Փաստաբանները` միասնական քննչական մարմնի մասին

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել՝ Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին:

Ըստ պաշտոնական պարզաբանման` այն ստեղծվել է քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և ՀՀ պաշտպանության նախարարության, կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա միասնական քննչական մարմին կազմավորելու նպատակով: Միասնական քննչական մարմնի կարգավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն է:

«168 Ժամը» մի քանի իրավաբաններից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայաստանին անհրաժեշտ է նման մարմին, և որքանո՞վ այն կարող է արդյունավետ լինել:

Mushex ShushanyanՓաստաբան Մուշեղ Շուշանյանը մեզ հետ զրույցում ասաց. «Անկեղծ ասած՝ առաջին տպավորությունը, որ ինձ մոտ առաջացավ այդ լուրը կարդալուց հետո, այն էր, որ այդ մարմինը հատուկ ստեղծվում է արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի համար: Ես դժվարանում եմ դատողություններ անել` նման մեծ իրավասություններով միասնական քննչական մարմին ստեղծելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, որովհետև, եթե քննչական մարմիններն ու առհասարակ իրավապահ մարմինները գործեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ու օրենքների շրջանակներում, որևէ խնդիր չի կարող առաջանալ: Հիմա, անկեղծ ասած, դժվարանում եմ մեկնաբանել այս մարմնի ստեղծումը: Նորից եմ կրկնում՝ առաջնային տպավորությունն իմ մոտ այն է, որ դա ստեղծվում է հենց հատուկ Աղվան Հովսեփյանի՝ ինչ-ինչ ամբիցիաները բավարարելու համար»: Մուշեղ Շուշանյանն ասաց, որ նախկինում արդեն եղել են մի քանի դեպքեր, երբ մասնավորապես` Ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը միավորվել են, ապա անջատվել.

Կարդացեք նաև

«Նույնը կարելի է ասել Հարկային պետական տեսչության և Մաքսային պետական տեսչության մասին, ու դա արվել է հենց առանձին անձանց ինչ-որ գերլիազորություններով օժտելու նպատակով: Այդ իմաստով, բնականաբար, Հայաստանի Հանրապետությունում որևէ քայլ բանականությամբ բացատրելը հնարավոր չէ, ամեն ինչ արվում է ինչ-որ նեղ խմբակային խնդիրներ լուծելու, ամբիցիաներ բավարարելու համար: Ես այդ քայլը այդ ենթատեքստում եմ տեսնում»:

Hayk AlumyanՓաստաբան Հայկ Ալումյանն էլ ասում է, թե հնարավոր է՝ այդ մարմինն ունենալու գաղափարը լավն է. «Ես գիտեմ երկրներ, որտեղ գոյություն ունեն այդպիսի կառույցներ, ու դրանք բավական արդյունավետ են հենց այդ ձևով: Միայն թե ես շատ մտահոգված եմ, որ մեզ մոտ անընդհատ փոփոխություններ են գնում. չի կարելի: Այս կարգի խոշոր փոփոխությունները չեն կարող անընդհատ լինել:

Մեզ մոտ արդեն շուտով կլրանա 20-ամյակը, ինչ անընդհատ «բարեփոխվում ենք», անընդհատ որևէ երկրի որևէ կառույց հավանում ենք, գալիս ենք, այստեղ ներմուծում, հետո էլ այն չի կարողանում նորմալ աշխատել մյուս մարմինների հետ, հետո հավանում ենք մեկ ուրիշ մարմին, բերում, ներմուծում ենք այստեղ: Ա

յստեղ ստացվել է, տարբեր երկրների լավ օրենքների մի մեծ կույտ ասեմ, ծաղկաքաղ ասեմ, որոնք իրար հետ վերցված` պարզապես չեն աշխատում: Եվ նաև ասեմ, որ իրավական որոշակիությունը և կայուն օրենսդրությունն ու կայուն համակարգերն իրենք իրենցով, ինձ թվում է, շատ կարևոր բաներ են, և նույնիսկ ամենալավ նպատակներով այսքան մեծ ու հաճախակի փոփոխություններն իրենց նպատակին, վերջին հաշվով, չեն ծառայում: Ստեղծում են կատարյալ անորոշություն, երբ այսօր օրենքների այս փոփոխությունների հետևանքով նույնիսկ տվյալ ճյուղում խորացված իրավաբանները դժվարանում են այս կամ այն դրությունը լավ պատկերացնել, թե ինչպես կաշխատեն կամ ինչպես են աշխատում: Չէ՞ որ օրենքները շարքային մարդու համար են գրվում, ոչ իրավաբանների, մարդիկ այսօր անընդհատ փոփոխությունների պատճառով առհասարակ չեն պատկերացնում՝ ինչ կառույցներ գոյություն ունեն, ինչի համար են նախատեսված: Կարճ ասած՝ այս անընդհատ փոփոխությունների բացասական էֆեկտն այնքան մեծ է, որ արդեն սկսել է գերակշռել ցանկացած դրական փոփոխության բուն արդյունքին»:

Հայկ Ալումյանը համաձայն է կարծիքին, որ նախաքննական մարմինների՝ ՀՀ Սահմանադրության ու օրենքների շրջանակներում աշխատելու դեպքում խնդիր չի կարող առաջանալ:

«Ընդհանուր առմամբ այն, ինչ ես ասացի, դա էլ նույն բանին էր հանգում: Այսինքն՝ որպեսզի ինչ-որ գլոբալ փոփոխություն արվի, պետք է դրա շատ հրատապ, շատ սուր անհրաժեշտություն լինի, որովհետև փոփոխությունն ինքն իրենով մեծ սթրես է ամբողջ համակարգի համար: Տվյալ դեպքում, ես չեմ զգում այդ սուր անհրաժեշտությունը, բացի նրանից, որ ինչ-որ մարդու համար պետք է աշխատատեղ ստեղծվի: Ես կարծում եմ, որ այս գաղափարը գլխավորապես ծագել է ինչ-որ մարդու համար աշխատատեղ ստեղծելու համար, որովհետև մյուս առումներով ես բացատրություն չեմ տեսնում: Ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ այս ձևով: Կարող է այդ կառույցը փոքր-ինչ ավելի լավ աշխատի, քան հիմիկվա կառույցները: Չի բացառվում, բայց այն սթրեսը, այն բացասական էֆեկտները, որոնք կունենա փոփոխությունն ամբողջ համակարգի փոփոխության արդյունքում, համեմատելի չէ այն դրական արդյունքի հետ, որը կարելի է ակնկալել լավագույն պարագաներում»:

Ըստ նախագահի կարգադրության՝ միասնական քննչական ծառայությունը ստեղծվելու է Պաշտպանության նախարարության, Ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա: Հ. Ալումյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ձևավորվող քննչական մարմնի կազմում պետք է ընդգրկվեն նաև նախաքննություն իրականացնող Ազգային անվտանգության ծառայության քննչական մարմինն ու Հատուկ քննչական ծառայությունը: «Այսպիսի մի ասացվածք կա՝ եթե ա-ն ասել ես, բ-ն էլ պիտի ասես: Այդ դեպքում ճիշտ եք ասում՝ կորչում է այն երեք կառույցները մի կառույցի մեջ միավորելու և այն երկու կառույցները դուրս թողնելու տրամաբանությունը: Նույնիսկ այստեղից էլ արդեն զգում ենք, որ տրամաբանությունը ոչ թե որևէ ռեալ բան դեպի դրականը փոխելն է, այլ ինչ-որ մեկի՝ աշխատանքի տեղավորման հարցի լուծումը»,- ի պատասխան հարցին՝ ասաց փաստաբանը:

Pargev OhanyanՓաստաբանական գրասենյակի ղեկավար, նախկին դատավոր Պարգև Օհանյանը նույն հարցին անդրադառնալով` ասաց, որ, ըստ էության, դրա ստեղծման արդյունքում ոչինչ չի փոխվի. «Ինքը անելու է նույն գործը նույն օրենքներով, թեև փոփոխություններ սպասվում են. իհարկե, քրեական դատավարության օրենսգրքի հայեցակարգ կա և այլն, բայց, ինչպես ես հասկանում եմ, չի փոխվելու ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ «Դատախազության մասին» օրենքը, որոնց համաձայն՝ նրանք հետաքննության և նախաքննության նկատմամբ հսկողություն են իրականացնում: Մասնավորապես, հենց դա էլ այդ ընդհանուր համատեքստի մեջ համարում եմ ոչ ճիշտ: Հարցն այսպես դրվում է, որ անկախ կլինի միասնական քննչական մարմինը: Ումի՞ց անկախ կլինի»: Պ. Օհանյանի խոսքով՝ եթե, օրինակ, Պետեկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմնի նստավայրը պետք է փոխվի, ապա ենթադրվում է, որ ՊԵԿ-ից կախվածությունը, թեկուզ փաստացի, կնվազի կամ գուցե կվերանա: «Բայց դա մեծ բան չի փոխի: Վերջին հաշվով` այդ մարմինը հսկվելու է Դատախազության կողմից, և Դատախազության հետ միասին` պիտի արդարադատություն իրականացնեն, ինչպես անում են հիմա, որը իրավունք չունեն, որովհետև Սահմանադրությամբ արդարադատություն իրականացնող մարմին միայն դատարաններն են: Իսկ դա ինչո՞ւ է այդպես. որովհետև, ինչպես ես բազմիցս ասել եմ, նախաքննությունն` ինքն, ավելորդ փուլ է, ուղղակի արհեստական ստեղծված, նախկինում գործող Ոստիկանությունից արհեստական դուրս եկած. խորհրդային տարիներին և՛ Քննչականի պետը, և՛ Ոստիկանության մյուս ստորաբաժանումների պետը մեկ Ոստիկանության պետի էր ենթարկվում»,- ասաց Պ. Օհանյանը:

