Թուրքիայի կողմից չինական HQ-9 հրթիռային համակարգի ընտրությունից հետո ծագած ճգնաժամը նոր թափ է հավաքում

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ հեռահար զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) շուրջ անցկացված մրցույթում չինական կազմակերպության հաղթելուց հետո ծագած ճգնաժամը նոր թափ է հավաքում:

Դրան նպաստում է նաև այն, որ ԱՄՆ-ը 2006 թվականից ի վեր պատժամիջոցներ է սահմանել թուրքական մրցույթը հաղթած չինական CPMIEC ընկերության նկատմամբ՝ կապված վերջինիս կողմից Իրանին հրթիռային տեխնոլոգիա վաճառելու հետ:

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկիարդոնեն հույս է հայտնել, որ Թուրքիան կընտրի ՆԱՏՕ-ի հետ համատեղելի հակահրթիռային պաշտպանության համակարգ: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները նույնպես իրենց դժգոհությունն են հայտնել թուրքական կողմի կատարած ընտրության կապակցությամբ:

Նրանք տեխնիկական տեսանկյունից անհնար են համարել չինական HQ-9 ԶՀՀ-ների ինտեգրումը միացյալ օդային պաշտպանության համակարգին և թուրք-չինական միացյալ արտադրությունը ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համատեղելի դարձնելը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի լուրջ մտահոգության մասին թուրքական կողմին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Պսակին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ անցկացված մրցույթի արդյունքները վերջնական չեն:

Տեսանյութեր

Լրահոս