Բաժիններ՝

Նիկարագուան Ռուսաստանին հրավիրել է մասնակցել միջօվկիանոսյան նոր ջրանցքի կառուցմանը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նիկարագուան շահագրգռվածություն է հայտնել, որ ռուսական կապիտալն ու ընկերությունները մասնակցեն Պանամայի ջրանցքին համարժեք ջրանցքի կառուցմանը: Այս մասին հայըտարարել է Նիկարագուայի ֆինանսների նախարար Իվան Ակոստան:

Վերջինս վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը հետաքրքրություն կցուցաբերի մասշտաբային այդ նախագծի իրագործմանը, որին մեծ կարևորություն են տալիս Նիկարագուայի իշխանությունները: Նա հավելել է, որ իրենք կարևորում են նաև ջրանցքի ստեղծման աշխատանքներին ռուսական կողմի մասնակցելը:

Նիկարագուայում միջօվկիանոսյան այդ ջրանքի նախագիծը պատրաստում է հոնգկոնգյան HK Nicaragua Canal Development Investment ընկերությունը: Մասնագետների գնահատմամբ տվյալ նախագծի իրագործումը կարժենա 40 միլիարդ դոլար և կպահանջվի մոտ 10 տարի:

Նիկարագուայի ջրանցքը միմյանց կկապի Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսի ջրերը: Երկրի նախագահ Դանիել Օրտեգան հայտարարել է, որ ջրանցքը կառուցվելու է Նիկարագուա լճի միջով: Նախագծի մասշտաբներն ապշեցուցիչ են: Ենթադրվում է, որ ջրանցքի կառուցման ժամանակ գետնից դուրս կբերվի 2.7 միլիարդ խորանարդ մետր հող:

Ակնկալվում է, որ ջրանցքի խորությունը կկազմի 22 մետր, լայնությունը՝ 20 մետր, իսկ երկարությունը՝ 286 կիլոմետր: Այդ երեք ցուցանիշով նա կգերազանցի Պանամայի ջրանցքին: Ջրանցքը 800 կիլոմետրով կկրճատի ԱՄՆ ատլանտյան նավահանգիստներից խաղաղօվկիանոսյան նավահանգիստներ տանող ճանապարհը:

Բացի այդ, Նիկարագուայի ջրանցքով կարող է անցնել մինչև 270.000 տոննա բեռնատարողությամբ նավեր, մինչդեռ անգամ ընդլայնվելուց հետո Պանամայի ջրանցքով կարող են անցնել միայն կրկնակի պակաս ջրատարողությամբ նավեր (ներկայումս դա կազմում է 70.000 տոննայից ոչ ավելի, իսկ 2015 թվականին՝ արդիականացման ավարտից հետո, 130.000 տոննայից ոչ ավելի): Նախագիծն իրենում ներառում է նաև երկաթուղու, երկու օդանավակայանի ու նավթամուղի կառուցում:

Նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումը պատրաստ կլինի մինչև 2014 թվականի մայիսը: Ջրանցքի կառուցումը կստեղծի մոտ 1 միլիոն աշխատատեղ՝ տեղաբնակների և սահմանակից երկրների բնակիչների համար: Ջրանցքի կառուցմամբ՝ երկրում կստեղծվի 40.000 մշտական աշխատատեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս