Բաժիններ՝

Մաքսային միության հիմնական «օգուտը»

Վերջին օրերին ամենից շատ և ամենից բուռն քննարկվող թեման Հայաստանի անդամակցությունն է Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միությանը։ Կամ ավելի ճիշտ կլինի ասել` նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի այդ ցանկության մասին հայտարարությունը։
Որքան էլ զարմանալի հնչի, Մաքսային միությանը դեմ կամ կողմ արտահայտվողներից շատերը ամբողջությամբ չգիտեն՝ ի՞նչ է Մաքսային միություն կոչվածը։ Մինչև առաջ անցնելը նշենք, որ ընդհանուր սահմանմամբ, դա համաձայնություն է երկու կամ ավելի երկրների միջև՝ տարիֆային ընդհանուր համակարգի ներդման և առևտրային սահմանափակումները վերացնելու վերաբերյալ։ Մաքսային միության անդամ երկրների ներսում վերացվում է մաքսային վերահսկողությունը և կիրառվում են զրոյական մաքսատուրքեր։ Հնարավոր է նաև սահմանափակումների վերացում՝ կապված աշխատուժի կամ կապիտալի տեղաշարժի հետ։
Կոնկրետ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան միությունը դե-յուրե հիմնադրվել է 2009 թվականին, երբ ստորագրվեցին համապատասխան պայմանագրերը։ Ընդ որում, մաքսային միություն ստեղծելու պայմանավորվածություն ձեռք է բերվել դեռ 1995 թվականին։ Մաքսային միություն որպես այդպիսին չստեղծվեց, սակայն դրա փոխարեն ստեղծվեց ԵվրԱզԷՍ-ը (Евразийское экономическое сообщество – Եվրասիական տնտեսական միություն)։ Նշենք, որ Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում ունի դիտորդի կարգավիճակ։
2007-ին համաձայնագիր ստորագրվեց ԵվրԱզԷՍ-ի հիմքի վրա մաքսային միություն ստեղծելու մասին։ Սպասվում էր, որ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան մաքսային միությունը կսկսի գործել արդեն 2010 թվականից, սակայն տարաձայնություններ առաջացան Բելառուսի հետ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անգամ հայտարարեց, որ միությունը կկայանա առանց Բելառուսի։ Ինչևէ, այդ տարաձայնությունները հարթվեցին, և 2011 թվականի հուլիսին Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան միության շրջանակներում վերացվեց մաքսային վերահսկողութունը՝ տեղափոխվելով արտաքին սահմանների վրա։
Հիմա գանք Հայաստանի հարաբերություններին երկու մաքսային միությունների հետ։ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը Հայաստանին ԵՄ անդամ չէր դարձնի, սակայն կմոտեցներ Մաքսային միության անդամի կարգավիճակին՝ զգալիորեն կրճատելով առևտրային սահմանափակումները։
Հնարավոգր է արդյոք ստորագրել և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, և միաժամանակ լինել նաև Մաքսային միության լիիրավ անդամ։ Ըստ եվրոպացիների՝ ոչ։ Ըստ ռուսաստանյան իշխանական որոշ շրջանակների՝ ոչ։ Ըստ Հայաստանի պաշտոնյաների՝ այո։ Փորձենք հասկանալ այս ամենի հիմնավորվածությունը՝ վերանալով զգացմունքայնությունից։
Նախ, Հայաստանի դեպքում լրացուցիչ խոչընդոտ է հանդիսանում ընդհանուր սահմանների բացակայությունը։ Սակայն ռուսաստանյան կողմին կարծես հաջողվեց համոզել մեր իշխանություններին, որ դա լուրջ խոչընդոտ չէ։ Բայց կան կարգավորման դաշտի տարբերություններ, այլ կերպ ասած՝ կան խաղի կանոններ երկու ճամբարներում, որոնք միմյանցից տարբերվում են։ Չես կարող միաժամանակ խաղալ երկու կանոնակարգերին համաձայն։ Չի կարելի նարդի խաղալ՝ շախմատի կանոններով և հակառակը։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Տեխնիկական խնդիրներից բացի կա նաև շահերի խնդիր։ Օրինակ՝ ինչո՞ւ է Ռուսաստանը դեմ, որպեսզի Ուկրաինան անդամակցի և Մաքսային միությանը, և ստորագրի Ասոցացման համաձայնագիրն