Հայաստանը Ղարաբաղը կհանձնի «Պո ումոլչանիու» ռեժիմով

Այսպիսով, ինչպես և սպասվում էր, այսօր Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներով ստորագրվել է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տիրույթին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզը»: Թեև արարողակարգային կանոնները պահպանելու համար դրա տակ երևի դրվել է նաև Հայաստանի նախագահի ստորագրությունը, սակայն իրականում այն ստորագրվել է Վլադիմիր Պուտինի կողմից: Համենայնդեպս, մինչև այս նիստի արդյունքների մասին հայտարարվելը Հայաստանում որևէ մեկը, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչները, չգիտեին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ի՞նչ նպատակով է մեկնում Մոսկվա:

Հայկական կողմից որևէ մեկը նախապես չի հայտարարել, որ Մոսկվայում ստորագրվելու է ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզը»: Նման հայտարարություններ հնչել են միայն ռուսական պաշտոնական շրջանակներից, ինչը հիմք է տալիս մտածելու, որ իրականում հայկական կողմը գուցե նույնիսկ ձևականորեն չի մասնակցել այդ քարտեզի մշակմանը: Ռուսներն իրենք են այն մշակել և միայն այսօր են տեղեկացրել, որ պատրաստ է ստորագրման: Այնպես, ինչպես վարվել էին Ղրղըզստանի դեպքում, սակայն վերջինիս ղեկավարությունը համարձակություն ունեցավ հրապարակավ ընդդիմանալ դրան, հայտարարելով՝ քանի որ իրենք չեն մասնակցել ՄՄ-ին Ղրղըզստանի անդամակցության «ճանապարհային քարտեզին», ռուսական կողմի ներկայացրածը չեն պատրաստվում ստորագրել: Նույնը, մեծ հավանականությամբ, տեղի է ունեցել նաև Հայաստանի պարագայում, այն տարբերությամբ, որ հայկական կողմից որևէ մեկը չի համարձակվել այդ մասին նույնիսկ խոսել:

Սակայն այսօր Մոսկվայում, այդ քարտեզի ստորագրումից բացի, տեղի է ունեցել շատ ավելի ուշագրավ մի իրադարձություն:  Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօրվա նիստի ժամանակ անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի միանալու խնդրին՝ հայտարարել է, որ Ղազախստանը հարկադրված է հատուկ կարծիք ունենալ Հայաստանի հետ «ճանապարհային քարտեզի» ստորագրման հարցում, ինչի պատճառը Հայաստանի հետ ապագա հարաբերությունների անորոշությունն է՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ: Նազարբաևը պահանջել է պարզել այն հարցը, թե որտեղո՞վ է անցնելու Մաքսային միության սահմանը, արդյոք այն անցնելո՞ւ է Հայաստանի այն սահմաններով, որոնք ճանաչվել են միջազգային հանրության կողմից:

«Ընդհանուր առմամբ, Հայաստանի վերաբերյալ «ճանապարհային քարտեզը» համաձայնեցված է, կարծում եմ, որ հնարավոր է այն ընդունելը: Դրա հետ մեկտեղ՝ բաց է մնում այն հարցը, թե Հայաստանում որտե՞ղ է անցնելու Մաքսային միության սահմանը՝ կապված Ղարաբաղյան հակամարտության հետ: Դրա համար էլ մենք մեր գործընկերների հետ համատեղ կստորագրենք «ճանապարհային քարտեզները», սակայն՝ հատուկ կարծիքով»,- հայտարարել է նա:

