Պարտադիր կուտակային համակարգի ներդրման արդյունքում միջին կենսաթոշակը կկազմի ընդամենը 40,400 դրամ
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հիմնական հիմնավորումը կայանում է նրանում, որ իշխանությունները խոստանում են արժանապատիվ կենսաթոշակ, այսինքն` զգալի ավելի, քան ստանում են հիմա: Սակայն արդյո՞ք դա այդպես է:
Փորձենք հասկանալ, թե որքա՞ն կկազմի միջին կենսաթոշակը նոր ներդրվող համակարգի շնորհիվ: Հաշվարկի համար վերցնենք միջին ցուցանիշներ:
Եվ այսպես` նոր համակարգին մասնակցում են 18-40 տարեկան քաղաքացիները: Միջին տարիք վերցնենք 29 տարեկանը:
Միջին ամսական աշխատավարձը վերցնենք 2013թ. վերջի դրությամբ` միջին աշխատավարձի չափը` 151.000 ՀՀ դրամ, որը, նախատեսում ենք, ամենալավատեսական սցենարով տարեկան բարձրանալու է 5 տոկոսով, ինչպես եղել է վերջին տարիներին` համաձայն պաշտոնական վիճակագրության:
Կենսաթոշակային ֆոնդին մեր և պետության կողմից փոխանցված կուտակային վճարների կառավարումից ստացված միջին տարեկան եկամտաբերությունը նույնպես վերցնենք շատ լավատեսական սցենարով` 5 տոկոս տարեկան` հաշվի չառնելով հնարավոր ճգնաժամերը, որոնք միանշանակ նման երկարաժամկետ հատվածում կկրկնվեն մի քանի անգամ:
Ի դեպ, ընդունենք, որ ստանալու ենք եկամուտ նաև կենսաթոշակային տարիքի անցնելուց հետո: Այսինքն` ստանում ենք կենսաթոշակ, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը շարունակում է կառավարել կենսաթոշակային ֆոնդում մնացած միջոցները` ապահովելով լրացուցիչ եկամուտ:
Կենսաթոշակային կյանքի տևողությունը, այսինքն` կենսաթոշակային տարիքից հետո սպասվող կյանքի միջին տևողությունն ընդունենք 11 տարի` հաշվի առնելով կենսաթոշակային տարիքը` 63 տարեկան, և կյանքի միջին տևողությունը` 74 տարի:
Գնաճի մակարդակի համար նույնպես վերցնենք լավատեսական ցուցանիշը` վերջին տարիների միջին գնաճի չափով` 6 տոկոս: Այստեղ էլ հաշվի չառնենք Մաքսային միությանն անդամակցելու արդյունքում սպասվող անխուսափելի գնաճը: Ահա այսպիսի խիստ լավատեսական սցենարի պարագայում հաշվենք մեր ապագա «արժանապատիվ» կենսաթոշակի չափը:
Այդ 34 տարիների ընթացքում փոխանցվելու է 15,4 մլն դրամ, որից 7 մլն դրամը` պետության կողմից, 8.4 մլն դրամը` քաղաքացու կողմից: Այդ 15,4 մլն դրամն ապահովելու է 16,1 մլն դրամ եկամուտ` արդյունքում կուտակելով 31,5 մլն դրամ, որն էլ բաժանվելու է` որպես կենսաթոշակ:
Ամսական միջին կենսաթոշակը կազմելու է 309,000 դրամ, որի ներկա արժեքը կազմում է 40,400 դրամ։ Սա նշանակում է, որ կենսաթոշակային տարիքի անցնելու ժամանակ 309 հազար դրամն իր գնողունակությամբ հավասար է լինելու այսօրվա 40,400 դրամին` հաշվի առնելով գնաճը։ Այսինքն` բարեփոխումների արդյունքում միջին կենսաթոշակը ամենալավատեսական սցենարով կազմելու է 40,400 դրամ:
Ի դեպ, օրինակ` ընդամենը 1 տոկոս ավելի գնաճի դեպքում այն կկազմի 28,800 դրամ, կամ 1 տոկոս ցածր եկամտաբերության դեպքում միջին կենսաթոշակը կկազմի 32.900 դրամ, աշխատավարձի տարեկան 1 տոկոս ցածր աճի դեպքում էլ` 34.700 դրամ:
Այսօր միջին կենսաթոշակը կազմում է 36.000 դրամ: Այսինքն` այս ողջ բարեփոխումների արժեքը 4,400 դրամ է: