«Երեկ ԱԺ-ն իր առաջին պարտությունը կրեց». Ռիչարդ Կիրակոսյան
Այսօր 2013թ-ն է ամփոփել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Ինչպես գրում է ԳԱԼԱ-ն, քաղաքագետն այն կոչել է ակտիվիստների տարի` կարծիք հայտնելով, որ քաղաքացիական հասարակությունն իր պահանջներով հանդես եկավ գրեթե բոլոր զարգացումներում` սկսած գազի, տրանսպորտի գների թանկացումներից, բնապահպանական խնդիրներից մինչեւ արտաքին քաղաքական զարգացումներ ու Մաքսային միություն: Այս իրադարձությունները, նրա համոզմամբ, հաջորդ տարին կդարձնեն հետաքրքիր, իսկ ամենակարեւոր եւ նշանակալի իրադարձությունները տեղի ունեցան տարվա վերջում: «Գնահատելով 2013թ-ը որպես ակտիվիստների տարի` կարելի է ասել, որ հուսալքությունը բացակայում է, սա ցույց է տալիս, որ ավելի շատ քաղաքացիներ են մարտահրավեր նետում իշխանությանը եւ նրա վարած քաղաքականությանը, մի բացասական բան եմ տեսնում. որքան աճեց քաղաքացիական ակտիվությունը, այնքան ավելացան նրա դեմ ուղղված հարձակումները, իսկ հետաքննությունները չկարողացան բացահայտել մեղավորներին եւ պատժել նրանց: Տարեսկզբին տեսանք բարեփոխումների փորձեր»,-նշեց Ռիչարդ Կիրակոսյանը: Իսկ բարեփոխումների փորձը վերաբերում էր արտաքին քաղաքական զարգացումներին, մասնավորապես Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու միտում է նկատվել, բայց տարվա երկրորդ կեսին տեղի ունեցավ կտրուկ, ըստ քաղաքագետի, բացասական շրջադարձ: «Սեպտեմբերի երեքին Հայաստանի նախագահը շատերին զարմացրեց եւ հապճեպ ու անակնկալ փոխեց ուղղությունը`ասելով ոչ Ասոցացման պայմանագրին եւ Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագրին, սա կորցրած հնարավորություն եւ հետքայլ էր Հայաստանի կողմից»:
Նա հաջորդ բացասական քայլը համարում է Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան: «Սեպտեմբերի երեքը եւ դեկտեմբերի երկուսը վիրավորանք են Հայաստանի համար, սրանք բացահայտեցին հայ-ռուսական հարաբերություններում ավելի խորը խնդիրները, խնդիրն այստեղ չի վերաբերում հայ-ռուսական համագործակցությանը: Խնդիրը հարգանքի եւ հավասար հնարավորությունների բացակայությունն է»:
Իսկ որպես տարվա ևս մեկ կարեւոր զարգացում՝ քաղաքագետը նշեք է երեկվա ԱԺ-ի պահվածքն ու քաղաքացիական վերաբերմունքը իրավիճակի նկատմամբ: «Շատ հազվադեպ մարտահրավեր նետվեց ԱԺ-ին, այն իր առաջին պարտությունը կրեց: Մի շատ սկանդալային համաձայնագիր էր ստեղծվել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, որը փորձում էր վավերացվել, եւ դա ավելի շատ վիրավորանք էր, վնաս կհասցներ ՀՀ անվտանգության: Սա համընկնում է էներգետիկայի նախարարի հնչեցրած ստերի հետ, երբ իշխանությունները դժվարին իրավիճակում են հայտնվում ժողովրդին խաբելու իմաստով: Կարեւոր դասն այն էր, որ այժմ իշխանություններն ավելի հաշվետու են իրենց գործողությունների համար, խնդիրը սակայն կայանում է նրանում, որ վերջին տարիներին ՀՀ իշխանություններին շատ մեծ վնաս է հասցվել, եւ հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունները` պետք է ասել, որ հաջորդ տարի Հայաստանը տնտեսապես բարդ իրավիճակում է հայտնվելու, եւ սիմվոլիկ է, որ ՀՀ նախագահը այսօր եւս մի օր է վատնում` այցելելով Մոսկվա»,-համոզված է քաղաքագետը:
Վարդուհի Արզումանյան
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում