Անպայման մասնակցեք առաջիկա ընտրություններին և իմացեք՝ եթե դու ընտրում ես Նիկոլ Փաշինյանին, ապա համաձայն ես, որ Ադրբեջանին պետք է հանձնվեն նորանոր տարածքներ. Րաֆֆի Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ես կրկին անգամ դիմում եմ հարազատներիս, ընկերներիս, մտերիմներիս՝ շատ լավ իմանալով, որ նրանց գերակշիռ մասը հետևում է իմ ֆեյսբուքյան էջին (արձագանքելը պարտադիր չէ, ձեր ցավը տանեմ, հասկանալի է, թե ինչպիսի ժամանակներում ենք ապրում).
Անպայման մասնակցեք առաջիկա ընտրություններին և իմացեք՝ եթե դու ընտրում ես Ադրբեջանի ղեկավարի խոսույթն առաջ քաշող և նրա կողմից սատարվող, հանուն աթոռի՝ ադրբեջանական շահերի սպասարկուի դերն ինքնակամ ստանձնած Նիկոլ Փաշինյանին, ապա առնվազն համաձայն ես, որ.
1) Ադրբեջանին դեռ պետք է հանձնվեն նորանոր տարածքներ, որոնցից առնվազն մեկի դեպքում՝ Տիգրանաշեն (Քյարքի), փակվելու է Հայաստանի զարկերակը,
2) Արցախը ոչ միայն մերը չէ, այլ նաև մերը չի էլ եղել,
3) Արարատի նկարը պետք է ջնջել բոլոր վայրերից ու պաշտոնական փաստաթղթերից,
4) Պետք է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պահանջից՝ փաստացի մոռանալով զոհերի հիշատակը,
5) Պետք է, այսպես կոչված, «բարենորոգել» Հայոց եկեղեցին, հեռացնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, կալանքի տակ պահել սրբազաններին ու հատկապես Միքայել Սրբազանի նման մաքրամաքուր մարդուն,
6) Չպետք է խոսել պատմական հայրենիքի մասին, մոռանալ այն, առհասարակ չարտասանել Մուշ, Անի, Ալաշկերտ, Շուշի և այլ տեղանունները, ապրել «իրական Հայաստանում»,
7) Իլհամ Ալիևը ամենավերջին լուտանքները «թափի» հայ ժողովրդի գլխին, սպառնա, վիրավորի, առաջ քաշի և հովանավորի «արևմտյան Ադրբեջան», «300 հազար ադրբեջանցիների մեծ վերադարձ» ծրագրերը, իսկ մենք պետք է լռենք և Փաշինյանի կողմից մատուցվող հերթական մոլորությամբ սպասենք դրանց փաստացի իրագործմանը, քանի որ նա իբրև թե «խաղաղություն» է կերտում,
8)Հայաստանի հարավով անվերահսկելի միջանցք տալ Ադրբեջանին՝ դրա նկատմամբ չպահպանելով մեր պետության ինքնիշխանության նվազագույն ատրիբուտները, ինչն ապագայում կհանգեցնի ոչ միայն միջանցքը կազմող, նաև այլ տարածքային կորուստների,
9) Ղարաբաղյան շարժումը մեծ սխալ է եղել, հետևաբար հերոսամարտերի բոլոր զոհերն՝ անիմաստ, ուստի նրանք ու մեր ազգի մյուս հերոս որդիները պարզապես օկուպանտներ են եղել,
10) Անհարկի թշնամի դառնալ Ռուսաստանի նման գերտերության հետ՝ իր բոլոր բացասական հետևանքներով։
Շարունակելի…
Հ.Գ. Մի խոսքով, համաձայն ես դադարել հայ լինելուց, իսկ հայրենիքդ՝ դարձնել փաստացի ադրբեջանա-թուրքական կառավարման տարածք՝ մինչև վերահաս պետականության կորուստը։
Հ.Գ. Ես պարզապես չեմ կարող ունենալ նման հարազատ, մտերիմ ու ընկեր….: Այդպիսի մարդիկ ինձ համար սովորական օտարներ են, որոնց նույնիսկ երբևէ հանդիպել, տեսնել չեմ ցանկանա»։