ու ինտեգրվի եվրոպական շուկային։ Ինչպես բազմիցս հայտարարել են ՌԴ իշխանությունները, մտավախություն կա, որ միաժամանակ լինելով երկու միություններում՝ Ուկրաինան կարող է առանց մաքսատուրքի եվրոպական երկրներից ապրանքներ ներմուծել, այնուհետև դրանք էժան գներով վաճառել Մաքսային միության անդամ երկրներումգ ի վնաս այդ երկրների տեղական արտադրողների։ Մի կողմ թողնենք, որ իրականում այդտեղ որևէ վատ բան չկա, և նույն կերպ Ուկրաինան կարող էր կամուրջ հանդիսանալ՝ Մաքսային միության արտահանողների համար՝ ապրանքներն ավելի հեշտ ճանապարհով եվրոպական շուկա մտցնելու հարցումգ Նույն փաստարկը կարող է աշխատել նաև Հայաստանի դեպքում։ Եթե Ուկրաինան կարող էր վերավաճառել եվրոպական արտադրանքը, նույնը կարող է անել նաև Հայաստանը։ Ի՞նչ տարբերություն։ Այս ամենը հերթական անգամ ապացուցում է, որ ռուսներն իրենք էլ դեմ են «և-և» տարբերակին։ Շեշտենք, որ խոսքը իրական և-և-ի մասին է, երբ Հայաստանը և՛ անդամակցի Մաքսային միությանը, և՛ ստորագրի ազատ առևտրի համաձայնագիրը Եվրամիության հետ։ Դա իհարկե, արդեն չափազանց տեսական հնարավորություն է:
Ի դեպ, Ուկրաինայի դեպքում հնչող փաստարկը բավական ուշագրավ է նաև Հայաստանի համար։ Բանն այն է, որ չինական ապրանքները մաքսանենգ ճանապարհով լցվում են ղազախական շուկա, այնտեղից էլ՝ ռուսական շուկա։ Դա նշանակում է, որ Մաքսային միությանը միանալու պարագայում չինական ապրանքները Ռուսաստանից կլցվեն նաև հայաստանյան շուկա՝ վնասելով տեղի արտադրողներին (ըստ ռուսական տրամաբանության)։ Այդ մասին, սակայն, չի խոսվում։
Կա ևս մի կարևոր հանգամանք, որի մասին բոլորը կարծես մոռացել են։ Բանն այն է, որ Մաքսային միությանն անդամակցության անհնարինությունը ընդհանուր սահմանների բացակայությամբ հիմնավորող վարչապետ Տիգրան Սարգսյանը այս տարվա սկզբին խոսում էր մեկ այլ գործոնի մասին։ «Հայաստանի առանձնահատկությունը նաև այն է, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը շատ է տարբերվում Մաքսային միության երկրների տնտեսությունների կառուցվածքից, որտեղ էներգետիկ ռեսուրսների զգալի պաշարներ կան, և որտեղ հայրենական արտադրությունը պաշտպանվում է բարձր մաքսավճարների օգնությամբ: Ընդհանուր առմամբ, Մաքսային միությունում մաքսերի մակարդակը երկու անգամ բարձր է Հայաստանում գանձվողից»,- ասել էր նա։
Սա նշանակում է, որ երրորդ երկրներից (առաջին հերթին՝ եվրոպական) ներմուծվող ապրանքների համար գանձվելու է առավել բարձր մաքսատուրք։ Այսինքն՝ շատ ապրանքատեսակներ Հայաստանում կթանկանան երկնիշ թվերով։ Այդ թվում՝ նաև առաջին անհրաժեշտության ապրանքները։
Իհարկե, Մաքսային միության ջատագովները այլ հաշվարկներ ունեն։ Նրանք նշում են, որ առևտրի սահմանափակումները կխթանեն երկկողմ առևտուրն ու տնտեսության աճը։ Օրինակ նշվում է, որ մինչև 2015 թվականի Ռուսաստանի տնտեսությունը Մաքսային միությունց կշահի մոտ 400 միլիարդ դոլար, Բելառուսն ու Ղազախստանը՝ 16-ական միլիարդ դոլար։
Սակայն անկախ փորձագետներից շատերն այն կարծիքին են, որ գլխավոր շահողը Ռուսաստանն է և ռուսական ընկերությունները, որոնք իրենց մասշտաբների շնորհիվ գրավելու են միության մյուս երկրների շուկաները։
Նրանք հիշեցնում են, որ, օրինակ, օգոստոսի 30-ին Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել Բելառուսից խոզի մսի ներկրման նկատմամբ։ Այժմ օրակարգում է նաև կաթնամթերքի սահմանափակման հարցը։ Բելառուս տնտեսագետ Լեոնիդ Զայկոն ասել է. «Մենք ստեղծել ենք փոխադարձ առևտրաշրջանառության շատ վատ պայմաններ։ Մաքսային միության ստեղծումը մեծ բացթողում էր։ Բելառուսի արտահանումն ընկել է 25%-ով»։ Դժգոհություններ կան նաև Ղազախստանում։ Այսինքն՝ անգամ Մաքսային միության անդամ լինելը չի երաշխավորում, որ երկիրը զերծ է մնալու որոշակի սահմանափակումներից և ճնշումներից միության ներսում։ Այդ իսկ պատճառով անգամ ԵվրԱզԷՍ-ի անդամ երկրները առայժմ չեն շտապում միանալ Մաքսային միությանը։