Գոնե մինչ այս պահն այդ նիստում հնչած այլ կարծիքների, տեսակետների, առարկությունների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի տարածվել: Գուցե այն պարզ պատճառով, որ այդպիսիք ուղղակի չեն հնչել: Այն դեպքում, երբ Հայաստանում այդ նույն հարցը բարձրացնելիս իշխանական պատգամավորներն ու մյուս խոսնակները կոկորդ էին պատռում, թե՝ «ինչպե՞ս է որևէ մեկի մտքով անցնում մտածել, որ Հայաստանը կարող է համաձայնել ԼՂ-ի հետ սահմանին մաքսակետ տեղադրել», որ Պուտինն այդ հարցն անձամբ կլուծի, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը նշանակում է, որ ՀՀ-ն անդամակցում է Ղարաբաղի հետ միասին, և այլն:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Մաքսային միությանն անդամակցության բոցավառ ջատագով Խոսրով Հարությունյանն այդ առնչությամբ վերջերս անգամ հայտարարել էր. «Նախագահ Սերժ Սարգսյանն այս հարցը շատ հստակ դրել է Մաքսային միության անդամ երկրների նախագահների խորհրդի նիստի ժամանակ. Հայաստանը Մաքսային միություն է մտնում Ղարաբաղի հետ միասնական տնտեսական տարածքով: Այլ տարբերակով Հայաստանը չէր համաձայնվի անդամակցել ՄՄ-ին»: Հարությունյանը նաև ասել էր, թե այդ հարցը չպետք է դարձնել շահարկման առարկա, քանի որ այն պետք է լուծվի «Պո ումոլչանիու» ռեժիմով:

Հետաքրքիր է՝ եթե Ս. Սարգսյանն այդ հարցը նման մակարդակով դրել է, ինչպես համոզում էր Խ. Հարությունյանը, ինչո՞ւ նույնը չի կրկնել այսօրվա նիստում՝ Նազարբաևի հայտարարությունից հետո: Ինչո՞ւ նախագահականը չի շտապել Նազարբաևի այդ հայտարարությունից րոպեներ անց տարածել Ս. Սարգսյանի առարկությունն առ այն, որ «այլ տարբերակով Հայաստանը չի համաձայնվում անդամակցել Մաքսային միությանը»: Իսկ գուցե Վլադիմիր Պուտի՞նն է առաջ ընկնելով՝ Նազարբաևին սաստել՝ ասելով, որ Հայաստանի ու ԼՂ-ի միջև մաքսակետ չի տեղադրվելու, քանի որ ինքն այդպես է որոշել: Այս մասին ևս որևէ տեղեկատվություն չի հաղորդվում:

Ակնհայտ է, որ ի հեճուկս Խոսրով Հարությունյանի՝ Հայաստանի ու ԼՂ-ի միջև մաքսակետեր տեղադրելու հարցը «պո ումոլչանիու» չի լուծվելու և առաջիկայում շատ ավելի է սրվելու: Որոշ փորձագետներ, այս հանգամանքը հաշվի առնելով, կանխատեսում են, թե դա կարող է լավ առիթ դառնալ Հայաստանի համար՝ Մաքսային միությանն անդամակցությունից հրաժարվելու հարցում: Բայց ժամանակի հետ նման կանխատեսումներն ու հույսերը պակասում ու անիրական են դառնում: Նախ՝ Հայաստանի իշխանությունը ոչ միայն «ոտքը կախ չի գցում» Մաքսային միությանն անդամագրվելու հարցում, այլ այնտեղ է սլանում այնպիսի արագությամբ, որը զարմացնում է նույնիսկ Պուտինին:

Եվ երկրորդ՝ արդյոք Հայաստանն այլևս հնարավորություն ունի՞ հրաժարվելու որևէ բանից, որը պետք է Ռուսաստանին: Պատասխանը միանշանակ է՝ ոչ: Իսկ Ռուսաստանին Հայաստանի անդամակցությունն անհրաժեշտ է: Հետևաբար՝ Հայաստանը կանդամակցի այդ կառույցին՝ Ղարաբաղի հետ կամ առանց Ղարաբաղի:

Այսինքն՝ եթե Ղազախստանը պնդի իր դիրքորոշումը, իսկ Ղազախստանը կշարունակի պնդել, ապա Հայաստանը ոչ միայն կհամաձայնվի մաքսակետեր տեղադրել Ղարաբաղի հետ սահմանին, այլև  իր վրա կվերցնի այդ մաքսակետերը տեղադրելու բոլոր ծախսերը:

Տեսանյութեր

Լրահոս