Հովիկ Աբրահամյանի «կամ-կամ»-ը

Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան բանավեճում, որը երեկվանից աստիճանաբար  վերածվում է Քոչարյան-իշխանություն հակամարտության, բավական հետաքրքիր է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դերակատարությունը: Վերջինս ամանորյա տոներից հետո դեռևս չի երևացել հանրության աչքին ու, ըստ ամենայնի, կփորձի չերևալ այնքան ժամանակ, «մինչև կանցնի վտանգը»: Ողջ խնդիրն այն է, սակայն, որ «վտանգն» այս անգամ կարող է ոչ միայն չանցնել, այլև ավելի խորանալ:

Ամեն ինչ, այդ թվում՝ նաև Հովիկ Աբրահամյանի հետագա քաղաքական ճակատագիրը, կախված է նրանից, թե որքանով կխորանա Քոչարյան-իշխանություն հեռակա հակամարտությունը, և արդյո՞ք այն կհասնի մինչև Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան բացահայտ առճակատման: Այդ դեպքում ՀՀԿ-ական ԱԺ նախագահ ու ԲՀԿ-ական Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի համար կարող է այլևս անհնարին դառնալ «և-և»-ի քաղաքականությունը, և նա կարող է ստիպված լինել ընտրություն կատարել «կամ-կամ» տարբերակով: Ընդ որում, եթե նա սեփական կամքով չկատարի այդ ընտրությունը, ապա իշխանությունը կարող է նրան ստիպել կատարել դա:

Հովիկ Աբրահամյանին մշտապես հաջողվել է ԲՀԿ-ՀՀԿ ուղղակի հակամարտության, Քոչարյան-Սարգսյան անուղղակի տարաձայնությունների ժամանակ «խաղալ լարի վրա»: Ընդ որում, այդ հարաբերությունների սրման դեպքում Հովիկ Աբրահամյանն առայժմ կարողացել է ապահովագրվել՝ մնալով «մեջտեղում»՝ ի հաշիվ առավելապես այն հանգամանքի, որ այդ հակամարտությունը երբեք չի սրվել այնքան, որպեսզի վերջինս ստիպված լինի ընտրություն կատարել: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը միշտ աչքի առաջ է ունեցել և, ըստ ամենայնի, այսօր էլ ունի այն հեռանկարը, որ Քոչարյան-Սարգսյան հարաբերությունների սրման դեպքում ինքն անձնապես կարող է դառնալ կոմպրոմիսային ֆիգուր՝ բնականաբար, վարչապետի պաշտոնում: Ըստ էության, նույն հեռանկարը, գուցե՝ դեռևս մշուշոտ, առկա է նաև այսօր:

Եթե Քոչարյան-Սարգսյան առճակատումը հանգուցալուծվի նախորդ նախագահի դիրքերի ամրացմամբ, ապա պետք չէ բացառել, որ դրա արդյունքում Հովիկ Աբրահամյանն իսկապես կարող է հասնել իր վաղեմի երազանքին՝ դառնալով վարչապետ: Եթե Քոչարյանի գործողությունների հիմքում ընկած են ոչ միայն «երկրի ծանր վիճակի մասին մտահոգությունները», ինչպես ինքն է փորձել ներկայացնել, այլև, որ շատ ավելի հավանական է՝ արտաքին քաղաքական կենտրոնների (առավելապես՝ Մոսկվայի) հետ որոշակի պայմանավորվածությունները, ապա նրա «հաղթանակն» այս՝ առայժմ դիրքային պայքարում այնքան էլ անիրատեսական չպետք է համարել: Ի տարբերություն այն հեռանկարի, որ այդ հաղթանակի արդյունքում Քոչարյանն անձամբ կնշանակվի վարչապետի պաշտոնում: Դա գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար կնշանակի՝ իշխանության գրեթե վերջնական հանձնում նախկին զինակցին: Այսինքն՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն իրադարձությունների անգամ ամենաանցանակալի ընթացքի դեպքում ամեն ինչ կանի Քոչարյանին վարչապետի պաշտոնում նշանակելուց խուսափելու համար: Եթե, այնուամենայնիվ, նա ստիպված լինի տեղի տալ Քոչարյանի ճնշումներին, ապա որպես միջանկյալ, կոմպրոմիսային տարբերակ՝ կարող է դառնալ Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելը: Սա, իհարկե, Ս. Սարգսյանի համար նույնպես ոչ ցանկալի, սակայն գոնե ժամանակ շահելու իմաստով՝ համեմատաբար ընդունելի տարբերակ կարող է լինել: Ճարահատյալ տարբերակ, իհարկե: Հովիկ Աբրահամյանի նշանակումը գոնե հրապարակային հարթությունում կներկայացվի՝ որպես ՀՀԿ ղեկավար անդամներից մեկի նշանակում վարչապետի պաշտոնում: Դրանից հետո ամեն ինչ կախված կլինի կուլիսային պայքարից: Կամ Ս. Սարգսյանը կկարողանա Հովիկ Աբրահամյանին որոշ ժամանակ անց մեկուսացնել վարչապետի պաշտոնից, կամ վերջինս որոշակի վերադասավորումներից հետո իր պաշտոնը կփոխանցի Ռոբերտ Քոչարյանին՝ ոչ հեռու ապագայում հերթական անգամ շտաբի պետ դառնալու խոստումնալից հեռանկարով:

Իրադարձությունների զարգացման այս սցենարը Հովիկ Աբրահամյանի համար ցանկալի տարբերակն է: Սակայն զարգացումները կարող են ընթանալ միանգամայն հակառակ ուղղությամբ, այսինքն՝ Քոչարյան-Սարգսյան դիմակայությունը կարող է ավարտվել վերջինիս հաղթանակով, որի արդյունքում տարբեր դրսևորումներով հարվածներ կստանան Քոչարյանի տնտեսական և քաղաքական հենարանները: Իսկ Հովիկ Աբրահամյանը պատկանում է միաժամանակ այդ երկու հենարանների առանցքային ներկայացուցիչների թվին: Այս դեպքում Հովիկ Աբրահամյանը կարող է դառնալ առաջին «քաղհալածյալը»՝ զրկվելով ԱԺ նախագահի պաշտոնից ու ամենակարևորը՝  թեկուզ բուֆերային վարչապետ դառնալու հեռանկարից:

 

Տեսանյութեր

Լրահոս