Ղրղզստանն, օրինակ, դեռ 2011 թվականի ապրիլից ցանկություն է հայտնել միանալ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային միությանը, սակայն դեռևս աշխատում են փաստաթղթերի, օրենսդրության մշակման և տնտեսական հետևանքների ուսումնասիրության աշխատանքներըգ Այս երկիրը լավագույն դեպքում Մաքսային միության անդամ կդառնա այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։
Տաջիկստանը ավելի շուտ էր հայտարարել Մաքսային միությանը միանալու ցանկության մասին։ 2010 թվականի հուլիսին այդ երկրի նախագահ Էմոմալի Ռախմոնը հայտարարեց, որ իրենք լրջորեն զբաղվում են Մաքսային միությանը միանալու աշխատանքներով։ Սակայն երկու տարի անց՝ 2012 թվականի հուլիսին, Տաջիկստանի արտգործնախարար Զարիֆին հայտարարեց. «Մենք դեռ ուսումնասիրում ենք, թե այդ անդամակացությունը որքանով մեզ ձեռնտու կլինի… Եթե Ղրղզստանը միացավ, մենք ավելի վստահ կլինենք միություն մտնելու հիմնավորվածության հարցում»։
Իսկ Ուզբեկստանը ոչ միայն չի միացել Մաքսային միությանը, այլև դադարեցրել է իր անդամությունը ԵվրԱզԷՍ-ին: 2011 թվականի դեկտեմբերին Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հայտարարեց, որ հետխորհրդային տարածքում ակտիվանում են որոշակի ուժեր, որոնք փորձում են տարբեր մեթոդներով կարոտախտ առաջացնել սովետական անցյալի նկատմամբ՝ մոռանալով դրա տոտալիտար բնույթը:
Այս ամենին ավելացնենք, որ Ռուսաստանի տնտեսությունն ինքը լավագույն վիճակում չի գտնվում, տնտեսական աճը 1-1.5 տոկոս է, գնաճը բավականին բարձր է, կրճատվում են աշխատատեղերը: Ռուսաստանի տնտեսությունը հիմնված է վառելիքային հումքի արդյունահանման վրա, որը չի կարող նպաստել տնտեսական լուրջ առաջընթացինգ Տնտեսությունն օլիգարխիկ է, կոռումպացվածգ Այլ կերպ ասած՝ մտնելով այդ դաշտ՝ կարելի է այլևս հույս չտածել, որ մոտ ապագայում կունենանք նորմալ տնտեսություն՝ բոլոր առումներով:
Կարճ ասած՝ եթե համեմատում ենք Մաքսային միությանն անդամակցությունից զուտ տնտեսական օգուտն ու վնասը, ապա այս պահին վնասն ավելի տեսանելի է: Առավել ևս, որ անդամակցությունից ակնկալվող օգուտը կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը կդառնա լիարժեք անդամ: Իսկ դրա համար բավական երկար նախապատրաստական աշխատանք է պետք, որը կարող է ձգվել 1-2 տարի:
Ավելացնենք, որ բացի վերը նշված օգուտներից և վնասներից` անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն պոտենցիալ կորուստները, որոնք Հայաստանը կարող էր ունենալ Մաքսային միությունից հրաժարվելու և Ռուսաստանի կամքին դեմ գնալու պարագայում: Օրինակ՝ գազի գնի հնարավոր թանկացումը, աշխատանքային միգրանտների վտարումը և այլն: Տնտեսական այս պոտենցիալ վնասներին էլ պետք է ավելացնել նաև ռազմաքաղաքական գործոնը՝ նկատի ունենալով առաջին հերթին Լեռնային Ղարաբաղը: Այսինքն` Մաքսային միությանը միանալու ցանկություն հայտնելով՝ Հայաստանն առայժմ իրեն ապահովագրում է հնարավոր վնասներից:
Այլ կերպ ասած` Մաքսային միության տված ամենակարևոր օգուտը մեր երկրին լինելու է այն, որ Մաքսային միությունը և մասնավորապես դրա հիմնական խաղացողը՝ Ռուսաստանը, գոնե չեն փորձի վնաս պատճառել Հայաստանին:

Բաբկեն Թունյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս