրեական գործ հարուցվի, որպեսզի որևէ մեկն այս ընթացքում սնանկացման հայցով չմտնի դատարան: