Մեծ Բրիտանիան և Իրանը սկսել են բանակցել երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան ու Իրանը բանակցություններ են սկսել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս մասին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը.

«Մենք բանակցություններ ենք սկսել մեր երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Տեղի ունեցած հանդիպումը կառուցողական առաջին քայլն է: Երկկողմ հարաբերությունների կարգավորման և Իրանի միջուկային ծրագրի հարցում առաջընթաց գրանցելու համար Թեհրանից պահանջվում են կոնկրետ գործողություններ:

Մենք ողջունում ենք միջազգային հանրության հետ երկխոսությանը Իրանի պատրաստ լինելու վերաբերյալ Ջավադ Զարիֆի և ոչ վաղ անցյալում Իրանի նախագահ ընտրված Հասան Ռոուհանիի հայտարարությունները: Եթե Ռոուհանիի ու Զարիֆի հայտարարություններն իսկապես նշանակում են ինչ-որ բան, ապա առկա է հարաբերությունները բարելավելու և մի մաբողջ շարք հարցերի շուրջ համատեղ աշխատելու հնարավորություն:

Սակայն ինչպես ես ասացի, կարևոր է, որ այդ հայտարարություններն ուղեկցվեն կոնկրետ գործողություններով: Դա վերաբերում է ինչպես Լոնդոնի ու Թեհրանի երկկողմ հարաբերություններին, այնպես էլ «Վեցյակի» ձևաչափով Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններին: Կոնկրետ գործողություններից մեկն Իրանում քաղբանտարկյալների ազատ արձակումն է: Մենք նրանց կոչ ենք անում առաջ շարժվել այդ ուղղությամբ»:

Ներկայումս Իրանի ու Մեծ Բրիտանիայի միջև փաստացիորեն գոյություն չունեն դիվանագիտական շփումներ: Լոնդոնը փակել է Թեհրանում իր դեսպանատունը և դեսպանատան բոլոր աշխատակիցներին Իրանից հետ է կանչել դեռևս 2011 թվականի նոյեմբերին:

Լոնդոնն այդ քայլին գնացել է այն բանից հետո, ինչ իրանցի ուսանողները հարձակվել էին Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա՝ կապված Լոնդոնի կողմից Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելու հետ:

Տեսանյութեր

Լրահոս