Նա նշեց, որ այն գործողությունները, որոնք կատարում են հետաքննության մարմինները, բավական են գործի համակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար: Հետևաբար, նախաքննության մարմինը կարող է նաև չլինել: Նախաքննական մարմինը, ի տարբերություն հետաքննության մարմնի, անձանց հարցաքննելու իրավունք ունի. «Մի բան, որ չպիտի անի, չպիտի ունենա այդ իրավունքը, ու ինքը հետևապես` առհասարակ գոյություն չպիտի ունենա, որովհետև այլ անելիք ինքը չունի: Հետաքննությունն ամեն ինչ անում է կամ պիտի անի, փաստացի անում է, բա ո՞վ է անում, հանցագործություններն ո՞վ է բացահայտում: Կարո՞ղ է՝ քննիչը: Քննիչը համարյա «քաղաքացիական անձ է» փաստացի: Գնում է աշխատանքի, գալիս է, թուղթ է սարքում, հետաքննության հայտնաբերած ապացույցները քննում է, փորձաքննություններ է նշանակում, եզրակացություններ է ստանում, լրացուցիչ տեղազննություն է անում, կպցնում է իրար, մեղադրականը գրում, ուղարկում»:

Պ. Օհանյանի համոզմամբ՝ բոլոր տեսակի հարցաքննությունները, բացի կասկածյալի հարցաքննությունից, պետք է հրապարակային կարգով արվեն դատարանում. «Անգամ առերեսումները պետք է անել այնտեղ: Բոլոր գործողությունները պետք է արվեն հրապարակային: Այդպես է ամրագրել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և դրա սկզբունքները որդեգրած մեր Սահմանադրությունը: Մեղադրական եզրակացությունը պիտի կազմի հենց հետաքննության մարմինը կամ դատախազը, այսինքն՝ նա կազմի, դատախազը հաստատի, կամ դատախազը ինքն էլ թող կազմի: Վերջին հաշվով, դատախազը պիտի մեղադրանքը դատարանում պաշտպանի»:

Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ հետաքննությունն ավարտվում է քրեական գործ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում: Պ. Օհանյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այդքան ժամանակը բավարար կլինի՞ գործի քննության համար: «10 օր, և վերջ: Չի կարելի, հակառակ դեպքում, այնպես, ինչպես հիմա փաստացի ունենք, նախաքննական մարմինը վերածվում է արդարադատություն իրականացնող մարմնի. ինքն ամիսներով գործ է քննում, անձանց զրկում է ազատությունից, ճիշտ է, դատարանի ձեռքով, բայց գիտեք ցավալի իրականությունը, որ նրանք կատարում են Դատախազության քմահաճույքները: Եվ այդպիսով, քննում են, քննում են, քննում են, ու մենք ունեն շատ լավ վառ ապացույցներ, ինչպես Գորիսի դեպքը, և ես բազմաթիվ գործեր կարող եմ նշել, որ քննում են, քննում, վերջում որոշում են կարճել՝ գտնելով, որ ապացույցները բավարար չեն: Չեն ուղարկում դատարան»,- ասաց Պարգև Օհանյանը: Նա նշեց, որ բոլոր այն ապացույցները, որոնք հնարավոր չի լինի ձեռք բերել 10 օրերի ընթացքում, ձեռք կբերվեն դատաքննությամբ։ «Քննությունը պիտի կատարվի դատարանում, հրապարակային՝ բոլորի ներկայությամբ, այդ թվում և` ազատ ունկնդիրների, որոնք ազատ հսկողի գործառույթ կիրականացնեն, ինչն ամենաբարձր տեղում է գտնվում` զարգացած երկրներում մարդու իրավունքների տեսանկյունից»,- ասաց Պ. Օհանյանը:

