Ապրիլի 19-ին կկայանա դասական և ժամանակակից արվեստի աճուրդ
«ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնը և «Hi-artonline.com» նախագիծն, ի թիվս երկու ցուցահանդեսների` մարտի 7-ին «Ոսկե դար» պատկերասրահում բացեցին նաև աճուրդի ներկայացված ստեղծագործությունների ցուցադրությունը:
Դրան զուգահեռ` հայտարարվեց լոտերի հայտագրման մեկնարկը, որն ուժի մեջ կլինի մինչև ապրիլի 18-ը: Դասական և Ժամանակակից արվեստի կենդանի աճուրդը «Ոսկե դար» պատկերասրահում կկայանա ապրիլի 19-ին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աճուրդային իրադարձության վերաբերյալ հասարակական տեղեկատվական պակաս կա` կազմակերպիչները շուտով հանդես կգան մամուլի ասուլիսով՝ հանրային իրազեկման միջոցառում իրականացնելու և աճուրդի կայացման մանրամասները հրապարակելու նպատակով:
«ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնի տնօրեն Աննա Գրիգորյանը հավաստիացնում է, որ հասարակության կողմից հետաքրքրություն կա աճուրդային իրադարձության նկատմամբ, քանի որ պատկերասրահի այցելուները մշտապես ճշգրտումներ են անում լոտերի, գների, աճուրդային պայմանների և դրա կայացման վերաբերյալ: Այլ հարց է, որ Հայաստանում աճուրդի իրականացման մեծ փորձ չկա՝ հասարակական ակտիվության վերաբերյալ հետևություններ և համեմատություններ կատարելու համար:
«Աշխարհում գործող աճուրդային տներում հայտ ներկայացնելու համար մարդիկ բավականին բարդ ընթացակարգերով են անցնում, բայց մենք փորձել ենք այդ գործընթացը պարզեցնել և հայտատուի գործողությունները հնարավորինս հեշտացնել՝ ընդհուպ մինչև անգամ քարտային և բանկային հաշիվների տվյալներ չպահանջել: Որևէ այլ երկրում պայմանները շատ խիստ են, բայց, քանի որ Հայաստանում այդ ինստիտուտը նոր է ներդրվում, մարդկանց ներգրավելու համար պիտի փորձենք որոշակի արտոնյալ կարգավիճակ տալ, որպեսզի հայտատուն փաստաթղթային հավելյալ հոգսերից ձերբազատվի»,- նշում է Ա. Գրիգորյանը՝ հավելելով, որ աճուրդը հատուկ կոնտինգենտ առայժմ չունի, քանի որ հասարակական բոլոր շերտերից հետաքրքրվողներ կան, ովքեր այցելում են ցուցադրությանը ծանոթանալու և լոտերի մասին փորձում են հնարավորինս շատ տեղեկություն ստանալ:
Ի դեպ, լոտերի գները սկսվում են 500 դոլարից, հասնում մինչև
50 000-60 000 դոլարի: Դասական աճուրդին ներկայացված են, օրինակ՝ Մարտիրոս Սարյան, Սեյրան Խաթլամաջյան, Բաժբեուկ-Մելիքյան, Աշոտ Հովհաննիսյան (Դեղձ Աշոտ), Վարդան Մախոխյան, Ժան Ժանսեմ և ֆրանսահայ այլ հանրաճանաչ նկարիչներ: Ժամանակակից արվեստից ներկայացված են Արտյոմ Մելիք-Ազարյանց, Համազասպ Մխիթարյան, Ներսես Մխիթարյան, Վարուժան Վարդանյան, Տիգրան Ասատրյան, «Pop art-ի հինգ գույները» ցուցահանդեսի մասնակից բոլոր հեղինակները, և այլք:
Անդրադառնալով աճուրդի մասնակցության պայմաններին` Ա. Գրիգորյանը նշում է, որ մեր քաղաքացիները, բացի «Ոսկե դար» պատկերասրահ ներկայանալուց, նաև կարող են հայտ ներկայացնել «Hi-artonline.com» կայքէջում, որտեղ մոտք գործելու և հայտը ներկայացնելու ընթացակարգերի ցուցումները պարզ եղանակով տրված են: «Աճուրդային օրենքները, կարգերն ու տեղեկատվական ամբողջ բազան կայքում կա:
Կարող են օնլայն եղանակով լրացնել տեղեկատվությունը, օրինակ՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, ընտրված լոտը, աճուրդի մասնակցության համար նախատեսված գումարի չափը, այսինքն՝ մրցակցելու կարողությունը, և այլն: Բնականաբար, դասական աճուրդը կայանում է մուրճի սկզբունքով: Եթե մարդն ընտրել է լոտը, ներկայանում է դասական աճուրդին, որտեղ սկսվում է առաջարկների մրցակցային պրոցեսն այնքան, մինչև ամենաբարձր գնային առաջարկը, որտեղ կանգ առնելուց հետո մրցակիցներից մեկը վաստակում է լոտի գնման իրավունքը»,- ընդգծում է Ա. Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ մինչև ապրիլի 17-ը գնորդները հնարավորություն ունեն հայտ ներկայացնել:
Հիշեցնենք, որ գոյություն ունի աճուրդի մասնակցության 3 ձև՝ գնորդը կարող է ներկայանալ, գնորդի լիազորված անձը կարող է ներկայանալ, և հեռախոսային մասնակցություն (կանխավճարային սկզբունքով): Ի դեպ, նշենք նաև, որ աճուրդին ներկայացված բոլոր լոտերն ունեն փորձագիտական եզրակացություն, որն աճուրդային հավաստագրի հետ վաճառքից հետո տրվում է գնորդին, և աշխարհում վերոնշյալ փաստաթղթերը համարվում են նկարի «անձնագիր»: Իսկ եթե գնորդը ցանկանում է ձեռք բերած ստեղծագործությունը տեղափոխել որևէ այլ երկիր՝ «ԱԱ Աուկցիոն» կերպարվեստի կենտրոնը հանձն է առնում կազմակերպել նկարի արտահանման փաստաթղթային վավերականացման գործընթացը:
Հ.Գ. Լուսանկարներում պատկերված են աճուրդին ներկայացված լոտերը: