Բաժիններ՝

Թույլտվություն կա, արտահանում չկա. Ինչի համար են հայկական մեղրի համար բացվել Եվրոպայի դռները

Մոտ 1 ամիս առաջ հայկական մեղրի համար «բացվեցին» Եվրոպայի դռները: Թեև արտահանման թույլտվությունն արդեն կա, բայց փաստացի արտահանում դեռ չի իրականացվել: Ինչպես 168.am-ին հայտնեց «Մեղվաբույծների ազգային միավորում» հ/կ նախագահ Թելման Նազարյանը, ներկայումս բանակցություններ են ընթանում եվրոպական տարբեր երկրների ընկերությունների հետ՝ որոշելու մեղրի գին, պահանջվող որակական չափանիշներին համապատասխանություն և այլն, ինչից հետո կսկվի արտահանումը:

Նրա խոսքով՝ Եվրոպայում մեղրի պահանջարկը շատ-շատ է, քանի որ այնտեղ մինչև 75% մեղվաընտանիքներն անկել են: Նազարյանը նշեց, որ եվրոպական երկրներում, օրինակ, Չեխիայում մեղրի 1 կգ-ն արժի 1 դոլար, բայց որակը զգալի զիջում է հայկական մեղրին, որի 1 կգ-ն արժի մոտ 10 դոլար:

«Մենք բարձր գնով կտանք, կուզեն՝ լավ, չեն ուզի՝ չենք տա: Մենք այնքան քանակ չունենք, որ իրացման համար մտահոգվենք: Իսկ լավ որակով մեղրը քիչ է, էստեղ էլ են գնում»,- ասաց Նազարյանը:

Նա դժվարացավ նշել, թե մեղրի առաջին արտահանումը Եվրոպա երբ կիրականացվի. «Այսօր պետք է հանդիպեմ գերմանական ընկերություններից մեկի ներկայացուցչի հետ, եթե համաձայնության գանք, դա էլ բավարար կլինի, քանի որ արտահանման ենթակա մեղրի ծավալներն այնքան էլ շատ չեն»:

Այս տարվա առաջին 9 ամիսներին ՀՀ-ից մեղրի արտահանումն ավելացել է մոտ 2.3 անգամ՝ հասնելով 6.2 տոննայի: Ընդ որում՝ ավելացել է նաև մեղրի գինը. այս տարի հայկական մեղրն արտերկրում վաճառվել է կիլոգրամը 15 դոլարով՝ նախորդ տարվա 8.9 դոլարի փոխարեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս