Ռուսաստանն Իսրայելին խնդրել է հարձակողական սպառազինություն չվաճառել Ադրբեջանին. մամուլ

Haqqin.az պորտալը, վկայակոչելով շվեյցարական ISN գործակալությունը, հայտնել է, որ Իսրայելի ԱԳՆ-ը Ռուսաստանի խնդրանքով որոշակի ուղղումներ է կատարել Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ համաձայնագրում: Խոսքը գնում է հարձակողական սպառազինության մի շարք տարրերի մատակարարման դադարեցման մասին:

Ցայժմ իսրայելցի պաշտոնատար անձինք չափազանց քիչ են անդրադարձել մատակարարումների դադարեցման վերաբերյալ շրջանառվող լուրերին: Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի վերլուծաբան Մարտին Պիոտրովսկու կարծիքով՝ Ռուսաստանը մտադիր չէ փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, և դրա համար էլ նա իսրայելական կողմին խնդրել է ուղղումներ կատարել Ադրբեջանի հետ իր ռազմական համաձայնագրում:

Հիշեցնենք, որ 2012 թվականի փետրվարի վերջին հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ու Իսրայելը ռազմական գործարք են կնքել, ըստ որի՝ Իսրայելը պետք է առաջիկա 4 տարում Ադրբեջանին մատակարարի 1.6 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա:

Խոսքը Gabriel-5 հականավային հրթիռների, Heron TP և Searcher տիպերի անօդաչու թռչող սարքերի, Barak-8 հակաօդային պաշտպանության համակարգի, Green Pine ռադիոտեղորոշիչ համակարգի, ականազերծման POMİNS-2 համակարգի և այլնի մասին է: 

Տեսանյութեր

Լրահոս