Նման ռեֆորմների կարող է գնալ այն կառավարությունը, որը ունի հանրության վստահությունը. Նաիրա Զոհրաբյանը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին
Արդյոք Հայաստանում կենսաթոշակային համակարգն ունի՞ ռեֆորմների անհրաժեշտություն՝ այո, ունի, և դա հասկանում ենք բոլորս: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Ո՞ր կառավարությունը, ո՞ր իշխանությունը կարող է գնալ նման լրջագույն ռեֆորմների: Այն կառավարությունը կարող է գնալ նման ռեֆորմների, որը ունի հանրության վստահությունը: Ունի՞ այս կառավարությունը, որը առաջարկել է այս ռեֆորմը, հանրության վստահությունը, պատասխանը մեկն է՝ ոչ: Եվ պատահական չէ, որ, այո, պարոն Հակոբյան, կամավարության սկզբունքով առ այսօր որևէ քաղաքացի չի օգտվել այդ «բարեփոխումներից»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը և հավելեց, որ ինչպես քաղաքացիները, այնպես էլ իրենք ունեն անվստահություն գործադիր մարմնի նկատմամբ, ուստի ևսս մեկ անգամ պնդում են՝ կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգը պետք է հետաձգվի, օրենքից պետք է հանվի պարտադիր բաղադրիչը: «Նրանք ևս ինչպես մենք բոլորս այստեղ նստածները, ունենք տոտալ անվստահություն այս կառավարության հանդեպ, ուստի մենք պնդում ենք մեր առաջարկը և կողմ ենք նախագիծը հետաձգելուն և պարտադիր բաղադրիչը հանելուն»,- ասաց Ն. Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ իրենք խորհրդարանի միջոցով Կառավարությանը տվեցին ժողովրդավարական գործիքը՝ կենսական նշանակություն ունեցող հարցերը որոշել հանրային հարցման միջոցով: Ըստ նրա, առ այսօր Հայաստանում այդ կարևորագույն գործիքը որևէ դեպքում, որևէ անգամ չի կիրառվել, առավելևս, այս պայմաններում, երբ վստահությունը այս կառավարության հանդեպ, այս կառավարության ներկայացրած «բարեփոխումների հանդեպ» զրոյական է: «Նման օրենքի կիրառումը հղի է լինելու լրջագույն կործանարար հետևանքներով: Հաշվարկեք այդ հետևանքները, որքան էլ առկա է Կառավարության տոտալ ճնշումը խորհրդարանական մեծամասնության վրա»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ տեղից հայտնեց իր անվստահությունը՝ համոզմունք հայտնելով, որ խորհրդարանական մեծամասնության վրա կառավարությունը ճնշում չունի. «Տիկին Զոհրաբյան, մեծամասնությունից ոչ մեկը նման արտահայտություն չի արել, որ մեր վրա տոտալ ճնշումներ կան, եթե Ձեզ վրա կան, այդ ուրիշ բան է : Դուք մեր փոխարեն մի խոսեք, մեր փոխարեն կարծիքներ մի հայտնեք: Մեր վրա կառավարությունը որևէ լիազորություն չունի: Եթե ձեր վրա կա, այդ ուրիշ բան»: