«Ես չեմ ուզում իմ վճարած հարկերով պատերազմներ անեն»

Մեր հայրենակից լուսանկարիչ Հայկ Թութունջյանը 30-ից ավել տարիներ ապրելով Նյու Յորքում, 6 ամսով եկել է Հայաստան և այլևս չի վերադարձել այդ երկիր: Հայրենիքում հաստատվելու իր որոշումը բավականին հետաքրքիր բացատրություն ունի: «Այստեղ իմ անունից պատերազմներ չեն անում, այլ երկրներին չեն ռմբակոծում իմ վճարած հարկերով:

Գիտե՞ք՝ Ամերիկայում քանի տարի չեմ քնելգ Ես հարկեր եմ վճարել, որպեսզի ռմբակոծեն Իրաքը, Սիրիան, Եգիպտոսը: Չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ բնակչության վճարած հարկերով, քաղաքացիների անունից` ոչնչացնում են այլ երկրներին: Հայաստանում ես հանգիստ քնում եմ»,- ասում է Հ. Թութունջյանը՝ վստահեցնելով, որ ԱՄՆ-ի և եվրոպական շատ այլ երկրների դեմոկրատիայի մասին պատկերացումները միֆ են, որոնք ներդրվում են Հայաստանի նման երկրներում՝ բնակչության հոսքն այդ երկրներ ապահովելու համար:

Ի դեպ, նա վստահեցնում է, որ Հայաստանում խախտում կատարած վարորդներին որպես պոտենցիալ հանցագործի չեն վերաբերվում, մինչդեռ ԱՄՆ-ում վարորդին մոտեցող, ձեռքը զենքին պահած ոստիկանն իր վերաբերմունքով նսեմացնում է մարդուն: Հ. Թութունջյանը՝ ավարտելով Նյու Յորքի Գեղարվեստի ակադեմիայի լուսանկարչության բաժինը, ուսումնական էքսպերիմենտներից հետո համագործակցել է լուսանկարչական խոշոր ստուդիաների հետ և մասնակցել է մեծ թվով գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսների: Հիշեցնենք, որ նա նաև մասնակցում էր Ժամանակակից արվեստի թանգարանում վերջերս կազմակերպված «Արևելքից` Արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն» ցուցահանդեսին:

Hayk Tutunjyan (6)

Կարդացեք նաև

– Հայաստանում գեղարվեստական լուսանկարչությունն ակտուալ է այնքանով, որքանով տարվա մեջ կարելի է մի քանի ցուցահանդես տեսնել: Արվեստի այս տեսակը հասարակական ընկալման մեջ դեռևս շատ ասելիք ունի, քանի որ լուսանկարչությունն ավելի շատ ընկալվում է իբրև ֆոտոժուռնալիստիկա: Մինչդեռ, աշխարհում այսօր գեղարվեստական լուսանկարչության խոշոր կոլեկցիոներներ կան, փառատոներ են կազմակերպվում, արվեստի այդ տեսակը ներգրավում են մեդիա դաշտում, գովազդային ոլորտում՝ դիտողի աչքը որսալու համար: Նյու Յորքում գեղարվեստական լուսանկարչությունն ունի՞ իր դիտողը:

– Երկար տարիներ այնտեղ էլ այդպես էր, ընդ որում՝ բանավեճեր, քննարկումներ էին լինում՝ լուսանկարչությունն արվե՞ստ է, թե՞ արվեստ չէ, քանի որ շատերն այն համարում էին դոկումենտալ արտահայտչամիջոց: Սկսած 1980-ականներից, երբ ես դեռ ուսանող էի՝ սկսվեց գեղարվեստական լուսանկարչության շարժում: Արդեն կազմակերպվում էին ցուցահանդեսներ, որոնք ֆոտոժուռնալիստիկայի ֆորմատից դուրս էին՝ գեղարվեստական աշխատանքներ էին, իսկ 1990-ականներին այդ ամենը սկսեց վաճառքի հանվել: Ի հայտ եկան լուսանկարչության կոլեկցիոներներ, որոնք պատրաստ էին խոշոր գումարներով համալրել իրենք կոլեկցիան: Կան գործակալներ և կան գործակալների տեսակներ, որոնք ներկայացնում են լուսանկարչության այդ նեղ շուկան, կամ՝ անհատ կոլեկցիոներներին: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում երկար տարիներ լուսանկարչությունը չի համարվել արվեստ: Ես երբեք Հայաստանն աշխարհից չեմ տարանջատում, քանի որ ամեն ինչ նույնն է, պարզապես այստեղ ամեն ինչ մի քիչ հայավարի է:

Hayk Tutunjyan (4)

– Հարցրեք որևէ հայ նկարչի, և նա Ձեզ կպատասխանի, որ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների քաղաքացիներն արվեստի կրողներ են, նրանք ապրում են մշակույթով, իսկ հայ մարդն անտարբեր, անարվեստ, պասիվ և անգրագետ է: Արվեստի նկատմամբ ցուցաբերում է զրո հետաքրքրություն:

– Ո՞վ է ասում, պրոպագանդա է: Մտնենք Նյու Յորքի այն 6 հարկանի հսկայական շենքը, որտեղ ամբողջովին նկարիչների ստուդիաներ են տեղակայված, ու թող պատմեն իրենց կյանքի դժվարություններից, հացի փող հայթայթելուցգ Կհասկանաք, որ Հայաստանից ոչնչով չի տարբերվում: Նման խոսակցությունները սուտ քարոզչություն են: Մարդը տանջվում է, ու իրեն հույս է պետք, թե դրսում ամեն բան ավելի լավ է, սուտ էգ Փարիզն այլ երկրներից տարբերվում էր նրանով, որ Կառավարությունն արվեստագետներին պաշտպանում էր, բայց Սարկոզին դա էլ քանդեց: Ասածս այն է, որ անգամ արվեստի կենտրոն Փարիզում արվեստի նկատմամբ հետաքրքրությունն այն չէ, ուր մնաց` ԱՄՆ-ում: Եվրոպական երկրներում, ամեն տեղ պետությունը որոշակի քաղաքականություն է իրականացնում արվեստի քարոզչության համար, բայց թող արվեստագետը փորձի այդ երկրի Կառավարության կամ իշխանությունների դեմ մեսիջով մի պրոյեկտ անել՝ կտեսնեք, թե ինչ կանեն: Հայաստանն ավելի դեմոկրատ երկիր է, քան Եվրոպան:

Hayk Tutunjyan (5)

– Էդ մեկն արդեն ծիծաղելի էր: Ուզում եք ասել՝ եվրոպական երկրների, ԱՄՆ-ի դեմոկրատիան մեր կառուցած մի՞ֆն է:

– Իհարկե, իրենք սերմն այստեղ դնում են, մենք էլ աճեցնում ենք: Դա հայաստանցիների ֆանտազիան է: Մարդիկ հորինում են, թե դրսում դեմոկրատիա կա, հետո իրենց ֆանտազիան պատմում են ուրիշին ու դրսի դեմոկրատիային վերաբերվում են` որպես ռեալ երևույթ, որի մասին, սակայն, իրենք փաստ չունեն:

Hayk Tutunjyan (7)

ԱՄՆ-ը ու Սովետը նույն բանն են, պարզապես Սովետն ինչ կար, դա էր, չէր թաքցնում, չոր, ցամաք կայսրություն էր, ԱՄՆ-ը նույն Սովետն է, բայց փայլեցրած, սիրունացրած, որ աշխարհը հիանա ու ձգտի դեպի այդ երկիր: Սովետն ու ԱՄՆ-ը նույն սիստեմն են: ԱՄՆ-ի ազատության մասին պատկերացումը հեղհեղուկ է: Ազատությունը կար, որն ավարտվեց Սեպտեմբերի 11-ի ողբերգական դեպքերից հետո:

Ցանկացած պահի քեզ կարող է ոստիկանը կանգնեցնել, մեքենադ քրքրել, քեզ ստուգել, որն այսօր նորմալ է ընկալվում: ԱՄՆ-ում գտնվող մարդը ցանկացած նահանգում, ամեն պահի պետք է պատրաստ լինի բացել, ստուգվել, հանվել, հարցաքննվել, ճնշվել և այլն: Հայաստանցի այն մարդիկ, ովքեր տառապում, ձգտում են դեպի այդ երկիր, քարոզում են բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն, այդ երկրում չեն եղել, կամ եղել են, բայց այնտեղ տարիներ չեն ապրել՝ այդ սուտը գիտակցելու համար:

Hayk Tutunjyan (3)

– Բայց չե՞ք կարծում` այդ հրեշավոր ահաբեկչությունից հետո նույն ԱՄՆ-ի բնակիչների անվտանգության նկատառումներով է այդ ամենն արվում: Ահաբեկչությունից ապահովագրելն էլ ինչ-որ իմաստով մարդկանց ազատությունը երաշխավորելու միտում ունի:

– Ոչ, նորմալ չէ այդ ամենըգ Ի վերջո, ահաբեկչությունն ո՞վ է արել: Դուք իսկապե՞ս հավատում եք, որ Բեն Լադենն Աֆղանստանի քարանձավներում նստած` ԱՄՆ-ի տեխնիկան, իրենց հատուկ ծառայության պաշտպանությունը, օդային հսկողությունը չեզոքացրեց և այդ խոշոր պլանն իրականացրեց: Անգամ ԱՄՆ-ի այն արթուն քաղաքացիները, որոնք ուզում են իրականությունը տեսնել՝ հասկանում են, որ դա իշխանությունների կազմակերպած ահաբեկչությունն էր: ԱՄՆ այն քաղաքացին, ով CNN-ի տված լուրերով չի բավարարվում, քաջատեղյակ է՝ ինչ է կատարվել:

Շատերի կոկորդին Սեպտեմբերի 11-ը կանգնել է և կուլ չի գնում: Դա մեծ ռեսուրսներով, մեծ մարդկային ուժերով կատարված գաղտնի օպերացիա էր, որը չպետք է բացահայտվի: Այդ դեպքից հետո ԱՄՆ-ում բնակվող մարդկանց մի մասը շատ ծանր դեպրեսիա տարավ, մի մասը հեռացավ երկրից, իսկ մյուս՝ մնացող մասը, հավատաց CNN-ի մատուցած տեղեկատվությանը, որպեսզի շարունակի այնտեղ ապրել:

– Զարմանալի է, երբ բոլորն արտագաղթում են, իսկ Դուք այդքան տարի ապրելով ԱՄՆ-ում, նաև՝ Իտալիայում, Ձեր խաղաղությունը գտել եք Հայաստանում: Որպես լուսանկարիչ՝ կա՞ն ստեղծագործելու, ցուցահանդեսներով հանդես գալու համար նպաստավոր պայմաններ:

– Ես երբեք որևէ պետությունից սպասելիք չեմ ունեցել և ամբողջ կյանքում այդպես եմ ապրել: Եթե Հայաստանում Կառավարությունը, հարևանը, բարեկամն ինձ չխանգարեն՝ ինձ բավական է այս կյանքն իմ ձևով ապրելու համար: Մեր երկրում ես ինձ լավ եմ զգում: Հայաստանում և Նյու Յորքում կատարվող երևույթները նույնն են, հավատացնում եմ ձեզ, ոչ մի տարբերություն, պարզապես այդ երևույթների մասշտաբներն են տարբեր:

Փող գողացողները, կոռուպցիան նույնն են, զրոներն են տարբեր: Մյուս պետությունները փայլեցրած, պլպլան են մեր աչքին, բայց այդ ամենը ներսից ճանաչելու համար մի ամբողջ կյանք է պետք ապրել: Տեսե՛ք, այստեղից գնացողները հիմնականում բնակություն են հաստատում Լոս Անջելեսում, որտեղ ապրում են ճիշտ այնպես, ինչպես Չարբախում, 3-րդ մասում կամ Նորքի զանգվածներում՝ իրենց ավանդույթներով, հարսանիք-կնունքներով:

Hayk Tutunjyan (2)

Կառավարությունն իրենց թոշակ է տալիս, ամեն ինչ անում է` քիչ տալով՝ շատ պոկելու համար: Ու 400.000 բնակչության մեծամասնությունն այդպես ապրում է՝ «խաբար» չլինելով Ամերիկայից: Շատերն այնտեղ 20 տարի ապրելով` 2 անգլերեն բառ չգիտեն: Շատերն ուզում են վերադառնալ, բայց այնքան համարձակություն չունեն` ամեն ինչ թողնելու և նորից սկսելու համար: Վերադառնալու, ուրիշ իրականության մեջ ապրելու համար «դուխ» է պետք:

– Վերադառնանք գեղարվեստական լուսանկարչության ոլորտին: Հայաստանում կա՞ն մասնավոր կոլեկցիոներներ, որոնք Ձեզ հետ աշխատում են: Ի դեպ, Ձեր գործերը նաև ցուցադրվում են «www.hi-artonline.com» նախագծի վիրտուալ գալերեայում, համագործակցո՞ւմ եք այդ նախագծի հետ:

– Մասնավոր կոլեկցիոներների մասին տեղյակ չեմ: Այս կյանքում անհնար ոչինչ չկա, պարզապես լուրջ մոտեցում է պետք: Հայաստանում ինձ հանդիպած միակ ճիշտ աշխատող նախագիծը «www.hi-artonline.com»-ն է, որն ընդհանուր արվեստի հանդեպ է լուրջ մոտեցում ցուցաբերում: Կա կոնկրետ ծրագիր, մոտեցում՝ արվեստը բարձրացնելու, դուրս հանելու համար, որին հասնելու համար կոնկրետ քայլեր են կատարվում: Փորձելու են մասնակցել աշխարհում կազմակերպվող «art-expo»-ներին, որը ժամանակակից արվեստի վաճառքի համար շատ լավ գործիք է, դրանից բացի՝ աուկցիոններին մասնակցությունը շատ եմ կարևորում:

– Ի տարբերություն մյուս լուսանկարիչների՝ լուսանկարչական սարքով ման չեք գալիս, ինչո՞ւ, չէ՞ որ կադրերն անսպասելի են գտնվում:

– Ինձ համար լուսանկարչության նյութը լույսն է, որը կարող եմ գտնել քաղաքում, սարերում: Լուսանկարչության մեջ լույսն է նկարում, պարզապես դու կադրին հանդիպում ու ֆիքսում ես: Ինձ համար կոնցեպտն է կարևոր ու կոնցեպտի շուրջ ցանկացած պարագայում նյութ կանեմ: Չեմ սիրում լուսանկարչական սարքն ինձ հետ ման տալ, որովհետև, երբ ցանկանամ կադրեր որսալ՝ այն ինձ մոտ կլինի: Երբ տրամադրված եմ լինում նկարելու՝ սարքն ինձ հետ է լինում:

Տեսանյութեր

Լրահոս