Tigran Ter-EsayanՓաստաբան Տիգրան Տեր-Եսայանը նախ` նշեց, որ ըստ էության, այդ բոլոր մարմիններն էլ քննչական գործողություններ իրականացնելու իրավունք ունեն, և պետք է մեկնաբանել` պետությանն այդ քայլն ի՞նչ է տալու. «Հիմա մի կուռ համակարգ ստեղծելու նպատակը ո՞րն է: Ինչ-որ մի բան պետք է բացատրվի՝ ո՞րն է դրա նպատակը: Քննչական մարմին` ի՞նչ է նշանակում: Պետությանը դա ի՞նչ օգուտ է տալու: Եթե վերահսկման խնդիր է, այսինքն` եթե չեն վստահում մյուս կառույցների քննչական մարմինների գործողություններին, վերահսկման խնդիրն է, պետք է ինչ-որ ավելի նեղ շրջանակ դարձնել, որպեսզի հնարավոր լինի, անվստահության խնդիր կա, միգուցե ինչ-որգ Մեկնաբանման խնդիր է, թե նպատակը ո՞րն է, թե չէ` կարելի է բոլոր կառույցները միացնել: Ինչպես, օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը նախարարություն էլ չեն կոչվում: Այնտեղ ոստիկանապետ է կամ Ազգային անվտանգության պետ: Նշանակման խնդիր է: Որպեսզի շատ հեռու չգնանք. նպատակը ո՞րն է, իմաստը ո՞րն է: Հասկանո՞ւմ եք` Հայաստանի Հանրապետությունը չունի Ոստիկանության նախարար, ունի Ոստիկանության պետ: Եթե նախարար ունենար, նախարարի նշանակման հետ կապված ահագին բարդ պրոցեդուրա է: Չկան նախարարներ. կա ոստիկանապետ, և կա Ազգային անվտանգության ծառայության պետ: Հիմա, եթե քննչական ենք ուզում ինչ-որ մարմին ստեղծել, նպատակը պիտի բացատրվի, հանրությունը թող իմանա` նպատակը որն է»,- ասաց Տ. Տեր-Եսայանը:

tigran-atanesyanԻսկ փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ միասնական քննչական մարմին ունենալու գաղափարը շատ լավն է. դրա կարիքն, ըստ նրա, զգացվում էր դեռևս խորհրդային տարիներից. «Ինչո՞ւ դա չէր ստեղծվում: Որովհետև տարբեր գերատեսչությունների ղեկավարներ երբեք չէին ուզում թողնել իրենց ազդեցության ոլորտից քննչական մարմիններին, որոնք բավականին լայն լիազորություններ ունեն` գոնե` ըստ օրենքի: Նման մարմնի ստեղծումը շատ դրական գաղափար է, այսինքն` նոր գաղափար չէ, դա վաղուց եղած գաղափար է, և ճիշտ կլինի: Ես պարզապես մտածում եմ, որ ԱԱԾ Քննչական վարչությունը պետք է այդտեղ միավորվեր»: Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության՝ Միասնական քննչական մարմնի կառուցվածքում չընդգրկելու հարցին՝ Տ. Աթանեսյանն ասաց, որ ելնելով այդ ծառայության հատուկ ուղղվածությունից և նպատակներից` այն պետք է մնա՝ ինչպես որ կա: Հարցին՝ արդյո՞ք որոշ փաստաբանների դժգոհությունները կապված նախաքննական մարմինների ոչ լրիվ աշխատանքի և երբեմն թույլ տված ապօրինությունների հետ, կպակասեն, Տ. Աթանեսյանը պատասխանեց. «Ապօրինությունները կարելի է գործել և՛ Միասնական քննչական մարմնի կազմում, և ներկայումս ինչը որ անում են: Ապօրինությունների պատճառն այդքան դա չէ, որ քննչական մարմինները տարբեր տեղում են գտնվում: Դա ընդհանուր իրավիճակից է բխում` մարդկանցից, ովքեր որ դա ղեկավարում են, այլ նպատակներից. տարբեր պատճառներով է: Այսինքն` այդտեղ ձևական կողմն էական չէ: Խախտումներ և՛ այս մարմիններում կան, և՛ հետագայում կլինեն միասնականում: Այդ խնդիրն այլ կերպ պետք է լուծվի»:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս