Վանա լճի ուրանի պաշարներն առանցքային դեր կխաղան Թուրքիայի տնտեսության զարգացման հարցում. Մեհմեթ Յաման
Թուրքական Ahaber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Fırat-ի (թարգմանաբար՝ Եփրատ) համալսարանի Բնագիտական ֆակուլտետի Քիմիայի ամբիոնի դոկտոր-պրոֆեսոր Մեհմեթ Յամանը «Թուրքիային Ալլահի շնորհ» է որակել Վանա լճում ուրանի պաշարների առկայությունը:
Յամանն ընդգծել է, որ վերջին 10 տարում քիմիական արդյունաբերությունն արագ զարգացում է ապրել Թուրքիայում՝ հանդիսանալով վերջինիս քարշիչ ուժերից մեկը: Յամանը կարծում է, որ քիմիական արդյունաբերությունը կարևոր դեր է խաղալու մինչև 2023 թվականը (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) երկրի տնտեսության զարգացման գործընթացում:
Յամանի խոսքերով՝ Թուրքիան էներգակիրների 70 տոկոսը ներկրում է արտերկրից, և տվյալ հարցում նրա կախվածության նվազեցմանը կարող է նպաստել ատոմակայանների կառուցումը.
«Զարգացած երկրներում բավական շատ է ատոմակայանների քանակը: Թուրքիայում դրանց կառուցումն էական է, քանի որ միայն հիդրոէլեկտրակայաններով ու ջերմաէլեկտրակայաններով անհնար է հասնել մինչև 2023 թվականը մեր սահմանած նպատակներին:
Թուրքիան էլեկտրաէներգիայի պահանջի մեծացման ցուցանիշով Եվրոպայում զբաղեցնում է առաջին, իսկ աշխարհում՝ երկրորդ տեղը՝ Չինաստանից հետո: Չնայած ատոմակայանների հետ կապված ողջ ռիսկերին՝ դրանք կարող են հանդիսանալ էներգիայի այլընտրանքային աղբյուր: Ատոմակայաններում որպես հումք օգտագործում են հարստացված ուրան:
Աշխարհում ուրանը ստանում են կա՛մ ընդերքից, կա՛մ ծովի ջրից: Օրինակ, Ճապոնիան ծովի ջրից ուրան է ստանում (արտադրում) 1970-ական թվականներից ի վեր: 2010 թվականին Վանա լճում անցկացված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվեցին բարձր մակարդակի ուրանի պաշարներ: Խոսքը գնում է մոտ 50.000 տոննա ուրանի մասին:
Դա անսպառ աղբյուր է: Դա Թուրքիային Ալլահի նվերն է: Վանա լճի ուրանի պաշարներն առանցքային դեր կխաղան 2023 թվականի հետ կապված Թուրքիայի նպատակներում: Մեծապես կարևոր է ուրանի ինստիտուտի հիմնել երկրում»:
Հիշեցնենք, որ 2011 թվականի ամռանը Մեհմեթ Յամանը հայտարարել էր, որ իր թիմը Վանա լճի ջրի աղտոտվածության պատճառը պարզելու համար անցկացրած տևական հետազոտություններից հետո Վանա լճի ընդերքում հայտնաբերել էր ուրան: Խոսքը գնում է 50.000 տոննա ուրանի պաշարների մասին՝ ընդհանուր 7.5 միլիարդ դոլար արժողությամբ (միջին հաշվարկով մեկ կիլոգրամը՝ 150 դոլար):
Տիգրիս և Եփրատ գետերի ջրերից վերցրած նմուշերի մեկ լիտրում հայտնաբերվել էր 1 միկրոգրամ ուրան, իսկ Վանա լճի 30 տարբեր հատվածներից վերցրած ջրում մեկ լիտրում միջինը հայտնաբերվել է 76 միկրոգրամ ուրան։