
Զենիթա-հրթիռային համակարգերի ստեղծման հարցում Թուրքիայի կողմից Չինաստանի ընտրությունը վերջնական չէ. Գյուլ

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ մեծ հեռահարությամբ զենիթա-հրթիռային համակարգերի ստեղծման հարցում Թուրքիայի կողմից Չինաստանի ընտրությունը դեռ վերջնական չէ.
«Գոյություն ունի մրցույթի մասնակիցների ցուցակ, և Չինաստանը դրանում զբաղեցնում է առաջին տեղը: Մենք պետք է հետազոտենք պայմանները, սակայն կասկած չկա, որ Թուրքիան առաջին հերթին հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ:
Դա բազմակողմ խնդիր է, գոյություն ունեն տեխնիկական ու տնտեսական ասպեկտներ, իսկ մյուս կողմից էլ՝ դաշնակցային հարաբերություններ: Դրանց բոլորին գնահատական է տրվում: Թուրքիան կարիք ունի պաշտպանական համակարգի»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, թե մեծ հեռահարությամբ զենիթա-հրթիռային համակարգերի շուրջ Թուրքիայի հայտարարած մրցույթի արդյունքներով հաղթել է չինական China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերությունը իր HQ-9 համալիրով: Դա հարուցել էր ԱՄՆ-ի մեծ դժգոհությունը նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել այդ ընկերության նկատմամբ: