Մեկը հեծանիվով էր գալիս, մեկը՝ թութակով, հիմա «Ջիպ»-երով են ման գալիս, չաղացել են, ամեն մեկը մի տեղ բիզնես ունի, ամեն մեկը մի տեղ՝ «փայ». Նարեկ Կարապետյանը՝ հեղափոխական ՔՊ-ականների մասին
«Հիշո՞ւմ եք՝ ոնց եկավ իշխանության այս թիմը։ Մեկը հեծանիվով էր գալիս, մեկը՝ թութակով, հիշո՞ւմ եք էն թութակով մարդուն, մյուսը՝ մետրոյով։ Անցել է ութ տարի․ ով նիհար էր, չաղացել է։ Ով թութակով էր գալիս, հիմա «Ջիպ»-երով է գալիս»,- Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ հիշեցնելով ՔՊ-ականների անցյալը։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ այժմյան իրենց կյանքին նախկին «հեղափոխականները» շատ արագ սովորեցին, բայց իրենց այսօրվա հարստությանը հասան ժողովրդի հաշվին.
«Եթե իրենց աշխատանքով հասած լինեին դրան, եթե իրենց ընտանիքներն աշխատելով ստեղծեին այդ ամենը, ոչ ոք ոչինչ չէր ասի։ Բայց իրենք իրենց աշխատանքով չեն հասել այս կյանքին, այլ ժողովրդի տված հարկերով, բյուջեի հաշվին։
Արդեն ամեն մեկը մի տեղ բիզնես ունի, ամեն մեկը ինչ-որ տեղ «փայ» ունի։ Օրինակ՝ Մալաթիայում մի հատված կա, որտեղ ուզում են մարդկանց բակերով ճանապարհ անցկացնել։ Ասում են՝ իշխանության ներկայացուցիչներից մեկի բիզնեսի համար է, որ ճանապարհը պետք է հենց այդտեղով գնա»։



