Կարմիր բլուրում դամբարանադաշտ, կմախքներ և կուռքեր են հայտնաբերվել

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանն այսօր հրավիրված ասուլիսում խոսեց Կարմիր բլուրի մերձակայքում հայտնաբերված դամբարանադաշտի և գտածոների մասին.

«Գիտենք, որ Ք. ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհում ձևավորվեց աշխարհի ամենահզոր երկրներից մեկը, որը կոչվում էր Վանի թագավորություն, իսկ ըստ օտարների սեպագիր արձանագրությունների՝ Ուրարտու: 100 տարի շարունակ աշխարհի 2 հզորագույն երկրները՝ Վանի թագավորությունն ու Ասորեստանը, միմյանց հետ պայքարում էին առաջնության դափնին գրավելու համար: Եվ այդ ամբողջ պայքարի ընթացքում Ուրարտուն կարողացավ պահպանել սահմանները, իսկ Արգիշտի 1-ինի ժամանակ դարձավ ամենահզոր երկիրը ողջ Առաջավոր Արևելքում: Արդեն 7-րդ դարից թագավորության ավելի հզոր տիրակալների իշխանությունը բևեռվեց դեպի Արարատյան դաշտ: Ահա այստեղ Ռուսա 2-րդ արքան հիմնեց Կարմիր բլուրը կամ Թեյշեբա աստծո քաղաքը՝ Թեյշեբաինին, որի ավերակներն այժմ գտնվում են Երևանի սահմանին»,- հիշեցրեց գիտահետազոտական կենտրոնի տնօրենը:

Բանախոսը նշեց, որ թեև մինչ այժմ արքայական դամբարաններ Երևանում հայտնաբերվել են, բայց դամբարանադաշտ այդպես էլ հայտնի չի եղել: Բանն այն է, որ Կարմիր բլուրի ամբողջ տարածքը ժամանակին այգին է եղել, և որևէ մեկի մտքով չի անցել անգամ, որ այդտեղ կարող է լինել այդպիսի վիթխարի պատմամշակութային արժեք:

«Երբ հարց դրվեց Երևանի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար կառուցել արագընթաց շրջանցող ճանապարհ, Եվրասիական բանկն ու Երևանի քաղաքապետարանը հայտարարեցին մրցույթ այդ տարածքները հետազոտելու համար: Մրցույթը հաղթեց մեր կազմակերպությունը, և շուրջ 700 մետր տարածքը, որ պետք է անցներ արգելոցի տարածքից, հետազոտվեց և պարզվեց, որ ճանապարհի շինարարությունը որևէ վտանգ չի ներկայացնում, բայց մի հատվածում բացվեց մի մեծ դամբարանադաշտ»,- ասաց Հ. Սիմոնյանը:

Բանախոսի կարծիքով, հետազոտությունները կարող են պարզել, թե բնակիչներն ինչպիսի աշխարհընկալումներ են ունեցել հանդերձյալ կյանքի մասին, ինչպես է անցկացվել թաղման ծեսը: Ամենից ուշագրավ հարցը մնում է այն, թե ովքեր են ապրել Կարմիր բլուրում:

«Մենք գիտենք, որ Կարմիր բլուրը եղել է Ուրարտական թագավորության փոխարքայի նստավայրը: Ըստ նախնական հաշվումների՝ ենթադրվում է, որ այստեղ պահվել է ավելի քան կես միլիոն լիտր գինի, եղել են մեծ քանակով հացահատիկի պահեստներ, պահվել են անասուններ: Այսինքն՝ Կարմիր բլուրը եղել է առանցքային, կարևորագույն քաղաք Արարատյան դաշտում: Իսկ ովքե՞ր էին այդտեղ ապրել. այդ հարցին մենք չէինք կարող պատասխան տալ: Պեղված դամբարանները թույլ են տալիս ասել, որ սրանք քաղաքաբնակ աշխատավոր խավի դամբարաններն են: Կարմիր բլուրի բնակիչները եղել են այն հնագույն բնակիչները, որոնք ապրել են Արարատյան դաշտում ուշ բրոնզի և երկաթի դարերում»,- ասաց Հ. Սիմոնյանը:

karmir-blur1

Իսկ թե ինչ պատկանելություն ունեն նրանք, բանախոսը պատասխանեց, որ դա կարելի է պարզել ԴՆԹ հետազոտությունների միջոցով: Հավելեց, որ ԴՆԹ-ի որոշ քանակ արդեն ուղարկվել է Կոպենհագեն, որտեղ էլ կարող է պարզվել, թե դամբարանում թաղվածներն իրար հետ ինչպիսի առնչություն են ունեցել. «Այդ ԴՆԹ-ի տվյալները հետագայում կարելի է համադրել վաղ երկաթի դարի դամբարաններից հայտնաբերվածների ԴՆԹ-ի տվյալների հետ, և վերջապես հասցնել մեր ժամանակները՝ պարզելով, թե այնտեղ ապրողների և մեր գեները նույնակա՞ն են, թե՞ ոչ»:

Հ. Սիմոնյանը հայտնեց նաև, որ Կարմիր բլուրի պեղումների ժամանակ երկու դամբարաններից երկու կմախք է հայտնաբերվել, որոնք արդեն թաղման ծեսի մասին հստակ պատկերացում են տալիս:

«Տիրոջը թաղել են նաև ծառայի կամ դայակի հետ: Մարդիկ դամբարան են դրվել կծկված ոտքերով, կանայք՝ ձախ, տղամարդիկ՝ աջ կողքի վրա պառկած: Նրանց հետ թաղված ծառաների կամ այլ մարդկանց կմախքները մասնատված են: Այսինքն՝ եղել է մասնատման ծես, որը հատուկ է եղել հնդեվրոպացիներին: Հետաքրքիր է նաև, որ դամբարաններից առաջինում հայտնաբերված բարձրահասակ կինը, որն ունի շատ գեղեցիկ, երկար մատներով ձեռքեր, ոտքին ուներ ճարմանդ, որով զարդարված է եղել նրա հագած կոշիկը: Իսկ երկրորդ դամբարանում թաղված երիտասարդը կրում էր ուսագոտի, որը զարդարված էր բրոնզե թիթեղով: Երիտասարդի հետ դրված էր նաև երկաթե նիզակ»,- ասաց տնօրենը:

Դամբարանադաշտում հայտնաբերվել են նաև ինքնատիպ 4 կուռքեր: Դրանք տուֆե սալիկներ են, որոնց մեջ աչքեր հիշեցնող փոսիկներ են արվել: Կարծես այդ կուռքերը հսկում էին գերեզմանոցի հանգիստը՝ հեռու վանելով չար ուժերին:

 

Տեսանյութեր

Լրահոս