Ռուսաստանյան գործարարները պետք է օգտվեն Հայաստանի բարենպաստ բիզնես միջավայրից. Տիգրան Սարգսյան

Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացման արարողությանը:

Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել է ցուցահանդեսի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպման գործում ներգրավված բոլոր կողմերին. «Մեր երկրների տարածաշրջանների միջև ֆորումի և ցուցահանդեսների անցկացումն արդեն ավանդույթ է դարձել: Դրանք կարևոր օղակ են միջպետական հարաբերությունների շղթայում, որոնք համալրում են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և նպաստում երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը»: Ընդգծելով, որ այսօրվա դրությամբ ՌԴ երկու տասնյակ տարածաշրջանի հետ ստորագրված է շուրջ 30 համաձայնագիր՝ վարչապետը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրության ընդլայնումը և արդյունավետության բարձրացումը, իրավական դաշտի կատարելագործումը: «Ֆորումի և ցուցահանդեսի անցկացումը պետք է նպաստեն գործարար կապերի հաստատմանը, դրա արդյունքում՝ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը: Եվ առաջին հերթին դրանից պետք է օգտվի փոքր ու միջին բիզնեսը: Տարածաշրջանում Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում Doing Business-ի համար բարենպաստ միջավայրի պայմաններով, և ռուսաստանյան գործարարները պետք է օգտվեն այդ հանգամանքից»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետի խոսքով՝ անդամակցությունը Մաքսային միությանը, ինչպես նաև Եվրոպական միության և մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական կապերը լրացուցիչ խթան կհանդիսանան մեր երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու համար:
Իր հերթին Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ այս ցուցահանդեսին ՌԴ ութ նահանգապետերի մասնակցությունը վկայում է նաև տարածաշրջանների մակարդակով հայ-ռուսական փոխհարաբերությունների արդյունավետության, միջմարզային կապերի սերտացմանը ցուցաբերվող ուշադրության և պատասխանատվության մասին:
Մուտքի խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը շրջել են ցուցահանդեսին մասնակցող տաղավարներով, ծանոթացել Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին:
ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ցուցահանդեսի մասնակիցներին մաղթել են բեղմնավոր և արդյունավետ աշխատանք:
Հայ-ռուսական երրորդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում անցկացվող ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի 10 մարզերը և Ռուսաստանի 9 նահանգները, ինչպես նաև մասնավոր ընկերություններ: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել մինչ օրս ունեցած ձեռքբերումները և քննարկել առաջիկա անելիքները՝ առկա ներուժը բացահայտելու և նոր ծրագրեր իրականացնելու նպատակով: Միջոցառման շրջանակում անցկացվելու է 9 կլոր-սեղան տարբեր թեմաներով՝ սկսած ինտեգրացիոն գործընթացների ավարտած կոնկրետ ոլորտային ծրագրերի քննարկմամբ:

Տեսանյութեր

Լրահոս